«Սահմանադրական դատարանի և նրա նախագահի շուրջ տեղի է ունենում քաղաքական անհանդուրժողականություն». Արա Ղազարյան
Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադառնալով Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության մասին հարցին՝ նշել է, որ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված գործը չի բխում դատավորի կարգավիճակում եղած ժամանակահատվածից, այլ նրա Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին է վերաբերում, երբ թույլ են տրվել ենթադրյալ ինչ-որ չարաշահումներ: «Եթե այն է, ինչի մասին ես ասացի, այս դեպքում անձեռնմխելիության մասին խոսք լինել չի կարող, և ՍԴ-ի թույլտվություն չի պահանջվում»,- ասել է նախարարը։
Իսկ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սահմանադրության(2015) 164-րդ հոդվածը սահմանում է.«իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ»:
168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանն անդրադառնալով Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության վերաբերյալ հարցին՝ ասաց, որ ընդհանուր սկզբունքն այն է, որ օրենքը պետք է հետադարձ չկիրառվի, քանի որ այդ ամենն առաջացնում է անկանխատեսելիություն։
«Այս հարցը պետք ուսումնասիրվի, սա բարդ խնդիր է, այսինքն՝ պե՞տք է կիրառվի այն օրենքը, որով Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ դատավոր-անդամ, թե՞ ներկա օրենքը, սա պետք է ուսումնասիրել»,- ասաց Արա Ղազարյանը։
Հարցին՝ իր դիտարկմամբ՝ որպես միջազգային իրավունքի փորձագետ, ի՞նչ է այսօր կատարվում Սահմանադրական դատարանում և ՍԴ նախագահի շուրջ, Արա Ղազարյանը պատասխանեց.
«Տեղի է ունենում քաղաքական անհանդուրժողականություն։ Անկախ նրանից՝ իրավական գործընթաց կլինի՞, թե՞ ոչ, այնքան շատ քաղաքական անհանդուրժողականության խոսքեր են հնչել մինչև այժմ, որ, եթե որևէ իրավական գործընթաց էլ լինի, միևնույն է, այս ամենն այն տպավորությունն է թողնում, որ քողարկված քաղաքական օրակարգ է սա։ Այն է, որ՝ ՍԴ անդամները պետք է հեռանան, քանի որ նրանք նախկին են»։
Հաջորդ հարցին՝ ՍԴ դատավորները հայտարարել են, որ չեն գնալու վաղաժամ կենսաթոշակի, այս ամենից հետո հնարավո՞ր է՝ իսկապես ՍԴ-ում ճգնաժամ լինի, Արա Ղազարյանը պատասխանեց, որ հետաքրքիր հարց է, բայց չի կարծում, որ նման բան տեղի կունենա։
«ՍԴ դատավորներն այսօր նման դժվար պայմաններում շարունակում են աշխատել ու բավականին լավ որոշումներ են կայացնում, նրանց կայացրած որոշումները վերջերս բազմիցս ուսումնասիրել եմ։ Վերջին կես տարվա ընթացքում այնքան լավ որոշումներ են կայացրել, որ չեմ կարծում, որ կենսաթոշակի չգնալը կարող է ճգնաժամի հանգեցնել»,- եզրափակեց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը։