«Այո, օրերս ես կրկին հրավիրվել եմ ՀՔԾ՝ «Մարտի 1»-ի ցուցմունքները հրապարակելու գործի շրջանակներում». Քնար Մանուկյան
168.am-ը տեղեկացրել էր, որ «Ժողովուրդ» օրաթերթի՝ ս/թ մարտի 14, 15, 16-ին «Մարտի 1»-ի գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո շարքի հրապարակումների վերջին օրը՝ մարտի 16-ին, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական գործ հարուցեց «առանց քննիչի և դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով»:
Այս գործի քննության ընթացքում, 168.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն թերթի գլխավոր խմբագիր, լրագրող Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները, քանի որ ավելի վաղ գործով որպես վկա ներգրավված «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը հարցաքննության ժամանակ հրաժարվել է բացահայտել իր աղբյուրը՝ ասելով, որ նախ՝ նախաքննական գաղտնիք չի բացահայտել, քանի որ գործով կողմ չէ և չի տիրապետում գաղտնիքի, բացի այդ, սպասարկել է հանրային շահ:
Փորձելով հասկանալ, թե, այնուամենայնիվ, գաղտնալսվե՞լ է արդյոք լրագրողի հեռախոսը, 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՔԾ: Խնդրել էինք պատասխանել՝ արդյո՞ք վերծանվել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը, և արդյո՞ք գաղտնալսվել է Քնար Մանուկյանի հեռախոսը:
Ինչպես և ակնկալում էինք, ՀՔԾ-ից ստացանք ոչինչ չասող պատասխան:
«Ի պատասխան 11.12.2019թ.-ի Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված էր ՀՔԾ պատասխանի մեջ:
168.am-ի հետ զրույցում Քնար Մանուկյանը մանրամասներ չհայտնեց: նա միայն ասաց, որ օրերս կրկին «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները հրապարակելու գործի շրջանակներում հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության:
«Սակայն ես ստորագրել եմ, որ նախաքննական գաղտնիք չեմ հրապարակելու, այլապես դա կարող են իմ դեմ օգտագործել, քանի որ գործով նախաքննություն է ընթանում: Միայն կարող եմ ասել, որ դիմել եմ ՄԻՊ Արման Թաթոյանին իմ խախտված իրավունքների հարցով»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը:
Փորձեցինք հասկանալ, թե Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ի՞նչ ընթացք է տվել լրագրողի բողոքին: Մեզ խոստացան ավելի ուշ պատասխանել, և ստանալուն պես մենք անպայման կհրապարակենք ՄԻՊ պատասխանը:
Ի դեպ, իրավապահ մարմիններին, մասնավորապես՝ ՀՔԾ-ին, հիշեցնենք, որ խոսքի ազատությունն ու հանրային շահը բացարձակ արժեքներ են, և այդ թվում՝ նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ է լրագրողը պաշտպանված իր աղբյուրը չբացահայտելու հարցում:
Իսկ թե ի՞նչ հիմնավորմամբ է դատարանը բավարարել նախաքննական մարմնի՝ լրագրողի հեռախոսազրույցները գաղտնալսելու ու զանգերը վերծանելու միջնորդությունը՝ հուսով ենք դեռ կպարզաբանվի: