«Միամտաբար կարծում էի՝ պետությունը պարտավոր է սատար կանգնել այն նախաձեռնություններին, որոնք պրոպագանդում են խելացի լինել». Արման Աբովյան
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է հանուն ինտելեկտուալ Հայաստանի համաժողովրդական դրամահավաքի մասին (հ/հ 24106041654200 ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ):
Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար Կառավարությունը ֆինանսավորում չի հատկացրել:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն առաջարկել էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի 2020 թվականի արտոնագրի համար 17 մլն դրամ տրամադրել պետբյուջեից, սակայն առաջարկությունը չէր ընդունվել։
Կառավարությունը մերժումը հիմնավորել է այն պատճառաբանությամբ, թե ֆինանսավորումը դիտարկում են՝ ըստ սահմանված ծրագրերի ու միջոցառումների անհրաժեշտության։
Կ. Քոչարյանը ֆեյսբուքյան եթերում մասնավորապես նշել էր. «Արդեն 17 տարի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստահաղորդումը հայաստանյան եթերում է, 17 տարի այն ունեցել է նաև պետական աջակցություն: Ստացվել է այնպես, որ այս տարի կառավարությունը չի ֆինանսավորում արտոնագիրը, որը մենք ձեռք ենք բերում ռուսական «Իգրա թիվի» հեռուստաընկերությունից, որին և պատկանում են այս հաղորդման հեղինակային իրավունքները:
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը վաղուց արդեն դարձել է համաժողովրդական, և այն եթեր կհեռարձակվի՝ ի հեճուկս նրանց, ովքեր կարծում են, որ ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան չի կարող լինել. Ինտելեկտուալ հեռուստատեսություն և ինտելեկտուալ Հայաստան լինելու է»:
168.am–ը ԱԺ պատգամավոր Արման Աբովյանից ճշտեց, թե ինչպե՞ս է գնահատում Կառավարության որոշումը և կմասնակցի՞ արդյոք խաղի համար կազմակերպվող դրամահավաքին:
Ի պատասխան՝ նա մասնավորապես նշեց. «Ինձ համար շատ զարմանալի է, թե ինչու պետությունն այս անգամ զերծ մնաց ինտելեկտուալ այս խաղի արտոնագրի ֆինանսավորումից, և շատ մտահոգիչ, որովհետև ես միամտաբար կարծում էի, որ պետությունը պարտավոր է սատար կանգնել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք պրոպագանդում են խելացի լինել: Մասնակցելու եմ դրամահավաքին և ամեն ինչ անելու եմ, որ այն հաջողվի: Ամեն դեպքում, շատ մտահոգիչ փաստ է, իհարկե, հետևություններ եմ անելու»: