Բաժիններ՝

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ». վարչապետի խորհրդականը` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցի մասին

Այսօր 168.am-ը տեղեկություն ստացավ, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը, այսպես ասած` լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են թույլ չտալ թռչել:

Մեր աղբյուրը նշեց, որ խոսքն իրականում ոչ թե լիցենզիայից զրկելու մասին է, այլ փետրվար ամսվա ստուգման արդյունքներն են ստացվել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից: Տեղեկություններ կան, որ բավականին վատ գնահատական է ՔԱԿ-ը ստացել, և օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա մեր կողմից տրված լիցենզիաները չեն ընդունի և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել:

Տեղեկացանք նաև, որ 2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք այդ զեկույցի արդյունքներով, որն, ինչպես տեղեկացանք, Կառավարությունն արդեն ստացել է, մեր օդաչուները խնդիրներ ունենալ, մեր աղբյուրը պատասխանեց, որ նախկինում մեր վկայականները շատ լավ համբավ են ունեցել, անգամ Ռուսաստանի օդաչուները ցանկացել են մեր մոտից ստանալ վկայականներ, որպեսզի Չինաստան, Հնդկաստան աշխատելու գնան, սակայն հիմա, փաստորեն, կարող է լուրջ խնդիր առաջանալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Քաղաքացիական ավիացիայից: ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց մեզ հեռախոսահամար կփոխանցի, ապա քիչ անց տեղեկացրեց, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ տվեց հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Ճիշտ է, հանուն արդարության, պետք է նշել, որ հետո Հայսեր Գասպարյանը մեզ խնդրեց հարցերը գրավոր ուղարկել, և իրենք անպայման կպատասխանեն:

168.am-ը զրուցեց նաև վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ` խնդրելով ինֆորմացիա տրամադրել մեր ունեցած տեղեկատվության վերաբերյալ, հաստատել կամ հերքել՝ կա՞ նման բան, և ի՞նչ զեկույց է ստացել Կառավարությունը:

Հակոբ Ճաղարյանը ենթադրեց, որ մեր ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՔԱԿ-ն է, որովհետև առայժմ կառավարության պատերից նման ինֆորմացիա դուրս չի եկել:

«Ճիշտ կլինի, որ դիմեք ՔԱԿ: Եթե նրանք ունեն այդպիսի տեղեկություն, դա այն տեղեկությունն է, որը հանրությունն իրավունք ունի իմանալ»,- ասաց վարչապետի խորհրդականը` հավելելով, որ ինքը ոչ հաստատում և ոչ էլ ժխտում է մեր ունեցած ինֆորմացիան, որովհետև ինքը հիմա ծանոթանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցին:

Հակոբ Ճաղարյանի խոսքով` դա Եվրամիության, Եվրահանձնաժողովի մի մասն է: Զեկույցը մեծ է, 57 էջանոց, անգլերեն լեզվով:

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ: Ես առայժմ ծանոթանում եմ: Իրականում ես, թեպետ անգլերեն վատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն սխալ հասկանալու իրավունք չունեմ, որովհետև ես սրա հիման վրա պատրաստվում եմ զեկույց ներկայացնել վարչապետին»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Ըստ նրա` քանի դեռ ինքը չի նախապատրաստել այդ զեկույցը, քանի դեռ չի մշակել դա, քանի դեռ վարչապետին չի զեկուցել, ոչինչ չի կարող ասել դրա բովանդակության մասին:

Հակոբ Ճաղարյանն ընդգծեց, որ ինքն աշխատում է միայն վարչապետի աշխատակազմում, կզեկուցի վերջինիս, և դրանից հետո միայն՝ կասի այն, ինչի թույլտվությունը կունենա:

Մեր հարցին, եթե զուտ տեսականորեն զեկույցը վատ գնահատականներ պարունակի ՔԱԿ գործունեության վերաբերյալ, դա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել մեր քաղավիացիայի համար, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ է գրված զեկույցում:

«Հազար ու մի բան կարող է լինել: Ես, իհարկե, պատկերացնում եմ` ինչ կարող է լինել, և դա իրականում չի կարող գաղտնիք լինել, որովհետև ես ծանոթ եմ Քաղաքացիական ավիացիային և ավիացիոն իշխանությունների աշխատանքին, ոլորտին և տրամաբանորեն կարող եմ պատկերացնել, թե ինչ կարող է լինել: Բայց քանի որ ես չեմ տեսել, կոնկրետ որևէ բան չեմ տեսել, ես իրավունք չունեմ ասել, թե ինչ հետևություններ կարող են լինել: Դրանք կարող են լինել` միայն կախված նշված դիտողությունների ծավալից և բարդությունից»,- ասաց Հակոբ Ճաղարյանը:

Մեր դիտարկմանը, թե երկիմաստ էր իր այն արտահայտությունը, որ ինքը ծանոթ է մեր ՔԱԿ ղեկավարության գործունեությանը, կարող է պատկերացնել, թե ինչ կարող է գրված լինել զեկույցում, վարչապետի խորհրդականն ասաց, որ ինքը ծանոթ է միայն մինիմալ պահանջվող ավիացիոն փաստաթղթերին:

«Իմ աշխատանքը ոչ թե նրանց վերահսկելն է, այլ վարչապետին խորհուրդներ տալը, թե ինչ է պետք մեր երկրին: Ես դա անում եմ պարտաճանաչորեն: Եթե ես իրավասություն ունենայի նրանց ստուգելու, ես կստուգեի: Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը իրավունք ունի նրանց ստուգել և ստուգել է: Նորից եմ կրկնում, ես մինչև չծանոթանամ զեկույցին, ոչ ոքի ոչինչ չեմ ասի, նույնիսկ իմ ղեկավարին»,- ասաց Հակոբ Ճաղարյանը:

Հարցին, թե վատագույն սցենարի դեպքում կարո՞ղ են արդյոք թույլ չտալ մեր օդաչուներին թռչել, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել` վատագույն սցենարը որն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս