Շշուկներ կան, որ քաղաքապետի տիկինը լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում. Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանին այսօր արտահերթ նիստում որոշեց՝ մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներով այսուհետև մասնավոր ընկերությունների փոխարեն՝ կզբաղվի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը: Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հարցին ի պատասխան՝ պարզաբանեց, որ քաղաքի բյուջեից կանաչապատման համար 3 մլրդ 400 մլն դրամ կտրամադրվի, որից ավելի քան 2 մլրդ-ն աշխատավարձերի ֆոնդն է լինելու: Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ քվեարկեց ՀՈԱԿ-ի ստեղծմանը, քանի որ, ըստ ավագանու ընդդիմադիր անդամների, մրցակցության բացակայությունը կոլապսի է հանգեցնելու: Դավիթ Խաժակյանը թեմայի մասին իր ելույթի ժամանակ ասաց.
«Քաղաքային և կենտրոնական իշխանությունները հաճախ ասում են՝ «մենք դուրս ենք «իզմ»-երից»: Ես ուզում եմ ձեզ ասել, սիրելի գործընկերներ, որ դուք «իզմ»-երից դուրս չեք, այս ամենը, ինչ որ մենք իրականացնում ենք, լավ էլ «իզմ»-երի մեջ տեղավորվում է և կոչվում է «սոցիալիզմ»: Դուք գնում եք պլանային տնտեսության մոտեցմամբ և որոշում եք, որ ամեն ինչ պետք է անի համայնքը: Վաղն էլ կարող ենք ասել՝ ասֆալտապատումն ինչո՞ւ ենք տալիս մասնավորին, եկեք մենք ասֆալտի գործարան բացենք, սկսենք դա անել, շահույթ չենք հետապնդի, ավելի էժան կնստի»:
Քանի որ այս պահին որևէ մասնավոր ընկերություն նման ծավալի աշխատանք անելու բավարար հնարավորություններ չունի, ավագանու ընդդիմադիր անդամներն առաջարկում էին քաղաքը բաժանել մի քանի ընկերությունների միջև: 168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ կրկնվելու է նույնը, ինչ եղավ աղբահանության հիմնարկի դեպքում:
«Քաղաքային իշխանությունները հաճախ բարձրաձայնում են համայնք-մասնավոր համագործակցության մասին, բայց ինչ եկել են իշխանության՝ ամեն ինչ վերցնում են մասնավորից, և իրենց ուղեղի տրամաչափով դա ավելի ճիշտ է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մասնավորը նմանատիպ քաղաքային տնտեսությունն ավելի ճիշտ է կառավարում, քան համայնքը: Եթե քաղաքապետը չի կարողանում նորմալ կառավարում իրականացնել իր կապալառուների հետ կապված, դա դեռ չի նշանակում, որ մասնավորը վատ է կառավարում»,- ամփոփեց միտքը «Լույս» խմբակցության անդամը:
Ամեն դեպքում, որոշումն ընդունվեց: Որպես նոր ՀՈԱԿ-ի տնօրեն՝ շրջանառվում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի անունը: Այս պնդումը փոխքաղաքապետն ու քաղաքապետը չժխտեցին: «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց, թե ի՞նչ վիճակի են իրենք ականատես եղել, երբ այցելել են Արմեն Բեգոյանի կառավարած ՀՈԱԿ-ի տարածք, և մտավախություն հայտնեց, որ նա կձախողի նոր ՀՈԱԿ-ի կառավարումը ևս:
«Մենք ամիսներ առաջ եղանք այն ՀՈԱԿ»-ում, որը կառավարում է Արմեն Բեգոյանը, և տեսանք, թե, մեղմ ասած, ինչ «փնթի» միջավայր էր, ինչպես են աշխատում, բժիշկների հագին անգամ խալաթ չկար, անթույլատրելի պայմաններ էին, և դա ամենևին կապ չունի շենքի կամ դրա վերանորոգման հետ:
Մենք բազմաթիվ փաստեր բարձրաձայնեցինք, որի վրա քաղաքապետն աչք փակեց, քանի որ պարոն Բեգոյանը քաղաքապետի սիրելին է, ըստ շշուկների՝ քաղաքապետի տիկնոջ մտերիմն է, քաղաքապետի տիկինը, փաստորեն, լուրջ գործառույթներ ունի քաղաքապետարանում, որի մասին մենք տեղեկություններ չունենք: Շշուկներ ենք լսում, որ քաղաքապետի տիկինը մասնակցում է գործակարգավարական նիստերին, այսինքն՝ ավագանու անդամները, ում անմիջական լիազորությունն է՝ վերահսկել քաղաքապետի աշխատանքը, իրավունք չունեն մասնակցելու այդ նիստերին, բայց «կողքից, կշտից», ինչպես ժողովուրդն է ասում, բազմաթիվ մարդիկ են մասնակցում»,- տարածված շշուկների մասին մանրամասներ փոխանցեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: