Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում մեկ օր շարունակվող հրդեհը կարողացել են տեղայնացնել

Բաքվի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը գրեթե մեկ օր շարունակված աշխատանքներից հետո տեղայնացվել է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրդեհի մարմանը ներգրավվել են տասնյակ տեխնիկա և Արտակարգ իրավիճակների նախարարության մոտ 140 աշխատակից։

Օգոստոսի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից երեքը հոսպիտալացվել են։ Սա մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ հրդեհն է առևտրի կենտրոնում. օգոստոսի 4-ին բռնկում էր տեղի ունեցել «Սադարակի» պահեստներից մեկում: Այն ժամանակ հրդեհը մարելիս տուժել էր յոթ փրկարար:

«Սադարակ» առևտրի կենտրոնը գտնվում է Բաքվի արվարձանում, դրա տարածքը կազմում է մոտ 100 հեկտար: Այն ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի մեծ թվով օբյեկտներ, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկա:

Տեսանյութեր

Լրահոս