Լարված իրավիճակ Հովտաշատում՝ Ծառուկյանի անվան հետ կապվող տարածքներում
Այսօր առավոտից մի խումբ մարդիկ միջադեպ են հրահրել Արարատի մարզի Հովտաշատ համայնքում: Մի խումբ տղամարդիկ աղմուկ-աղաղակով իրենց մեքենաներով ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ձկնաբուծարանի տարածք ու փորձել բռնի ուժով լճերից գողանալ ձկները։ Այս պահին լարված իրավիճակ է գյուղում։ 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիան կազմակերպված է և կարծես թե մինչ այս պահը հատուկ սցենարով է ընթանում։
Հովտաշատցիները տարածք ներխուժելիս հայտարարել են, թե դրանք գյուղի հողերն են՝ «մեր տարածքում աճեցրած ձկները մերն են, ու եկել ենք տանենք»։ Հետո, երբ դիմադրության են հանդիպել, հրմշտոց է սկսվել, հայհոյախառն արտահայտություններով փորձել են սադրել ձկնաբուծարանի աշխատակիցներին։
Դեպքի վայրում իրավիճակն ավելի է թեժացել, երբ ժամանել է Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խումբը։
Նրանք հարձակվել են նկարահանող խմբի վրա, հարվածել ու հայհոյել լրագրողին և օպերատորին, վնասել տեսախցիկը:
Նշենք, որ ձկնաբուծարանն իրականում պատկանում է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կամ գոնե ԱՆ պետռեգիստրում գրանցված է նրա անունով։
Այս պահի տվյալներով՝ ահազանգից հետո միջադեպի վայր են ժամանել Սեդրակ Առուստամյանի ներկայացուցիչները, շուտով նաև ոստիկանության ծառայողները կհասնեն դեպքի վայր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ համայնքի բնակիչները ոչ մի կերպ չեն ենթարկվում ձկնաբուծարանի աշխատակիցների՝ տարածքը լքելու օրինական պահանջներին, նրանք շարունակում են սպառնալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին և ներկաներին՝ պնդելով, որ այդ գյուղն իրենցն է, և իրենք կարող են անել այն, ինչ ցանկանում են:
Սյուզի Բադոյան