Բաժիններ՝

«Թիրախային լուծումներ տալու ժամանակն է. հայտարարված դրությունից տուժող ցանկացած բիզնես պետք է  գույքագրվի». Արմեն Գրիգորյան

Մարտի 19-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդի օրերի համար գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, օրավարձով աշխատողներին:

«Եթե աշխատանքի չներկայանալը տեղի է ունեցել գործատուի կամքով կամ հրահանգով, այդ դեպքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի վարձատրությունը»,- ասել էր ՊԵԿ նախագահը։

Իսկ եթե գործատուն հրաժարվում է վճարել, ՊԵԿ նախագահը նման դեպքում խորհուրդ է տալիս դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` հիշեցնելով, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունն այդ պետական մարմնի իրավասության ներքո է։

168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով վերը նշված խնդրին, և, որ օրավարձով հիմնականում աշխատում են սրճարաններում և ռեստորաններում, պարզաբանեց, որ այս հարցն ունի օրենսդրական կարգավորում` ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով:

«Այդ հոդվածի 1-ին մասն ասում է՝ եթե աշխատողի մեղքով չի առաջացել պարապուրդը, ապա աշխատակիցը ստանում է իր յուրաքանչյուր ժամային դրույքաչափի 2/3-ի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձը, իսկ 6-րդ հոդվածով սահմանված է, որ, եթե գործնականում անհաղթահարելի ուժի պայմաններ են, ապա չի վճարվում: Օրավարձով աշխատող մարդիկ, ինչպես, օրինակ, սրճարանների սպասարկող անձնակազմն է,  պետք է շարժվեն երկուստեք փոխշահավետ լուծումներով, գործնականում կվճարե՞ն, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է` ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ վիրուսը տարածվի:

ՀՀ-ում հիմա հայտարարված է արտակարգ դրություն, որը կարգավորվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքով, այս օրենքը սահմանում է որոշակի սահմանափակումներ: Նշված օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ կյանքի է կոչվել մի մարմին, որն անվանում են պարետատուն, իսկ ղեկավարին՝ պարետ: Պարետը պետք է ասի, տվյալ դեպքում և օրինակով` արդյո՞ք սրճարանների չաշխատելը նրանց անհաղթահարելի ուժի արդյունք է, կարո՞ղ են աշխատել և զերծ մնալ վիրուսից: Գործատուն ինչպե՞ս վստահություն ունենա, որ աշխատելու դեպքում չի նպաստի վիրուսի տարածմանը:

Կարծում եմ`հիմա թիրախային լուծումներ տալու ժամանակն է. ցանկացած բիզնես, որը տուժում է հայտարարված դրությունից, պետք է գույքագրվի, և ոլորտի կարգավորման քաղաքականությամբ լուծումներ տրվեն: Ամբողջական պատկեր կունենանք, երբ այս վիճակից դուրս գանք: Այս դեպքում, կարծում եմ՝ սրճարանի կամ ռեստորանի համար շատ կարևոր է՝ այս շրջանում փակ լինեն, չունենան հասույթ, թեկուզ ունենան միայն ֆիքսված ծախսերը, չունենան փչացող ապրանքներ, քան իրենց սրճարանում ներթափանցի կորոնավիրուսը, որի տնտեսական հետևանքները հետո երկար կքաշի: Անհրաժեշտ է զերծ մնալ և պահպանել անունը՝ որպես մի վայրի, որը զերծ է եղել վիրուսից»,- շեշտեց Գրիգորյանը:

Ըստ նրա` աշխատակիցների մասով պետք է անցնել ավելի կոնկրետ դաշտ, և դա անել այսօր: Այսինքն` անհրաժեշտ է լուծել նրանց հարցերը՝ մի քանի թիրախային գործառույթներ իրականացնելով. եթե վարկեր ունի, ապա սառեցնել դրանք, տեղափոխել ու բաշխել հաջորդ շրջան, զեղչել կոմունալ ծախսերը, բազմանդամ կամ անապահով ընտանիքներին տրամադրել որոշակի սոցիալական աջակցություն՝ այս շրջանը հաղթահարելու համար:

«Սա որոշման հարց է: Հիմա առողջության պահպանման ժամանակն է»,- ամփոփեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս