«Ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի». Ալավերդու պղնձաձուլական գործարանը կլքեն վերջին աշխատակիցները
Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի 165 աշխատակիցներին դեկտեմբերի 30-ին վճարել են ոչ թե չորս, այլ մեկ ամսվա աշխատավարձը, իսկ մյուս մասը խոստացել են վճարել մինչև 2020 թվականի հունվարի 15-ը:
«Իրենց խոսքով՝ գործարանը լուծարվելու է, բայց չենք կարողանում հասկանալ՝ վերջնահաշվարկ կտան, նո՞ր կլուծարվի, թե՞ ոչ: Մենք համարվում ենք աշխատող՝ հունվարի 10-ը ներառյալ: Այդ օրը պայմանագրի ժամկետը լրանում է: Դրանից հետո ամեն մեկն իր գլխի ճարը պետք է տեսնի»,- 168.am-ի հետ զրույցում ասացին մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները:
Նրանց փոխանցմամբ՝ Ալավերդիում այլ աշխատատեղ չկա, քաղաքը եղել է, այսպես ասած՝ գործարանի հույսին:
Հիշեցնենք, որ մետալուրգիական արտադրամասի աշխատակիցները մոտ չորս ամիս աշխատավարձ չէին ստացել: Դեկտեմբերին հանդիպել էին Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանին, ներկայացրել հարցերը, դրանից հետո նա կապ էր հաստատել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, նա էլ պատասխանել էր, որ հարցն ընթացքի մեջ է: Դեկտեմբերի 14-ին էլ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին, ով տեղեկացրել էր, որ հարցը կառավարության, ՊԵԿ նախագահի և իր ուշադրության կենտրոնում է:
Ավելի ուշ՝ դեկտեմբերի 28-ին, Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ավարտել է հանդիպումը ACP ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանի հետ։
«Ավելի քան 150 աշխատակիցների չվճարված 3 ամսվա աշխատավարձերի մասով ունենք զգալի դրական տեղաշարժ»,- նշել էր պատգամավորը։
Հավելենք, որ «Էյ Սի Փի» ընկերության հաշվեհամարների վրա դատարանն արգելանք կիրառել էր դեռևս այն ժամանակ, երբ այն գործում էր «Վալլեքս» խմբի կազմում:
Ընկերության կենսաթոշակի անցած կամ աշխատանքային պայմանագրերը լուծված մի քանի աշխատակից դիմել է դատարան՝ վիճարկելով տարիներ առաջ իրենց արձակուրդային վճարների հաշվարկների և ստացած գումարների որոշակի ուշացումների հարցը: Դատարանը, մինչև դատական գործընթացների ավարտը, արգելանք է կիրառել ընկերության հաշիվների վրա: