Իշխանության վայելքներն ու հասարակության սպասումները. ավարտվեց կառավարության գործունեության մեկ տարին
Տարվա ավարտին հաշված օրեր են մնացել, և ժամանակն է գնահատել կառավարության արածն ու չարածը։ Հատկապես որ, սա «հեղափոխական» կառավարության գործունեության առաջին լիարժեք տարին է։
Եթե նախկինում կառավարությունը դժգոհում էր «հակահեղափոխական» խորհրդարանից, ապա այս տարի այդ խնդիրը չկար։ Անցած տարվա դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններով քաղաքական իշխանությունը ստացավ լիովին վստահելի խորհրդարան։ Ու թվում էր, թե այլևս որևէ խոչընդոտ չկա կառավարության համար` լիարժեք գործելու և խոստացված ծրագրերը կյանքի կոչելու։
Առաջին քայլերից մեկը, որն արվեց, կառավարության նոր կառուցվածքի ձևավորումն էր։ Այն նպատակ ուներ բարձրացնել պետական ապարատի աշխատանքի արդյունավետությունը։ Նախկին 17 նախարարությունների փոխարեն՝ ստեղծվեց 12-ը։
Թե դա ի՞նչ տվեց կառավարության աշխատանքի արդյունավետությանը, հետագայում ստիպված էր խոստովանել վարչապետը. «Ունենք մեծ նախարարություններ՝ շատ պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը հետևյալն է՝ ժամը երբ է լրանում, որ գնան տուն: Պետական համակարգին այսօր բրթում ենք, որ գնան խնդիրը լուծեն»։
Ահա այն, ինչ տվել է կառավարության կառուցվածքի փոփոխությունը։ Եվ ո՞վ է մեղավորը, եթե ոչ՝ քաղաքական իշխանությունը։ Ու չնայած դրան, այն ջանք ու եռանդ չխնայեց պետական միջոցների հաշվին իրեն ճոխ-ճոխ պարգևատրելու համար։
Մինչ հասարակության անապահով հատվածը հույս էր փայփայում, որ «թավշյա հեղափոխության» պտուղները, ի վերջո, կհասնեն նաև իրեն, քաղաքական էլիտան ճաշակում էր իշխանության վայելքները։ Նրան արդեն չէր բավարարում այն ամենը, ինչ մնացել էր նախկինից։
Ու մի օր պիտի պարզվեր, որ վարչապետն իրեն սպասարկող թանկարժեք մեքենաներ է գնել, առանձնատունը վերանորոգել, պատրաստվում է 55 մլն դոլարով նոր ինքնաթիռ ձեռք բերել, եթե արդեն ձեռք չի բերել, գաղտնի կրկնապատկել է նախարարների աշխատավարձերը, և այսպես շարունակ։ Նրանից հետ չի մնացել նաև Ազգային ժողովի ղեկավարությունը, ով իրեն թույլ է տվել 10 ամսում 14 անգամ պարգևավճար բաժանել։ Դեռ չհաշված, որ ևս 4 պարգևավճարներ են տրվել միայն դեկտեմբերի ընթացքում։
Պարգևավճարների բաժանումը պետական համակարգում դարձել է սովորական երևույթ։ Ու հիմա արդեն քաղաքական իշխանությունը ոչ միայն չի խորշում խոսել այդ մասին, այլև արդարացնում է դրա գոյությունը։
Ոչինչ, որ հասարակության սոցիալական անապահով հատվածը շարունակում է ապրել նույն չնչին աշխատավարձերով ու թոշակներով։
Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին։ Հետագայում պիտի պարզվեր, որ տնտեսական հեղափոխություն ասելով՝ վարչապետը նկատի ուներ, առաջին հերթին՝ կոռուպցիայի ու մենաշնորհների վերացումը։
Պետք է խոստովանել, որ թե՛ մեկ, և թե՛ մյուս առումով դրական դինամիկա կա։ Բայց այնպես չէ, որ կոռուպցիան, այդ թվում` համակարգային կոռուպցիան, Հայաստանում արմատախիլ է արված, իսկ մենաշնորհները դադարել են գործել։ Դրանք եղել են և շարունակում են մնալ։
Քաղաքական իշխանությանը հաճո խորհրդարանի ձևավորումից հետո թվում էր, թե այլևս չկան վարչապետի ասած խոչընդոտները, և հիմա արդեն արտաքին կապիտալը կարող է ազատ մուտք գործել Հայաստանի տնտեսության մեջ` ապահովելով ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի խոստացած ներդրումային բումը։ Բայց ներդրումների այն պատկերը, որն ունենք, ամենևին էլ չի վկայում ակնկալիքների արդարացման մասին։
Արտաքին ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այս պահին՝ առկա 9 ամսվա տվյալներով, չհասան նույնիսկ 70 մլն դոլարի։ Դրանք գրեթե երկու անգամ քիչ էին, քան 2018թ., երբ Հայաստանը գտնվում էր ներքաղաքական շատ ավելի անհանգիստ ու ներդրումների համար ոչ նպաստավոր իրավիճակում։
Սա այլ կերպ, քան ներդրումային քաղաքականության ձախողում, դժվար է անվանել։ Մի բան, ինչը զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ մեկուկես տարի կառավարությունը չի կարողանում լուծում տալ երբևէ Հայաստանում իրականացված ամենախոշոր ներդրումային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ու չնայած խոստովանում է, որ ծրագրի կասեցման համար հիմքեր չկան, այնուհանդերձ ամիսներ շարունակ հապաղում է քայլ անել։
Դա, իհարկե, խնդիրների բախված միակ ներդրումային ծրագիրը չէ։ Բայց բավական է կառավարության ներդրումային քաղաքականության վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Այդ պայմաններում նորմալ է, որ վարչապետի խոստացած ներդրումային հրաշքը տեղի չունեցավ նաև այս տարվա ընթացքում։
Կառավարության գործունեությունը չփայլեց բյուջեի կատարողականի առումով։ Ճիշտ է, այս տարի, ի տարբերություն նախորդի, եկամտային մասում թերակատարում չկա, բայց նույնը դժվար է ասել ծախսերի դեպքում։ Ամբողջ տարվա ընթացքում կառավարությունը չկարողացավ բյուջետային ծախսերը վերադարձնել բնականոն հուն` դրանով էապես հարվածելով տնտեսությանը։ Բավական մեծ գումարներ դուրս բերվեցին տնտեսությունից, և փոխարենը նախատեսված ծրագրերի իրականացման միջոցով վերադառնային շրջանառության մեջ` մնացին քնած Կենտրոնական բանկում։
Ի՞նչ փոխվեց հասարակության կյանքում։
Այս հարցի պատասխանը պետք է փնտրել, առաջին հերթին՝ մարդկանց եկամուտների մեջ։ Դատելով աշխատավարձի ոլորտում արձանագրված փոփոխություններից՝ տեղի է ունեցել եկամուտների ավելացում։ Առկա է միջին աշխատավարձի աճ։ Բայց նախկինի համեմատ՝ տարբերություններն էական չեն։ Եվ, որ ավելի կարևոր է, մասնավոր հատվածում աշխատավարձերի միջին աճը կազմեց ընդամենը 4 տոկոս։ Անգամ անիմաստ է գնահատել դրա ազդեցությունը մարդկանց կենսամակարդակի վրա։
Այդպես էլ անփոփոխ մնացին հասարակության ամենաանապահով հատվածի` կենսաթոշակառուների եկամուտները։ Խոսքը շուրջ 450 հազար մարդու մասին է։
Այսքանից հետո զրամանալի չէ, որ տարվա ընթացքում հասարակության սոցիալական կյանքում շատ բան չփոխվեց։ Եթե այն չի վատացել, ապա չի էլ լավացել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ