Քոչարյանի պաշտպանները դատավոր Լուսինե Աբգարյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ այսօր սկսվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ որոշման դեմ:
Դատական նիստի մի մասը դռնփակ անցկացնելուց հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դատավոր Աբգարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց: Փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց news.am լրատվական կայքի հրապարակման մասին, որի համաձայն՝ դատավոր Աբգարյանի եղբայրը՝ Դավիթ Աբգարյանը, Facebook սոցիալական կայքում տարածել է Սերժ Թանկյանի այն գրառումը, որտեղ վերջինը գրել էր, թե ուրախ է, որ Ռոբերտ Քոչարյանը կրկին բանտում է: Փաստաբանը հրապարակեց նաև կայքից վերցրած մեկ այլ փաստ, համաձայն որի՝ դատավոր Աբգարյանի եղբայր Դավիթ Աբգարյանը՝ ներկայում ՍԴ դատավոր, նախկինում Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի մտերիմ ընկերներից է:
Փաստաբան Արամ Վարդևանյանի ներկայացրած միջնորդության մեկ այլ հանգամանքի համաձայն՝ դատավոր Լուսինե Աբգարյանը, ըստ court.am կայքի՝ պետք է դեկտեմբերի 17-ից լինի արձակուրդում: Իսկ օրենքի համաձայն՝ դատավորի անունն արձակուրդի գնալուց 10 օր առաջ պետք է հանվի այն դատավորների ցանկից, ում հնարավոր է գործ մակագրել: Իսկ Քոչարյանի գործը դատավոր Աբգարյանին մակագրվել է դեկտեմբերի 10-ին:
Հիմք ընդունելով այս հանգամանքները՝ փաստաբանները փորձեցին հիմնավորել, որ անկողմնակալ դիտորդը կարող է տպավորություն ստանալ, թե դատարանն անաչառ լինել չի կարող, ապա միջնորդություն ներկայացրին դատավոր Աբգարյանի ինքնաբացարկ հայտնելու մասին:
Դատավոր Աբգարյանը պարզաբանեց, որ արձակուրդ գնալու է ոչ թե դեկտեմբերի 17-ից, այլ դեկտեմբերի 24-ից:
Անդրադառնալով միջնորդությանը՝ մեղադրող կողմն առարկեց, որ իրենց դատավորի ինքնաբացարկի հիմքեր չեն տեսնում: Նման տեսակետ հայտնեցին նաև տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:
Դատավոր Լուսինե Աբգարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակի դեկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին:
Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին ներկա չէր՝ հիվանդանոցում լինելու պատճառով: Նա դիմում էր ուղարկել դատարան՝ խնդրելով դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Հիշեցնենք, որ այս գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատավոր Պապոյանը բավարարել էր մեղադրող կողմի միջնորդությունը, ինչից հետո գործը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին:
2019թ. նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռ. Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը: