«Ավանդական իմաստով այսօր չկան իրական նախադրյալներ նոր՝ համաշխարհային ճակատամարտի մասին խոսելու համար». Վահե Դավթյանը` պանդեմիայի ազդեցության մասին

168.am-ի հարցազրույցը Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանի հետ:

– Օտարազգի որոշ գիտնականներ, քաղաքագետներ պնդում են, որ կորոնավիրուսը զուտ առողջապահական երևույթից կամ առողջապահական ճգնաժամի պատճառ դառնալուց զատ՝ նաև աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսաքաղաքական և աշխարհագաղափարական լրջագույն ազդեցություն է ունենալու` հանգեցնելով աշխարհաքաղաքական վերաձևումների, գաղափարախոսության վերանայման: Ըստ Ձեզ` «կորոնավիրուս» երևույթի արդյունքում քաղաքական, տնտեսական, գաղափարական ի՞նչ աշխարհ, աշխարհակարգ ենք ունենալու:

– Կորոնավիրուսի ալիքների շարունակական տարածման ու նավթի համաշխարհային շուկայի ցնցումների արդյունքում տուժում են, ի վերջո, բոլորը, սակայն աշխարհակարգային իմաստով՝ առանցքային ռիսկերն ու վտանգները ծառացել են հենց ԱՄՆ-ի առաջ: Դրանք, կարծում եմ, հետևյալն է. նավթի գնի կտրուկ անկումն էապես սահմանափակել է ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման տեմպերը, ինչը մեծ հարցականի տակ է դնում Թրամփի «the Golden Age of American Energy Dominance» ռազմավարությունը՝ ուղղված համաշխարհային շուկան ամերիկյան նավթով ու գազով հեղեղելուն: Թերթաքարային նավթն իր ինքնարժեքով գրեթե երկու անգամ գերազանցելով ավանդական նավթին՝ այլևս կկորցնի իր մրցունակությունը նավթի առկա ցածր գների պայմաններում: Դրան չի օգնի անգամ ավանդական դարձած դեմպինգը: Իսկ սա անխուսափելիորեն բերելու է ԱՄՆ-ում մի շարք սոցիալ-տնտեսական ու ռազմավարական ծրագրերի արմատական վերանայմանը, որոնց իրականացումն առավելապես կապվում էր ամերիկյան նավթի ու գազի արտահանման ծավալների շարունակական աճի հետ:

Հարցականի տակ է դրվում նաև ԱՄՆ ռազմավարական հաղորդակցային ենթակառուցվածքների արդիականացման ծրագիրը, որը պահանջում է շուրջ 1 տրիլիոն դոլար: Ինչ վերաբերում է զուտ աշխարհաքաղաքական ռիսկերին, ապա արդի գործընթացները լրջագույն հարված են հասցնում գլոբալիզացիային ու նեոլիբերալ գաղափարախոսությանը՝ համաշխարհային քաղաքական օրակարգում նոր շունչ հաղորդելով ազգային պետության կոնցեպտին: Պանդեմիան այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ դարձրել է աշխարհն ավելի փակ, պետությունները՝ ավելի պրոտեկցիոնիստական, հասարակությունները՝ ավելի անհանդուրժողական: Եվ որքան երկար տևի համաճարակը, այնքան ավելի կխորանան այդ միտումները՝ դառնալով նոր աշխարհակարգի ձևավորման առանցքային նախապայման: Միաժամանակ, կարող ենք կանխատեսել այդ աշխարհակարգում Արևելքի դերի շարունակական աճը, ինչն անխուսափելիորեն բերելու է արևելակենտրոն քաղաքակրթական պարադիգմայի հաղթանակի:

– Վերջին տարիներին Մերձավոր Արևելքը գերտերությունների թիրախում է հայտնվել: Ի դեպ, խոսեցիք նոր աշխարհակարգում Մերձավոր Արևելքի դերից, փոքր պետությունները, առհասարակ, ի՞նչ դերակատարում են ունենալու:

– Մերձավոր Արևելքն ավանդաբար եղել է և դեռ երկար ժամանակ շարունակելու է մնալ գերտերությունների շահերի կենտրոնում, քանի որ առանձնանում է թե’ իր բնական ռեսուրսներով, թե’ միջազգային բեռնափոխադրումների համար բարենպաստ աշխարհագրական դիրքով: Ակնհայտ է, որ անկախ նոր աշխարհակարգի էությունից ու առանձնահատկություններից՝ այդ երկու բաղադրիչները՝ ածխաջրածնային պաշարներն ու լոգիստիկ ուղիները, շարունակելու են կարևոր տեղ զբաղեցնել միջազգային քաղաքականության ու տնտեսության ռազմավարության մշակման գործում:

Ըստ այդմ` Մերձավոր Արևելքը կշարունակի մնալ գլոբալ նշանակության կռվախնձոր: Իհարկե, այս մոտեցմանը կարող է հակադրվել այն տարածված կարծիքը, որ համաշխարհային էներգետիկան լուրջ փոխակերպումների փուլում է գտնվում՝ դուրս մղելով ավանդական էներգակիրներն ու ավելացնելով վերականգնվող աղբյուրների տեսակարար կշիռը, ուստի չի կարող լինել որևէ պայքար ածխաջրածնային ռեսուրսների համար: Կարծում եմ` դա միանգամայն պոպուլիստական մոտեցում է, քանի որ, եթե անգամ վերականգնվող էներգետիկայի կշիռն աճում է, ապա դա տեղի է ունենում չափազանց դանդաղ տեմպերով:

Մյուս կողմից՝ երբ ուսումնասիրում ենք վերականգնվող էներգետիկայի համաշխարհային շուկայի կառուցվածքը, տեսնում ենք, որ այդ սեգմենտում առանցքային դերակատարները նույն ածխաջրածնային հսկաներն են, որոնք դրանով իսկ նպատակ են հետապնդում վերահսկելու համաշխարհային էներգետիկայի շուկան: Հետևաբար` նավթով ու գազով հարուստ տարածաշրջանները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքը, շարունակելու են առանձնանալ աշխարհաքաղաքական լարվածությամբ: Միաժամանակ հարցին պետք է մոտենալ նաև այն կողմից, որ տարածաշրջանի մի շարք պետություններ՝ հասկանալով այդ հոռետեսական սցենարի իրականություն դառնալու մեծ հավանականությունը, փորձում են գնալ ներքին մոդեռնիզացիայի ճանապարհով՝ ստեղծելով իրենց համար անվտանգության լրացուցիչ բարձիկներ:

Ակնհայտ է, որ նույն Սաուդյան Արաբիան այլևս չի ցանկանում հադես գալ՝ որպես զարգացած աշխարհի ռեսուրսային կցորդ, և վերջին տարիներին նավթի արտահանումից ստացված միջոցների մի մասն ուղղում է միջուկային էներգետիկայի զարգացմանը: Սա մի կողմից՝ նշանակում է, որ սաուդացիները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ անվտանգության ապահովման ուղիները, մյուս կողմից՝ նախադրյալներ են ձևավորում ապագայում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, ինչը լիովին տեղավորվում է Իրանի հետ ավանդական աշխարհաքաղաքական մրցակցության տրամաբանության մեջ:

Այսինքն` ստեղծվում է մի իրավիճակ, որում տարածաշրջանը շարունակելու է գտնվել գլոբալ մրցակցության կենտրոնում, բայց միաժամանակ առանձնանալով ներքին հակամարտություններով՝ պայմանավորված առավելապես ներքին գեոռազմավարական մրցակցության գործոններով: Եմենում գործող ու Իրանից աջակցություն ստացող հուսիթների գործողությունները Սաուդյան Արաբիայի ռազմավարական ենթակառուցվածքների դեմ՝ դրա վառ ապացույցներից է: Բավական է հիշել 2019-ի սեպտեմբերին սաուդացիների նավթավերամշակման գործարանների վրա իրականացրած հարձակումները: Մի խոսքով, մոտակա տասնամյակը, հավանաբար, առանձնանալու է Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի ու Իրանի միջև ավանդական մրցակցության սրմամբ ու ռադիկալիզացմամբ:

– Այս համատեքստում Հայաստանն ի՞նչ հետևություններ պիտի անի, արտաքին քաղաքականության մեջ, այդ թվում` տնտեսական, ի՞նչ վերանայումներ, փոփոխություններ պիտի կատարվեն:

– Հաշվի առնելով այն, որ աշխարհում ազդեցության ու ֆինանսական ուժի կենտրոնը գնալով տեղափոխվում է դեպի Արևելք, մասնավորապես՝ Հարավ-Արևելյան Ասիա, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ներառյալ` տնտեսական ռազմավարությունը, պետք է կառուցվի՝ այդ իրողություններից ելնելով: Օր առաջ անհրաժեշտ է նոր դինամիկա հաղորդել Հայաստանի ու Հարավ-Արևելյան Ասիայի երկրների միջև քաղաքական ու տնտեսական երկխոսության զարգացմանը: Կարծում եմ` այդ հարցում մեզ անհրաժեշտ է հրաժարվել ավանդական դարձած ֆինանսական դոնորներ փնտրելու ապարդյուն պրակտիկայից:

Անհրաժեշտ է սկսել մշակութային, հումանիտար երկխոսությունից, մեկը մյուսին ճանաչելուց, և այս հարցում մեր դիվանագիտական կորպուսը հսկայական աշխատանք ունի անելու: Այս համատեքստում հատկապես պետք է արժևորել Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը, որն իր մեջ է ներառում համաշխարհային ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսն ապահովող երկրներին: Ավաղ, այստեղ, ի տարբերություն մեր հարևանների, մենք առանձնակի հաջողությունների չենք հասել:

Անհրաժեշտ է զարկ տալ նաև հայ-հնդկական հարաբերություններին՝ հատկապես հաշվի առնելով Հնդկաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ու միջուկային էներգետիկայի դինամիկ զարգացումը. ոլորտներ, որոնցում մենք ևս հսկայական փորձ ունենք: Միաժամանակ հույժ անհրաժեշտ է ակտիվացնել երկխոսությունը Համագործակցության Շանհայյան կազմակերպության հետ, որն իրականացնում է՝ ինչպես քաղաքական-անվտանգային, այնպես էլ՝ զուտ տնտեսական գործառույթներ:

– Համաճարակային իրավիճակը, նավթի գների անկումներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ հակամարտությունների վրա: Ի դեպ, հրեա գիտնական, կաբբալիստ Միխայիլ Լայտմանը պնդում է, որ կորոնավիրուսը փրկեց մարդկությունը Համաշխարհային պատերազմից, իսկ քաղաքական խորհրդատու Անատոլի Վասերմանն էլ նկատում է, որ պանդեմիան կավարտվի լայնամասշտաբ ռազմական կոնֆլիկտով:

– Ինչպես արդեն նշեցի` նավթի գնի անկումը լուրջ հարված է հասցնում հատկապես ԱՄՆ-ին: Ինչ վերաբերում է նավթի շուկայի մյուս առանցքային խաղացողներին՝ Ռուսաստանին ու Սաուդյան Արաբիային, ապա դրանք, ունենալով արդյունահանման բավականին ցածր ինքնարժեք, ստեղծված իրավիճակում կարող են էլ ավելի ամրապնդել դիրքերը համաշխարհային շուկայում: Դա, սակայն, չի նշանակում, որ Միացյան Նահանգները հրաժարվելու են իրենց արտաքին էներգետիկ էքսպանսիայից: Կարծում եմ՝ Վաշինգտոնը փորձելու է լուծել այս խնդիրը դիվանագիտական ճանապարհով՝ հրահրելով սաուդացիներին էապես ավելացնել նավթի արտահանման ծավալները, ինչպես, ի դեպ, դա արվեց 1985 թ.: Ինչ վերաբերում է Լայտմանի ու Վասերմանի հայտարարություններին, ապա դրանք թեև տարբեր մոտեցումների մասին են վկայում, սակայն, ըստ էության, կառուցված են երրորդ համաշխարհային պատերազմի անխուսափելիության կոնցեպտի վրա:

Կարծում եմ, որ այսօր մենք չունենք իրական նախադրյալներ նոր համաշխարհային ճակատամարտի մասին խոսելու համար՝ առնվազն դրա ավանդական իմաստով, քանզի, ի տարբերություն Առաջին և Երկրորդ աշխարհամարտերին նախորդող ժամանակահատվածների` այժմ աշխարհում առկա են որոշակի զսպման մեխանիզմներ, որոնցից առանցքայինը միջուկային պարիտետն է: Դա ամենևին էլ չի նշանակում, որ մենք մուտք ենք գործում դեմիլիտարիզացիայի ժամանակաշրջան, որում կարող ենք բացառել գլոբալ բախումը: Պարզապես այդ գլոբալ բախումը, եթե ուզում եք՝ կարող եք անվանել այն համաշխարհային պատերազմ, այժմ ընթանում է ոչ ավանդական, հիբրիդային ձևաչափով, որն իր մեջ ներառում է պատժամիջոցները, տեղեկատվական, կենսաբանական պատերազմները և այլն:

Այդ գործընթացներում հատկապես պետք է առանձնացնել պրոքսի-պատերազմները, որոնք ներկայում ընթանում են տարբեր տարածաշրջաններում՝ լինելով գերտերությունների անուղղակի բախման դրսևորում: Կարծում եմ, որ այդ միտումները շարունակական բնույթ են կրելու, հատկապես` Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ու Լատինական Ամերիկայում:

Տեսանյութեր

Լրահոս