Հրդեհների պատճառով Սիդնեյում օդի աղտոտվածությունը բազմակի գերազանցել է վտանգավոր մակարդակը
Ավստրալիայում մոլեգնող ընդգրկուն հրդեհներն այս երկրում օդի աղտոտվածության մակարդակի սպառնալի բարձրացման պատճառ են դարձել: Այդ մասին դեկտեմբերի 16-ին հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Climate and Health Alliance առողջապահության ծառայությունների միավորումը։
«Հրդեհներից ծուխը հանգեցրել է այն բանին, որ օդի աղտոտվածությունը ստանդարտ «վտանգավոր մակարդակից» 11 անգամ բարձր է Սիդնեյի եւ Նոր Հարավային Ուելսի (նահանգի) մի շարք շրջաններում»,-ԶԼՄ-ները մեջբերում են անում կազմակերպության հայտարարությունից:
Դրա հետ մեկտեղ Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտում նշել են, որ շնչառության հետ կապված խնդիրների պատճառով անցած շաբաթ հիվանդանոցներ դիմած մարդկանց թըվը 48 տոկոսով աճել է անցած հինգ տարվա միջին ցուցանիշների համեմատությամբ:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ վերջին ամիսներին Ավստրալիայում տեղի են ունեցել հարյուրավոր հրդեհներ: Ներկայում հրդեհների հարյուրից ավելի օջախներ են գրանցվված Նոր Հարավային Ուելսում, ներառյալ խոշոր հրդեհը Սիդնեյի հյուսիսում, որն ընդգրկել է ավելի քան 400 հազար հեկտար տարածք: Ավելի վաղ հրդեհների պատճառով Ավստրալիայում զոհվել է առնվազն վեց մարդ:
Նաեւ ոչնչացել է ավելի քան 700 շինություն, այրվել է ոչ պակաս, քան 3 մլն հեկտար հողատարածք: Այս շաբաթ իշխանությունները Քվինսլենդի նահանգի հարավում օրական 80 լիտրով կսահմանափակեն ջրի սպառումը 35 հազարից ավելի մարդկանց համար, նշում են ԶԼՄ-ները: Ըստ պաշտոնական տվյալների, 2019 թվականը կարող է ամենաշոգ տարիներից մեկը դառնալ Ավստրալիայում դիտարկումների ողջ ժամանակաշրջանում, եւ արդեն այս շաբաթ երկրում կարող են դիտվել ջերմաստիճանային ռեկորդներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: