Ում դեմ են աշխատում վարչապետի արդարացումները
Նիկոլ Փաշինյանը սկսել է արդարացումներ հորինել իր ասածների ու արածների համար։ Բայց այնպես է ստացվել, որ դրանք աշխատում են ոչ թե իր օգտին, այլ իր դեմ։ Պատճառները պարզ են. վարչապետի ասածներն ու արածները շատ դեպքերում պարզապես չեն համընկնում։ Ավելին, երբեմն կապ չունեն իրականության հետ։ Ու, երբ իրականության հետ կապ չունեցող փաստերով փորձ է արվում հիմնավորումներ տալ այս կամ այն երևույթին, դա հետո շուռ է գալիս նրա դեմ։
Այնպես, ինչպես դստեր ավտոմեքենայի պատմությունը։ Ոչինչ, որ վարչապետը` անվտանգության նկատառումներով, արդարացնում է ավտոմեքենայի անհրաժեշտությունը, դեռ մի բան էլ չփաստարկված հիմնավորումներ է բերում դրա ձեռքբերման վերաբերյալ` փորձելով ձեռքի հետ էլ պատասխանատվությունը դնել նախկինների վրա։
«Կարևոր նորություն ՊՊԾ արխիվից. «վարչապետի դստեր ավտոմեքենան» գնելու պայմանագիրը կնքվել է 2018 թվականի ապրիլի 6-ին, երբ Մարիամ Փաշինյանը պոտենցիալ բանտարկյալի դուստր էր, ոչ թե վարչապետի: Սա նրանց համար, ովքեր կասկածով են վերաբերվում այն պնդմանը, թե այդ մեքենան ՊՊԾ-ինն է, պետությանը, ոչ թե Մարիամ Փաշինյանինը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։
Այս հայտարարությունից շատ չանցած պիտի պարզվեր, որ վարչապետի ասածները փաստերով չեն հիմնավորվում։ ՊՊԾ-ն 2018թ. ապրիլին, այսինքն` իշխանափոխությունից առաջ, նման ավտոմեքենա չի գնել։ Դա եղել է շատ ավելի ուշ, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ էր։
Կարևորն այն չէ, որ այդ մեքենան գնվել է և այսօր սպասարկում է վարչապետի ընտանիքին։ Գուցե անվտանգության առումով այդպես է պետք։ Բայց այն հիմնավորումները, որոնք բերվում են` տեղին չեն։ Տեղին չեն նաև այն արդարացումները, որոնք վարչապետը ներկայացնում է՝ ընդհանրապես ծառայողական ավտոմեքենաների առնչությամբ իր ասածների ու արածների հետ կապված։
«Մի շարք հարգելի օգտատերեր այս օրերին շրջանառում են տարիներ առաջ ԱԺ-ում ունեցած իմ ելույթը՝ Դանիայի ծառայողական մեքենաների մասին, և հարցադրում են անում. հիշում ե՞ս այս ելույթդ: Ոչ միայն հիշում եմ, այլև հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է: Եվ այս պրոցեսը շարունակվում է: Այսքան քիչ ծառայողական ավտոմեքենա Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել: Համենայնդեպս՝ վերջին 20 տարում: Ու մենք խնդիր ենք դրել՝ անընդհատ գերազանցել մեր իսկ ռեկորդը»։ Սա վարչապետի օրերս արված ֆեյսբուքյան գրառումն է։
Խոսքն այն հայտնի ելույթի մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանն իր «սկզբունքային» մոտեցումներն է ներկայացնում Հայաստանում առկա ծառայողական մեքենաների առատության առնչությամբ։
«Զարմանալի պետություն ենք ընդհանրապես։ Մենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին ծառայողական ավտոմեքենա ենք տալիս, ասում ենք՝ գնա գործի, արի տուն։ Մինչդեռ իրա գործը մեր բոլորի համար գործի գնալու, տուն գալու պայման ապահովելն է։ Էդ մարդու աշխատանքը ավտոբուսի մեջ, երթուղայինի մեջ ա։ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաներին, որոնց խնդիրը միջմարզային, միջքաղաքային տրանսպորտ ապահովելն է, «Տոյոտա Քեմրի» ենք տալի, ասում ենք՝ ախպեր, դու գնա մարզ, արի։ Իրա գործը էդ ավտոբուսների մեջ ա, թող մի հատ նստի, տեսնի՝ մարդիկ ո՞նց են գնում-գալիս։ Հայաստանի Հանրապետությունում պետք ա 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի` հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար»,- ժամանակին ասում էր Նիկոլ Փաշինյանը։
Այսօր, երբ նրան հիշեցնում են իր ասածները, փոխարենը դրանց պատասխանի` հայտարարում է, որ «հեղափոխությունից» հետո Հայաստանում 448 ծառայողական ավտոմեքենա է կրճատվել։ Բայց չէ՞ որ ժամանակին նա չէր ասում, թե քանի ծառայողական մեքենա պետք է կրճատվի։ Նա խոսում էր այն մասին, թե քանի ծառայողական մեքենա պետք է ունենա Հայաստանը։
Եվ քանի՞սն ունի։
Փորձենք տալ այս հարցի պատասխանը։ Ընդ որում, պետք չէ դրա համար սար ու ձոր ընկնել, ընդամենը պետք է բացել 2020թ. պետական բյուջեն և տեսնել, թե քանի ծառայողական մեքենա է կառավարությունը մտադիր պահել պետական բյուջեի հաշվին։
Բյուջեում կա այսպիսի մի փաստաթուղթ` «ՀՀ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակի վերաբերյալ»։ Այդ փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ 2020թ. պետական մարմինները կունենան 714 ծառայողական ավտոմեքենա։
Դա, անշուշտ, այն չէ, ինչ ժամանակին ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Որտեղ է 714-ը, որտեղ է 30-35-ը։
Ստացվում է, որ այսօր պետական մարմիններին սպասարկող ծառայողական մեքենաների քանակն առնվազն 20 անգամ շատ է, քան մինչև վարչապետ դառնալն ասում էր Նիկոլ Փաշինյանը։ Ու երբ նրան հիշեցնում են այդ մասին, ինչ-որ պատմական ցուցանիշների մասին է խոսում։ Բայց մոռանում է, որ իրենով չի սկսվել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը։ Մոռանում է, որ դեռևս իրենց առաջ արդեն սկսվել էր այդ պրոցեսը և շատ ավելի արագացված տեմպով։
Այդ գործընթացի մեկնարկը տրվեց դեռ 2014-2015թթ.։ Դուրս գրվեց միանգամից ավելի քան 1000 միավոր ավտոմեքենա։ 2016-2017թթ. ընթացքում էլ կրճատվեց պետական բյուջեի հաշվին սնվող շուրջ 197 ծառայողական մեքենա։
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է ծառայողական մեքենաների աննախադեպ կրճատումների մասին, պետք է իմանա, որ 2018թ. պետական բյուջեով պետական մարմիններն ունեցել են՝ 902, 2020թ. պետական բյուջեով կունենան 714 ծառայողական ավտոմեքենա։ Տարբերությունը 188 է։
Ու սա՝ դեռ չհաշված Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, հարկային ծառայության, Կենտրոնական բանկի, քաղաքապետարանների, գյուղապետարանների, հազար ու մի այլ պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ահռելի մեծ թիվ կստացվի, եթե գումարենք այդ բոլորը։
Դրանք այն ծառայողական մեքենաներն են, որոնք սպասարկում են տարբեր ռանգի պետական չինովնիկներին։ Ու դա այն մարդու վարչապետության շրջանում, ով ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանում պետք է ընդամենը 30-35 ծառայողական մեքենա լինի, այն էլ՝ հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաների համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ