Պատգամավորն ահազանգում է Սիսիանի միլպետի մասնակցությամբ քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին
Քիչ առաջ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հատուկ նոր ոստիկանապետի համար։
Սիսիանում ոստիկանությունը (մասնակից է նաև միլպետի ժամանակավոր պաշտոնակատարը) բռնություն է կիրառել քաղաքացիների նկատմամբ։ 3 քաղաքացու են ծեծել, նրանցից մեկը Սիսիանի ավագանու անդամ, մյուսը 1952 թ. ծնված քաղաքացի է։ Ծեծվածներից երկուսը հոսպիտալացվել են։ Ըստ տեղեկությունների նրանցից մեկի ծնոտը ջարդել են։
Այս օրերին տարբեր զանգեր եմ ստացել, որ նա օգտվել է հայտարարված արտակարգ դրությունից։
Սիսիանում մարդիկ ժամեր շարունակ դուրս են եկել փողոց։
Զբաղվեք այս խնդրով։
Սիրելի քաղաքացիներ, ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնի ձեզ վրա։
Ափսոս՝ Սիսիանում չեմ…
Հիմա նաև պաշտոնական գրություն կուղարկեմ»։
168.am-ի հարցին ի պատասխան` Ոստիկանությունից պատասխանեցին, որ Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն։
Արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։