Շինարարության փողերն ու ծավալը

Անշտապ ամփոփվում է տնտեսական տարին: Տնտեսության իրական հատվածում աշխարհացունց փոփոխություններ չեղան: Ի տարբերություն պաշտոնական տնտեսական վիճակագրության, ուր անզուսպ ու անդադար հրաշագործության փորձեր են արվում: Իրական տնտեսությունն արձանագրում է այն, ինչ պատշաճ է զարգացման նման որակ ունեցող տնտեսություններին: Օրինակ, շինարարության ոլորտի աճը համարյա ողջ 2019-ի ընթացքում 4-4.5 տոկոս էր: Հետևաբար՝ պաշտոնական վիճակագրությունն այս ոլորտում արժանահավատ էր ընկալվում: Ճանապարհաշինության մասին քաղաքական բարձր հայտարարությունների կողքին հետաքրքիր էր դիտարկել շինարարության ծավալների վիճակագրությունը:

Մեր երկրում անցած տարի իրականացված շինարարության կառուցվածքում երեք խոշոր ոլորտ կարելի է առանձնացնել: Ամենամեծն անշարժ գույքի հետ կապված ոլորտն է: Այլ կերպ ասած` բնակարանաշինությունը: Առանձնատների ու բազմաբնակարանային շենքերի ծավալը կազմում է ընդհանուրի 28.6 տոկոսը: Շինարարության ընդհանուր ծավալի 20.6 տոկոսը կատարվել է էներգետիկայի ոլորտում: Չափով երրորդ մասնաբաժինը տրանսպորտի ոլորտինն է` 15.3 տոկոս:

Մնացած ոլորտները նկատելի ծավալ չունեն: Աշնանը հասարակությունը մի փոքր զարմացած էր՝ տեսնելով գյուղական ավերակ դպրոցի լուսանկարները: Դա զարմանալի չէ: Կրթության ոլորտի շինարարության ծավալն ընդամենը 2 տոկոս է: Պարզ է, որ նման չափաբաժնով դպրոց չես նորոգի:

Շինարարության ծավալի տվյալները, բնականաբար, համընկնում են ֆինանսական աղբյուրների մասին տեղեկատվությանը: 43.5 տոկոսը ֆինանսավորվել է կազմակերպությունների կողմից: Պարզ է, որ էներգետիկայի ոլորտի շինարարությունը պիտի ֆինանսավորվի տվյալ ոլորտի կազմակերպությունների կողմից:

Ուշադրության արժանի ու տխուր փաստ է այն, որ այդ 43,5 տոկոսից միայն 4.9 տոկոսն է օտարերկրյա ներդրումների հաշվին (հիշենք, որ էներգետիկ ոլորտի շատ ձեռնարկություններ արտասահմանյան ընկերությունների սեփականություն են, կամ նրանց կառավարմանն են հանձնվել): Եթե հիշենք, որ շինարարության խոշոր հատվածը բաժին է ընկել տրանսպորտի ոլորտին, ապա տրամաբանական պիտի համարենք այն, որ շինարարության երկրորդ ֆինանսավորումը տրվել է պետբյուջեից` 27.3 տոկոս:

Երրորդ խումբը կատարվել է բնակչության միջոցների հաշվին (ֆինանսավորման 26.7 տոկոս): Այն մի փոքր է պակաս պետբյուջետային հատկացումներից, ինչը նույնպես տրամաբանական է` բնակարանաշինությունը հիմա հիմնականում իրականանում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: Արտաքին վարկավորման հաշվին ֆինանսավորվել է մեր երկրի շինարարական աշխատանքների 14.3 տոկոսը:

Այս ոլորտի խոշոր մասնակիցներն են Ասիական զարգացման բանկն ու Համաշխարհային բանկը: Ասիական զարգացման բանկի հաշվին ֆինանսավորվել է շինարարության 4.1 տոկոսը: Համեմատության համար պետք է ասել, որ այս բանկը 2018թ. համեմատ ընդամենը 78 տոկոսի չափով է շինարարություն ֆինանսավորել: Կրճատվել է նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորումը: ՀԲ-ին բաժին է ընկնում ֆինանսավորման ընդամենը 3.5 տոկոսը: Այս ցուցանիշը 2018-ի նույն ժամանակի ընթացքում կատարված ֆինանսավորման ընդամենը 63.7 տոկոսն է կազմում: Կտրուկ` ավելի քան կիսով չափ կրճատվել են մարդասիրական օգնության միջոցների հաշվին կատարվող շինարարության ծավալները:

Ընդհանուրի 0.8 տոկոսի չափով: Ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 49.6 տոկոս է: Անհետևանք չանցան նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծագած անհասկանալի գործընթացները: Այս հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված շինարարությունը 2018-ի ծավալի 40.6 տոկոսն է կազմում:

Վիճակագրական տվյալներից պարզ է, որ շինարարության ոլորտում արտառոց կամ էական փոփոխություններ չկան: Ոլորտը շարունակում է տնտեսական իներցիայով պայմանավորված գործընթացները: Իսկ դա կարելի է և՛ դրական, և՛ բացասական երևույթ համարել: Դրական՝ այն տեսանկյունից, որ ոլորտը բացասական ցնցումներ չարձանագրեց (արևելյան առածի հանգույն, որ պնդում է՝ «Աստված աղքատին ուրախացնելու համար կովը կորցնում, ապա գտնել է տալիս»): Իսկ բացասական կարող են ընկալել նրանք, ովքեր մեծ ու վարդագույն սպասելիքներ ունեին: Բայց դա արդեն անհատական սպասումների ոլորտից է:

Տեսանյութեր

Լրահոս