«Արմեն Թավադյանին միանգամից տրվել է կասկածյալի կարգավիճակ». Փաստաբան

Այսօր ժամը 14:20-ին Մաշտոցի պողոտայից ՀՔԾ բերման է ենթարկվել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը: Մի քանի ժամ անց պարզ դարձավ, որ նա ձերբակալվել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու հատկանիշներով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմեն Թավադյանը:

«Մինչ այս հարցաքննության որևէ հրավեր չի եղել, այսինքն՝ նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ: Այժմ Արմեն Թավադյանը տեղափոխվում է ձերբակալվածների համար նախատեսված վայր»,- ասաց Թավադյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Հարցին, թե ի՞նչ հիմքով է Արմեն Թավադյանը հայտնվել ՀՔԾ-ում, արդյոք նրա դեմ կա՞ն ցուցմունքներ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ իրենց համար հիմքերը պարզ չեն, քանի որ ներկայացված նյութերում դրանք չկան:

«Ձերբակալման արձանագրության մեջ նշված են այլ մարդկանց գործողություններ, որևէ կերպ նշված չէ Արմեն Թավադյանի կողմից որևէ գործողության կատարում, վերջում այդ անձանց կատարած գործողությունները վերագրվել են Արմեն Թավադյանին, որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե իր որ գործողությունն է ՀՔԾ-ն համարում ապօրինի»,- ասաց նա:

Արմեն Թավադյանի նկատմամբ այս պահի դրությամբ մեղադրանք չի առաջադրվել: Եթե օրենքով սահմանված ժամկետում քննչական մարմինը որոշում կայացնի մեղադրանք առաջադրել և միջնորդել դատարանին խափանման միջոց ընտրելու համար, ապա, ինչպես պնդեց փաստաբանը,  եթե նույն գործով անցնող  Վարուժան Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին,  իր պաշտպանյալի դեպքում էլ պետք է գործի նույն սկզբունքը: Իսկ ինչպե՞ս է արձագանքել Արմեն Թավադյանն իրեն բերման ենթարկելուն, ապա ձերբակալելուն:

«Թավադյանը ցուցմունք չի տվել, հրաժարվում է առնչություն ունենալ ՀՔԾ-ի հետ, որքան իր դատավարական պարտականությունները դա թույլ են տալիս, գտնում է որ որևէ հիմք չկա իրեն քրեական հետապնդման ենթարկելու»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:
Փաստաբանը կարծում է, որ կատարվածն ուղղված է Արմեն Թավադյանի քաղաքական գործունեության դեմ և միտված է լռեցնել նրան ու իր լրատվամիջոցը:

Տեսանյութեր

Լրահոս