
«Առհասարակ գազի որակն են գցել, քշել չի լինում, ուզում ենք մասսայական ստուգումներ». վարորդները՝ իշխանություններին

Մեքենա շահագործողները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգելով վառելիքների լիցքավորման (բենզին, պրոպան, մեթան) կետերում տիրող իրավիճակի մասին:
Նրանց փոխանցմամբ՝ բենզինը լցնում են համատարած 10% պակաս, պրոպանը և մեթանը՝ 20% և ավելի պակաս։ Բոլորի չափիչ սարքերը պետք է լինեն ստուգված և կնքված, վառելիքի որակը չունի համապատասխան կալորիականությունը:
«Ուզում ենք մասսայական ստուգումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասացին վարորդները:
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 1-ից գազալցակայաններում սեղմված գազը վաճառվում է ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով:
«Առհասարակ գազի որակն են գցել, քշել չի լինում, օրեցօր զգալի տարբերություն է տալիս: Մի քանի օր առաջ լցրել եմ «Արմենիա» հեռուստաընկերության մոտից, դատարկ 1.3 բալոնը կազմեց 3780 դրամ։ Նման բան չէր եղել, զարմացա, ասում է՝ սառն է գազը: Վարել եմ 174 կմ։ Հետո լցրեցի Եղվարդի ճանապարհի գազալցակայանից՝ կազմեց 3300 դրամ։
Ամեն օր տարբեր գազալցակայաններից գազ ենք լցնում: Ինչպե՞ս կարող է Սևանում 1.3 բալոնը կազմել 2800 դրամ, Իսկ Երևանում՝ 4000: Կամ՝ 1.6 բալոնը Սևանում 3500 դրամ կազմի, Իջևանում՝ 4500:
Մի ժամանակ 3000 դրամի դեպքում ճնշումը 210 էր, հիմա՝ 170: Դուրս ես գալիս ու մնում ճամփին»,- նշում են վարորդները:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից էլ հորդորում են՝ միանգամից բողոքն ուղարկել տեսչական մարմնին կամ զանգահարել թեժ գծին, որպեսզի կարողանան բողոքին ընթացք տալ: Իսկ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հետ կապ կարող են հաստատել՝ զանգահարելով թեժ գիծ՝ (010) 23-56-00 հեռախոսահամարով:
Հավելենք, որ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ նոյեմբերի 19-ին ընդունել է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, համաձայն որի՝ Տեսչական մարմինն այսուհետև գազալցակայաններում և բենզալցակայաններում կարող է ստուգումներ կատարել առանց նախազգուշացման: Օրենքն ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից վավերացումից հետո: Նշենք, որ նախկինում տնտեսվարող սուբյեկտներին ստուգելուց առաջ տեսչական մարմինը, ըստ օրենքի, առնվազն 3 աշխատանքային օր առաջ պետք է ծանուցեր ստուգման մասին, նոր գնային ստուգման։ Իսկ այդ դեպքում տնտեսվարողները՝ տեղեկանալով ստուգման մասին, իրենց մոտ չափիչ սարքերը կարգավորել են, և ստուգումների դեպքում ամեն ինչ նորմալ է եղել, որից հետո նորից վերադարձել են նախկին պայմաններին ու թույլ են տվել որոշ չարաշահումներ: