
Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու համար սրտաբեկիչ երևույթ է 2 բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումը ՀՀ դատական համակարգի կողմից․ հայտարարություն

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Սփյուռքի թեմակալ առաջնորդներ և հայրապետական պատվիրակները հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և հայրապետական պատվիրակներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ անազատության մեջ մնալու առնչությամբ։
Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու և մեր հոգևոր դասի համար անսովոր եւ սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից:
Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով մինչև դատական արդար վճռի իրականացումը։ Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։
Մենք շարունակում ենք աղոթել մեր հոգևոր եղբայրների առողջության եւ բարօրության համար և լիահույս ենք, որ օրինական ու արդար դատավարության արդյունքում նրանք կարդարացվեն եւ կվերականգնվեն իրենց ամբողջական իրավունքները»։