«Վարչապետի ասած՝ «ասֆալտին փռել» արտահայտությունն ատելության խոսք չէ». «Իմքայլական» պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից արված «ասֆալտին փռելու» մասին արտահայտությունն ատելության խոսք չէ, քանի որ այդ արտահայտությունը թիրախավորված չէ և պարբերական բնույթ չի կրում:

«Այստեղ մենք տեսնում ենք, թե վարչապետն ում մասին է խոսում, նա խոսում է հանցագործների մասին և այստեղ որևէ գործողության չի մղում մարդկանց կամ խմբերի: Նորից եմ կրկնում՝ այստեղ պարբերականությունը շատ կարևոր է, նաև այդ խումբն է կարևոր, ինչպես նաև գործողությունների ռիսկայնությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սարգիս Խանդանյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

Հարցին՝ հեղափոխության օրերին, երբ նախկին իշխանության ներկայացուցիչների տուն ծաղկեպսակներ էին ուղարկում, կամ նրանց անուններով սև ժապավեններ էին հայտնվում փողոցում, դա ատելության խո՞սք էր, թե՞ ոչ, Սարգիս Խանդանյանը պատասխանեց, որ նման գործողությունները գուցե այլ իրավակարգավորումների անհրաժեշտություն ունեն:

«Հենց սրա համար է ստեղծվում աշխատանքային խումբը՝ հասկանալու, թե որն է այն սահմանը, որից այն կողմ արդեն խոսքի ազատության սահմանափակում կա»,- շեշտեց պատգամավորը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս