«ԵԽ շրջանակնեում լրագրողական աղբյուրի գաղտնիությունը ոչ թե արտոնություն է, որը, վարույթն իրականացնող մարմինը, իրավիճակը գնահատելով, կարող է տրամադրել այս կամ այն լրագրողին, այլ իրավունք է». Սիրանուշ Սահակյան
«Նախ նշեմ, որ մամուլի ազատության վիճակը որոշակի գնահատումների ենթարկվում է, և որքան էլ որ սուբյեկտիվ դիտարկումներ հնչեցվեն տարբեր թևերի կողմից, մենք ունենք օբյեկտիվ դատա, որը հատկապես վերաբերում է համաշխարհային մամուլի համաթվին, և Հայաստանում այն գործարկվել է 2013թ., և որքան էլ ցավալի է, Հայաստանը 2003-ից որակվել և շարունակում է մնալ՝ որպես խնդրահարույց երկիր»,- «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում 2 տարի որպես փոխարինող դատավոր աշխատած, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը:
Ըստ բանախոսի՝ հետաքրքրականն այն է, որ 2017, 2018, 2019թթ. այս համաթիվը գրեթե մնացել է անփոփոխ, այսինքն՝ պետք է ընդունել և ճանաչել, որ մամուլի ազատության խնդիրները եղել են ու շարունակում են մեր հասարակության լուրջ խնդիրներից մեկը հանդիսանալ:
«Իհարկե, մամուլին տրված է հանրային հսկիչի դերը, և որպեսզի մամուլը կարողանա լիարժեքորեն այս խնդիրն իրականացնել, անհրաժեշտ են նախադրյալներ, և դրանք են հաշվետվողականությունը, որը պետք է դրսևորվի այսպես. օրինակ, հանրային պաշտոնյաները, անկախ բազմակարծությունից ու լրագրողների մոտեցումներից, պատրաստակամ լինեն ինֆորմացիա տալ և հաշվետվություն ներկայացնել իրենց գործունեության արդյունքների հետ կապված»,- նշեց Սիրանուշ Սահակյանը:
Վերջինիս կարծիքով՝ կարևոր սկզբունք է թափանցիկությունը, և ամենակենսական արժեքը, որը մենք ունենք, լրագրողական աղբյուրի գաղտնիությունն է, և բոլոր այն նախաձեռնությունները, որ ներկայումս իրականացվում են, պտտվում են հենց այդ մեկ երևույթի շուրջ՝ լրագրողական աղբյուրի պաշտպանությունը թուլացնելը:
«ԵԽ շրջանակներում լրագրողական աղբյուրի գաղտնիությունը ոչ թե արտոնություն է, որը, վարույթն իրականացնող մարմինը, իրավիճակը գնահատելով, կարող է տրամադրել այս կամ այն լրագրողին, այլ իրավունք է: Եվ այս իրավունքը կարող է սահմանափակվել բացառիկ դեպքերում»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, որ այս առումով միջազգային ստանդարտները շատ ավելի խիստ են, և այստեղ կարևոր չէ միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործության առկայությունը, այլև պետք է բալանսավորել հանրային և մասնավոր շահերը:
Բանախոսը նշում է, որ միջազգային ստանդարտները շատ ավելի հեռուն են գնացել, և մենք նաև առնչվում ենք ազդարարման ինստիտուտի հետ, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող երևույթները, կոռուպցիոն դրսևորումները պետք է դառնան հանրային սեփականություն, որպեսզի հասարակությունը կարողանա դրանց դեմ պայքարել:
«Եղել են դեպքեր, երբ նույնիսկ զենքերի առևտրի, որ բավականին լուրջ, ծանր հանցագործություն է, բացահայտման անհրաժեշտությունից ելնելով են ցանկացել սահմանափակել լրագրողի տեղեկատվական աղբյուրի գաղտնիությունը, բայց ՄԻԵԴ-ը այս իրավիճակում կանգնել է լրագրողների կողքին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս ինստիտուտի վերջին և ամենահետաքրքիր դրվագն այն է, որ նույնիսկ, եթե տեղեկատվության աղբյուրն է հայտնում իրավապահ մարմիններին, որ ինքն է հաղորդումը տվել լրագրողին, այս պայմաններում դեռևս լրագրողը շարունակում է օգտվել տեղեկատվական աղբյուրի գաղտնիության իրավունքից:
«Այսինքն՝ կարող եմ ասել, որ իրավական առումով շատ լուրջ նախադրյալներ և ստանդարտներ կան միջազգայնորեն ներդրված: Միակ խնդիրն այն է, թե որքան հետևողական կլինեն լրագրողները՝ յուրաքանչյուր դեպքին արձագանքելու և իրավական գործընթացներին ընթացք տալու տեսանկյունից»,- նկատեց բանախոսը:
Ինչ վերաբերում է մեր օրենսդրական փոփոխություններին, որ սպասել են այս ոլորտում, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ օրենսդրական քաղաքականությունը ևս պետք է հիմնավոր լինի, և նույնիսկ օրենքի մակարդակի բարձրացված որոշ ստանդարտներ կարող են հակասել միջազգային մոտեցումներին, և այս առումով լրագրողներն առավել պաշտպանված պետք է լինեն կոնվենցիոնալ ստանդարտներով և Սահմանադրությամբ:
«Այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չեն բխում իրավունքից, այլ առաջ են տանում որոշակի քաղաքական խմբերի շահեր, իրենց հետագա վիճարկման հնարավորություններն ունեն թե Սահմանադրական դատարանում, և թե ՄԻԵԴ-ում: Իրավաբաններիս խնդիրն է՝ քննարկման առարկա դարձնել օրենքի իրավականությունը և օրենքի որակը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ անկախ նրանից, լրագրողը հրապարակում է օրենքով պաշտպանվո՞ղ, թե՞ չպաշտպանվող տվյալ, լրագրողը դարձյալ պաշտպանված է:
«Օրինակ, առևտրային կամ հարկային գաղտնիք բացահայտելը հանցագործություն է, բայց այդ հանցագործության սուբյեկտ չեն կարող լինել լրագրողները, որոնք հանրային շահերից ելնելով՝ ազդարարում են հանրության համար վտանգավոր երևույթների մասին, և որպես ծայրահեղ միջոց՝ օգտագործում են գաղտնիք պարունակող տեղեկատվությունը»,- նշեց Սիրանուշ Սահակյանը: