Բաժիններ՝

«Արեն Մկրտչյանին մեր գործարանի ղեկավարներից մեկը հարցրել էր՝ մնացած 3 ամիսների աշխատավարձը ե՞րբ են տալու, պատասխանել էր՝ գնա մյուսները պահանջիր հայրերիցդ ու ապուպապերիցդ»

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցներին դեկտեմբերի 30-ին վճարել էին 1 ամսվա աշխատավարձը, իսկ մյուս մասը խոստացել էին վճարել մինչև 2020 թվականի հունվարի 15-ը:

«Մեր աշխատանքային պայմանագիրը մինչև 2020 թվականի հունվարի 10-ն էր: Դեկտեմբերի 30-ին աշխատավարձ տվեցին, սեպտեմբերից մինչև դեկտեմբեր չէինք ստացել: Տվել են միայն մեկ ամսվա աշխատավարձ՝ լավ ու վատ նայելով: Դրել, ցուցակում նայել էին, ում աշխատավարձը որ շատ էր կազմել՝ չէին տվել: Փաստացի մեկ ամսվա աշխատավարձ են տվել, և խոսք չի գնացել վերջնահաշվարկի, արձակուրդայինների, ազատման նպաստների մասին: Անգամ չեն կանչել, որ մեր ազատման հրամանները ստորագրենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց պղնձաձուլական գործարանի աշխատակիցներից մեկը:

Նրա փոխանցմամբ՝ հունվարի 23-ին, ժամը 11-ին հավաքվելու են՝ հանդիպում պահանջելու սեփականատեր Նորիկ Պետրոսյանի հետ, ով հստակ պատասխաններ կտա իրենց հարցերին: Ի վերջո, պետք է իմանան, թե ե՞րբ են տալու վերջնահաշվարկը, և իրենց հետագա ճակատագիրն ի՞նչ է լինելու:

«Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանին մեր գործարանի ղեկավարներից մեկը հարցրել էր, թե՝ բա մնացած երեք ամիսների աշխատավարձը ե՞րբ են տալու, նա պատասխանել էր, թե՝ գնա մյուսները պահանջիր հայրերիցդ ու ապուպապերիցդ: Նման կերպ պատասխանո՞ւմ են մարդու, ով 1997-2016թթ. գործարանը պահող մետալուրգիական արտադրամասի պետն է եղել: 2016-ից մինչև օրս գործարանի գլխավոր ճարտարագետն է:

Իսկ «Թեղուտ» ՓԲԸ-ն, որ մեր գործարանը նույնպես վերցրել է, այնտեղ տնօրենի օգնական են ընդունել Կարեն Միքայելյանին՝ մարդու, ով բարձրախոսը ձեռքին փողոցում ման գալով՝ պայքարեց, որ Թեղուտը վերաբացվի, չնայած մենք բոլորս գիտեինք, որ եթե ղեկավարության մտքին տեղ չլիներ՝ այն չէր վերաբացվի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները մոտ չորս ամիս աշխատավարձ չէին ստացել: Դեկտեմբերին հանդիպել էին Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին, ներկայացրել հարցերը, դրանից հետո նա կապ էր հաստատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, նա էլ պատասխանել էր, որ հարցն ընթացքի մեջ է: Դեկտեմբերի 14-ին էլ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին, ով տեղեկացրել էր, որ հարցը կառավարության, ՊԵԿ նախագահի և իր ուշադրության կենտրոնում է:

Ավելի ուշ՝ դեկտեմբերի 28-ին, Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ավարտել է հանդիպումը ACP ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանի հետ։

«Ավելի քան 150 աշխատակիցների չվճարված 3 ամսվա աշխատավարձերի մասով ունենք զգալի դրական տեղաշարժ»,- նշել էր պատգամավորը։

Հավելենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:

Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս