Անձի ազատության հարցն այնքան հրատապ չի քննարկվում՝ ինչքան անձի անազատության հարցը. Հովհաննես Խուդոյան
«5-րդ ալիք»-ի տնօրինությունը նախաձեռնել է ստորագրահավաք լրատվադաշտի իրենց գործընկերների շրջանում՝ հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ կամ գրավով փոխարինելու համար. մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը: Երաշխավորագիրը կներկայացվի Դատախազություն: Արմեն Թավադյանը կալանավորվել է երեկ, երբ դատարանը մերժեց փաստաբան Հովհաննես Խուդոյանի բողոքը ձերբակալման իրավաչափության մասով ու բավարարեց քննիչի միջնորդությունը, այն է՝ 2 ամսով կալանավորել «5-րդ ալիք»-ի սեփականատիրոջը: Հեռուստաընկերության տնօրինությունը նաև հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնում տեղի ունեցածի առթիվ և կոչ անում քաղաքական ուժերին, տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին, լրագրողական կազմակերպություններին, մեր երկրում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հանդես գալ Հայաստանում լրագրողների իրավունքների, ազատ լրատվամիջոցների, խոսքի ազատության պաշտպանությամբ:
«Հայաստանում քաղաքական հետապնդումների այս շրջանում գործարարի նկատմամբ քրեական գործի հարուցումը շատ նման է քաղաքական հաշվեհարդարի նրա անձնական կապերի համար… Հեռուստատեսության սեփականատեր Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը, հանրային կարծիքը «5-րդ ալիքի» դեմ տրամադրելու իշխանության բացահայտ և քողարկված քայլերը համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ, ոտնձգություն խոսքի ազատության հանդեպ»,- գրված է հայտարարության մեջ:
Արմեն Թավադյանը ՀՔԾ բերման էր ենթարկվել դեկտեմբերի 24-ին: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո նրան ձերբակալել էին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը պնդեց, որ իր պաշտպանյալին ձերբակալելու մասին որոշման մեջ որևէ հիմնավոր փաստարկ չկա: Փաստաբանը նույնը պնդում է նաև կալանավորման մասին որոշման դեպքում, միայն ձերբակալման ժամանակ ներկայացված փաստարկներին ավելացել է Վարուժան Մկրտչյանի ցուցմունքն առ այն, որ ինքը ստացել է ցուցումներ: Մինչև կալանավորումը և մեղադրանքի առաջադրումը նա պնդում էր հակառակը.
«Նշվում է, որ Արմեն Թավադյանը եղել է ինչ-որ խմբավորման մեջ, որի անդամ Վարուժան Մկրտչյանը կատարել է Քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1 կետով նախատեսված գործողություններ: Որևէ նշում, թե Արմեն Թավադյանը ի՞նչ գործողություն է կատարել, ի՞նչ դերակատարում է ունեցել այդտեղ ձերբակալման ժամանակ և հետո արդեն մեղադրանք առաջադրելիս, չի նախանշվել»:
Վերոնշյալ քրեական գործով մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Հովհաննես Խուդոյանն այս հանգամանքն ամենահետաքրքրական փաստերից մեկն է համարում: Կալանավորման որոշումը Խուդոյանն արդեն ստացել է, ասում է՝ այսօր կբողոքարկեն Վերաքննիչ դատարան, սակայն հույս չունեն, որ այն հենց այսօր կքննվի:
«Ցավոք սրտի, մեր դատական համակարգը չի ընձեռում այն հնարավորությունը, որ անձի ազատության հարցը քննարկվի այնքան հրատապ՝ ինչքան անձի անազատության հարցը: Այսինքն, երբ անձին կալանավորելուց լինեն, չեն նայի՝ աշխատանքային օր է, աշխատանքային ժամ է, անմիջապես, անհապաղ, թեկուզ առանց պատշաճ հիմնավորումների՝ անձին կարող են կալանավորել, երբ քննարկվում է անձին կալանքից գրավով կամ առանց խափանման միջոցի ազատելու հարցը, դատական քննությունը կարող է ձգձգվել ամիսներ»,- ասաց Արմեն Թավադյանի շահերի պաշտպանը:
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը պնդում է՝ այս դեպքը պետք է դիտարկել 2018-ի ապրիլից հետո մեկ ու կես տարվա ընթացքում մամուլի նկատմամբ տեղի ունեցած ճնշումների համատեքստում («Yerevan.today» «News.am», «Aysor.am», «Hayeli.am», «Հրապարակ» օրաթերթ, «Ժողովուրդ» օրաթերթ, «Կենտրոն» Հ/Ը): Նրա կարծիքով՝ 5-րդ ալիքի սեփականատիրոջ կալանավորման դեպքը կոնկրետ քաղաքական շեշտադրում ունի և ուղղված է ազատ խոսքի դեմ, քանի որ Թավադյանը երբեք չի թաքցրել իր քաղաքական դիրքորոշումը.
«Սա ես համարում եմ լրատվամիջոցի նկատմամբ անուղղակի ճնշման փորձ: Սեփական կարծիք ունենալու, տեղեկություն ստանալու, տարածելու ազատությունը խանգարելու փորձ և մի տենդենց, որն ուղղված է ամբողջ մամուլի, ազատ խոսքի դեմ: Մենք հիմա փորձում ենք ամփոփել տարվա ընթացքում մամուլի գործունեության խոչընդոտման դեպքերը, դատարաններում առկա հայցերը մամուլի դեմ, այն հայտարարությունները, որոնք պաշտոնյաների կողմից արվել են մամուլի դեմ:
Դրանք բավական լուրջ թիվ են կազմում, մտահոգիչ են: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն ավարտելուց հետո շատ կոնկրետ թիրախավորվելու է մամուլը»:
Ընդդիմադիր լրատվամիջոցների ղեկավարները պնդում են՝ մամուլի աշխատանքը դժվարացել է: Սաթիկ Սեյրանյանի պնդմամբ՝ բոլոր իշխանություներն էլ նպատակ են ունեցել խոչընդոտելու մամուլի աշխատանքը, սակայն դա չի ստացվել և չի ստացվելու: Որպես ասվածի ապացույց՝ Ժուռնալիստների միության նախագահը օրինակ բերեց նախկին իշխանությունների ժամանակ «Հայկական ժամանակ»-ի դեմ գործողությունները: 5-րդ ալիքի սեփականատեր Հարություն Հարությունյանի պնդմամբ՝ իրենց լրատվամիջոցի ներկայացուցիչները ճնշումների են ենթարկվում ամեն օր, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են գնալ 5-րդ ալիք հարցազրույցների, հնչեցնում են սպառնալիքներ լրագրողների և լրատվամիջոցի հասցեին, բայց ճնշումներին հակառակ՝ իրենց դիտողներն ավելանում են, իշխանությունների որդեգրած գործիքակազմը չի աշխատում:
«Այսօր բազմաթիվ են զանգերը մեր խմբագրություն, հարցնում են՝ ի՞նչ է պետք անել, գանք, ձեր կողքին լինենք, շատ-շատ են այդ զանգերը, նրանց մեջ կան նաև մարդիկ, որոնք 2018-ի ապրիլյան իրադարձությունների մասնակից էին: Հանրության արձագանքի փոփոխությունը մենք նաև տեսնում ենք մեր հրապարակումների մեկնաբանություններում: Մեկ տարի առաջ մենք ստիպված էինք փակել մեկնաբանությունները, այսօր թողնում ենք, քանի որ հայհոյանքներ և վատ մեկնաբանություններ գրողներն արդեն փոքրամասնություն են կազմում»,- ասաց նա: