Մի «դիմակահանդեսի» պատմություն
Ամեն անգամ, երբ փորձում ես գնահատել պետության կարևորության և մարդու կյանքում ունեցած դերը, պարզ է դառնում, որ պետության ու պետականության գլխավոր հիմնասյունը կայուն ու հզոր բանակի առկայությունն է, առանց որի հնարավոր չէ ունենալ ոչ տնտեսական առաջընթաց, ոչ ազգային ինքնագնահատական։
Այն, ինչ կատարվեց հունվարի 28-ին ՀՀ քաղաքական դաշտում, դուրս է բոլորիս պատկերացումներից։ Ակնհայտ է, որ դժվար է գտնել որևէ գնահատական կամ գտնել որևէ տրամաբանություն, թե ինչու բանակի հերթական տարեդարձի օրը տեղի ունեցավ այդ «մասկի-շոուն»։ Կարելի է արձանագրել, որ փաստացի ստեղծվել է մի վիճակ, երբ կարելի է չխուսափել և փաստացի արձանագրել, որ օրվա իշխանությունները հատուկ ատելություն ունեն պետության հիմնասյուների նկատմամբ՝ եկեղեցի, բանակ, ընտանիք։ Փաշինյանն ու նրա թիմակիցները, ովքեր հիմնականում չեն անցել պարտադիր զինվորական ծառություն (այս կամ այն պատճառներով), հատկապես ընդգծված քաղաքականություն են տանում բանակի ու զինվորականության նկատմամբ․ նրանք չեն սիրում կենդանի հերոսներին ու պատմություն կերտած գեներալներին: Համենայնդեպս, վերջին 20 ամիսների դեպքերի զարգացումները դա են վկայում։
Նախօրեին ականատես եղանք, թե ինչպես օրը ցերեկով տեղի ունեցավ մի ամբողջ քաղաքական ռեպրեսիվ հետապնդումների շղթա, որն ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ։ Կեսօրին հայտնի դարձավ, որ ոստիկանության 6-րդ վարչության «Սև հովազներ» հատուկ ջոկատի տղաները, «ասֆալտին պառկեցնելուց» հետո, բերման են ենթարկել հասարակական-քաղաքական գործիչ, ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։
Մալյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը նոր էր հանրայնացել, և նրա ընկերներն ու աջակիցներն աստիճանաբար սկսել էին հավաքվել ոստիկանության հիշյալ վարչության մերձակայքում, երբ լուր տարածվեց, որ բերման է ենթարկվել նաև Blognews կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, ով, ի դեպ, ձերբակալվել էր հենց կայքի գրասենյակի առջև։ Նշված ձերբակալություններից րոպեներ անց բերման ենթարկվեցին նաև «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանը և ևս երկու անդամ, իսկ արդեն ուշ երեկոյան՝ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ, Atnifake կայքի խմբագիր Նարեկ Սամսոնյանը (նշենք, որ Սամսոնյանը ողջ օրվա ընթացքում գտնվում էր վարչության մերձակա տարածքում և զորակցում էր բերման ենթարկված տղաներին, ոստիկանությունը ոչ մի քայլ չձեռնարկեց նրան բաժին հրավիրելու համար, նրանք սպասել էին, մինչև Սամսոնյանը վերադառնա տուն, և շքամուտքում հերթական հոլիվուդյան կադրերը ֆիքսելուց հետո, նոր միայն նրան բերման էին ենթարկել)։
Կարող ենք փաստել, որ իշխանությունների ապօրինի գործողություններն իրավական ոչ մի հիմք չունեին և համապատասխան ժամանակահատվածը լրանալուց հետո բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին։ Զարմանալին այն էր, որ նրանք հիմնականում նույն հոդվածով էին բերման ենթարկվել․ Մալյանը, Սամսոնյանը և Տեր-Նակալյանը՝ զենք-զինամթերք, իսկ միաբանության տղաները՝ թմրանյութեր պահելու կասկածանքով։
Իսկ ամենազավեշտալին այն է, որ նման կասկածանքով բերման ենթարկածների մեքենաները չխուզարկվեցին անգամ․ տվյալ պարագայում գլխավորը հիշյալ անձանց օրը ցերեկով ձեռնաշղթաներով բերման ենթարկելն էր, ինչպես բնորոշ է հասարակության համար լուրջ վտանգ ներկայացնող հանցագործների դեպքում։ Տեղի ունեցածից կարելի է մի քանի եզրահանգումներ կատարել, որոնք համապատասխանում են այսօրվա քաղաքական օրակարգին։
Պետք է արձանագրենք, որ նման գործելաոճով Փաշինյանը փորձում է ընդհանուր դաշտում իմիտացիա ստեղծել և ցույց տալ, թե ինքը բավական լուրջ է տրամադրված և պատրաստվում է կոշտ մեթոդաբանություն կիրառել, սակայն իրականում սա հերթական «աչքկապոցին» է։ Փաստացի այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ցույց տվեց, թե որքան պրիմիտիվ ու նաիվ են իշխանությունների պատկերացումները, ինչպես նաև ոստիկանության գործողությունները։
Առաջինի դեպքում պրիմիտիվությունը կայանում է նրանում, որ Փաշինյանը, ըստ էության, ուժ է կիրառում՝ տեղեկատվական դաշտում իր դեմ բացահայտ գործող անձանց նկատմամբ, իսկ ոստիկանության գործողությունների նաիվությունը պայմանավորված էր նրանով, որ դժվար էր պատկերացնել, որ երեկ բերման ենթարկվածները կունենային զենք կամ օգտագործեին թմրանյութ. դա փայլուն գիտակցում էին նաև հենց իրենք՝ ոստիկանության աշխատակիցները։
Տեղի ունեցածը, ըստ էության, քաղաքական պատվեր էր, ավելի կոնկրետ՝ այդ պատվերը փնթի կերպով իրականացնելու փորձ։ Ըստ էության զինամթերք և թմրամիջոց փնտրում էին մարդկանց մոտ, ովքեր րոպե առաջ շտապում էին 6-րդ վարչություն՝ զորակցելու Մալյանին, և անտրամաբանական էր նրանց մոտ նման իրեր փնտրելու իդեաֆիքսը։ Սրան զուգահեռ՝ կա նաև իրադարձությունների հակառակ կողմը․ վերջին օրերին տեղեկատվական դաշտը բավական խառն էր, և լուրջ իրադարձություններ էին տեղի ունեցել․ Հրայր Թովմասյանի ու Նիկոլ Փաշինյանի հեռակա դիսկուրսը գրիչի շուրջ, Ալեն Սիմոնյանի և Արթուր Վանեցյանի փոխադարձ մեղադրանքները Թումանյան փողոցի դեպքերի մասին, ինչպես նաև հունվարի 29-30-ին Ժնևում նախատեսված Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները․ սրանք բոլորը ևս առիթ էին իշխանությունների համար՝ այս «դիմակահանդեսը» բեմադրելու համար։
Տեղի ունեցածի հետ կապված՝ փաստենք ևս մի կարևոր հանգամանք․ պետք է հստակ արձանագրենք, որ նախօրեին բերման ենթարկված տղաներից երկուսն ընդդիմադիր կայքերի գլխավոր խմբագիրներ էին, ասել է թե՝ այն, ինչին ականատես եղանք բոլորս հունվարի 28-ին, կարելի է դիտարկել նաև օրեր առաջ «դեմոկրատ վարչապետի»՝ ԶԼՄ-ների մասին հայտնի հայտարարության ֆոնին։ Կամ, այլ կերպ ասած՝ Փաշինյանը փորձում է գրոհել մեդիադաշտը։
Արմեն Հովասափյան