Ի՞նչ են հայտարարագրել ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանն ու նրա հետ համատեղ բնակվող Ավետ Պողոսյանը

ԱԺ փոխնախագահի, ապա՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի պաշտոնի համար, ըստ տարբեր տեղեկությունների, պայքարող ՔՊ վարչության անդամ Արուսյակ Ջուլհակյանը 2025 թվականին ստացել է շուրջ 20 միլիոն դրամ եկամուտ, ձեռք է բերել նոր արժեթղթեր։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այս ներկայացուցչի «ձեռքբերումների» մասին տեղեկանում ենք տարեկան հայտարարագրից, որ կներկայացնենք առավել մանրամասն։

Այսպես, պատգամավորը հայտարարագրում չի նշել որևէ անշարժ գույքի մասին, սակայն հայտարարագրի՝ «հանձնված և վերադարձված փոխառություններ», ապա նաև՝ «ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» աղյուսակներում հիշատակել է կառուցապատողի՝ «Օրդ Դեվելոփմենթ» ՍՊԸ-ի և կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանի և ավտոկայանատեղիի ձեռքբերման մասին։ Վարկի մայր գումարի մնացորդի չափ է նշվել  25 միլիոն 807,345 դրամը։

Արուսյակ Ջուլհակյանն  «Ինեկոբանկ»  ՓԲԸ-ից, «Արմսվիսբանկ»  ՓԲԸ-ից,   «Հայէկոնոմբանկ»  ԲԲԸ-ից գնել է 7 պարտատոմս տարբեր արժույթներով․ պորտֆելի ընդհանուր արժեքը տարեվերջի դրությամբ կազմել է 37,790,000 ՀՀ դրամ:

Կարդացեք նաև

ՔՊ-ականը նաև հայտարարագրել է բանկային հաշիվների մնացորդներ՝ դարձյալ տարբեր արժույթներով՝ եվրո, դոլար, դրամ, որոնց դինամիկան տարվա ընթացքում ունեցել է հետևյալ տեսքը․  1,343.51 եվրոն տարեվերջին աճել է՝  կազմելով 3,361.06 եվրո, 1,383.04 դոլարը՝ նվազել և տարեվերջին կազմել 360 դոլար, դրամով բանկային հաշիվների մնացորդներն էլ գրեթե կրկնապատկվել են՝ 2,632,636.31 դրամից հասնելով 5,282,500 դրամի։

Պատգամավորը, ըստ հայտարարագրի, գրեթե չի գործածել կանխիկ միջոցներ․ նշել է տարեսկզբի 3000 դրամի և տարեվերջի 45 հազար դրամի մասին։

Ջուլհակյանի հաշվետու տարվա՝ 2025 թվականի 19,868,730.4 դրամ եկամուտն էլ գոյացել է «Ինեկոբանկ» ՓԲԸ ստացված փոխառություններից  (վարկեր)- 483,800 դրամ, նույն բանկից՝ տրված փոխառությունների/ավանդների դիմաց ստացված տոկոսներից- 105,287.5 դրամ, «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ից ստացած նույն եկամտից ՝ 3604 դոլար, 1255 եվրո, 1,925,000 դրամ, «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ից ստացած նմանատիպ եկամուտից՝ 1,314,720.1 դրամ, 262.58 դոլար, ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացած եկամտային հարկի վերադարձից՝ 2,253,562 դրամ, ապա նաև՝ ՀՀ ԱԺ-ից ստացած աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված վճարներից 13,503,580 դրամ։

Տարվա ընթացքում իշխանական պատգամավորը վարկի մարմանն ուղղել է 3,120,000 դրամ։

Ի՞նչ է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանի հետ համատեղ բնակվող չափահաս անձ Ավետ Պողոսյանը, որը թավշյա իրողություններից հետո զբաղեցրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, ապա ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2024 թվականից արդեն՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամի պաշտոնը: Ի դեպ, նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Ավետ Պողոսյանն իր 2025 թվականի հայտարարագրում, որը ներկայացրել է 2026 թվականի մայիսի վերջին օրը, նշել է 2 անշարժ գույքերի՝ մայրաքաղաքում բնակարանի և ավտոկայանատեղիի  մասին, որոնք գնել է 2024 թվականին և տնօրինում է միանձնյա։ Նա այս տարի ևս նշել է 2023 թվականին գնած 2019 թվականի արտադրության «Կիա» մակնիշի մեքենայի մասին։

Պողոսյանի՝ արտարժույթով բանկային հաշվի մնացորդը ՝ 1000 ԱՄՆ դոլարը, տարեվերջին մնացել է նույնը, իսկ դրամայինը՝ ավելացել 200 հազարով՝ կազմելով 1,2 միլիոն դրամ։

Ի տարբերություն Ջուլհակյանի՝ նա հայտարարագրել է բավականին կլորիկ կանխիկ գումար՝ 10 հազար ԱՄՆ դոլար։

Ավետ Պողոսյանի՝ հաշվետու տարվա 11,170,814 դրամ եկամուտն էլ գոյացել է Ֆինանսների նախարարությունից ստացած 100,000 դրամ այլ եկամուտներից և 2,143,018 դրամ եկամտային հարկի վերադարձից և  8,927,796  դրամ աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, որոնք ստացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով պետական մարմնից։

Հանձնաժողովականի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ    ընդհանուր ծավալով նշվել է 33,630,000 դրամ, որից 31,730,000 դրամ վարկի մայր գումարի չափի մնացորդի դիմաց նշվել է հիփոթեքի առարկա՝ բազմաբնակարան շենքում բնակարանը։

Ջուլհակյանի հետ համատեղ բնակվող Պողոսյանը տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է 4,284,000 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031