«Որևէ ներդրող հեղափոխական երկրում ներդրումներ չի կատարում». Խոսրով Հարությունյան

«Հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրության համաձայն՝ մենք ունենք թե՛ արդյունաբերության, թե՛ ծառայությունների, թե՛ շինարարության ոլորտներում դրական տեղաշարժեր՝ նախորդ տարվա համեմատ: Բայց հանուն արդարության՝ պետք է ասել, որ նույն վիճակագրության տվյալների մեջ կան որոշակի հակասություններ»,- 2019 թվականի տնտեսական իրավիճակի մասին խոսելով՝ նման տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:

Հակասության օրինակներից մեկը Հարությունյանի համար այն է, որ ունենալով 8% արդյունաբերության աճ, 15% ծառայությունների աճ, 4-5% շինարարության աճ՝ ունենք էլեկտրաէներգիայի ծավալների նվազում: Ստացվում է, որ սխալ են կա՛մ այն թվերը, որոնք ցույց են տալիս դրական տեղաշարժ, կա՛մ այն թվերը, որոնք պատկերում  են նվազում:

Խոսրով Հարությունյանի համար դրական ծրագրերից են համայնքային ենթակառուցվածքների արդիականացման նախագծերը, որոնց հիմնական մասն ուղղված է ճանապարհների արդիականացմանը, ավիացիայի ոլորտի դրական տեղաշարժը:

Այս ամենի կողքին Հարությունյանի համար մնում է մեկ հարց, որը, ըստ նրա՝ Հայաստանի թիվ 1 խնդիրն է:

«Արդյո՞ք այդուհանդերձ կառավարությանը հաջողվել է, թեկուզ կարճաժամկետ, ստեղծել պայմաններ տնտեսության դինամիկ ու անընդհատ աճի համար, այսինքն՝ ներդրումներ ապահովել: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք»,- նկատեց Հարությունյանը:

Հարությունյանի մոտ տպավորություն է, որ կառավարությունը  2020 թվականի բյուջեն  որպես պահպանողական՝ 4.9%, ներկայացնելը նպատակ ունի հետագայում քննարկումների թիրախից խուսափել: Նա նաև մտահոգություն ունի, թե նման թիվ ներկայացնելն ապացուցում է, որ կառավարությունը դինամիկ քայլերով աճ ապահովելու հնարավորությունը սահմանափակ է գնահատում:

Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահի խոսքով՝ այսօր ոչ այնքան մտահոգիչ է այն, որ չկան ներդրումներ, այլ այն, որ կառավարությունը ոչ թե  փորձում է վերլուծել, թե որն է ներդրումներ չլինելու պատճառը, այլ քողարկում է ներդրումներ չլինելը:

«Ժամանակն է, որ գիտակցենք, որ հեղափոխությունը պրոպագանդելով՝ մենք ներդրողներին չենք գայթակղում: Կարծում եմ՝ ճիշտ հակառակն է տեղի ունենում: Որևէ ներդրող հեղափոխական երկրում ներդրումներ չի կատարում»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, թե այսօր բազմաթիվ պոտենցիալ ներդրողներ գլոբուսի վրա Հայաստանի տեղը չգիտեն:

Ներդրումներ ապահովելու համար Հարությունյանն անհրաժեշտ է համարում ներդրումներ ապահովող համակարգի ստեղծում: Դրա մաս, ըստ Հարությունյանի, կարող են լինել մեր դեսպանները, եթե զբաղվեն տնտեսական դիվանագիտությամբ: Մինչդեռ մեր դեսպաններին նման հրահանգ անգամ չի տրվում:

«Հայաստանը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի, ինչի գործունեության համար նախկինները լուրջ քայլեր էին կատարել: Հայաստանը կարելի է վերածել  եվրոպական և եվրասիական տնտեսական հնարավորությունների համար իդեալական հարթակի»,- փաստում է Հարությունյանը՝ նկատելով, որ օրվա իշխանությունները երկրի այդ առանձահատկությունը չեն օգտագործում:

 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս