700.000 մարդ ապրում է աղքատության մեջ, իսկ իշխանության էլիտան չի ուզում աշխատել չոր աշխատավարձով

Մինչ ժողովուրդը հույսով սպասում է, թե, ի վերջո, երբ է ինքն էլ ճաշակելու հեղափոխության խոստացած բարիքները, կառավարության ղեկավարներն ու ժողովրդի ընտրյալները լիուլի վայելում են պետության փողերը։ Պետական բյուջեն նրանց համար դարձել է միջոց` իրենց կարիքները բավարարելու համար։

Քանի կար, կառավարությունն էր բարձրացնում նախարարների ու բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այն էլ՝ հասարակության աչքից հեռու, հիմա էլ հերթն Ազգային ժողովինն է։ Պարզվում է, ժողովրդի ընտրյալներն էլ պակաս ախորժակ չունեն և կառավարությունից հետ չեն մնում։

Ազգային ժողովում նույնիսկ այնքան են ոգևորվել, որ 10 ամսվա ընթացքում հասցրել են 14 անգամ պարգևավճարներ բաժանել։ Ժողովրդի ընտրյալներին և ԱԺ աշխատակազմին այս տարվա ընթացքում տրված 14 պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 909 մլն դրամ։ Խոսքը գրեթե 2 մլն դոլարի մասին է։ Ու դա հավանաբար դեռ ամենը չէ։ Ամանորին ընդառաջ՝ պարգևավճարներ հաստատ կլինեն։ Գուցե կրկնակի կամ եռակի ավելի շատ։

Կառավարությունից ու Ազգային ժողովից հետ չեն մնում նաև մարզպետներն ու Երևանի քաղաքապետը։

Քաղաքական էլիտան այլևս չի կարող բավարարվել չոր աշխատավարձով։ Հիմա արդեն 600.000-ը կամ 700.000-ը շատ քիչ է նրանց համար։ Ոչինչ, որ այսօր հասարակության մի ստվար հատված նույնիսկ չոր աշխատավարձից է զրկված։ Խոսքը ոչ թե հարյուր հազարների, այլ նույնիսկ տասնյակ հազար դրամների մասին է, որի կարիքը մարդիկ մեծապես զգում են։

Ժամանակին ժողովրդի հոգսն իրենը համարող քաղաքական իշխանությունը վաղուց արդեն մոռացել է ժողովրդի մասին։ Հիմա նրան ավելի շատ հետաքրքրում է իր անձնական բարեկեցությունը, քան թե ժողովրդի վիճակը։ Ու բնավ կարևոր չէ, որ հասարակության մի ստվար հատված օրվա հացի խնդիր ունի, իսկ բնակչության գրեթե մեկ քառորդը տառապում է աղքատության մեջ։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի բնակչության 23,5 տոկոսն աղքատ է։ Խոսքը 700.000 մարդու մասին է, ում ամսական եկամուտը չի հասնում նույնիսկ 43.000 դրամի։ Իսկ կառավարության անդամներն ու ժողովրդի ընտրյալները չեն բավարարվում 600-700.000-ով։ Ու դրա համար լայնորեն օգտվում են պարգևավճարներից` արդյունքում՝ ստանալով ընդհուպ մինչև 1,5 մլն դրամ աշխատավարձ կամ եկամուտ` կարևոր չէ, թե դա ինչպես կկոչվի։

Պարզվում է՝ կառավարության անդամների ու ժողովրդի ընտրյալների համար բյուջեում փող կա, բայց աղքատների համար չկա։ Անցած տարվա արդյունքներով՝ Հայաստանում շուրջ 30.000 ծայրահեղ աղքատ կա։ Նրանք ստանում են ամսական 25.000 դրամից պակաս եկամուտ։

Ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնելու համար, ըստ պաշտոնական հաշվարկների, պահանջվում է ընդամենը 1 մլրդ դրամ։ Խոսքը շուրջ 2 մլն դոլարի մասին է։ Այսինքն` այնքան, որքան ժողովրդի ընտրյալներն ու Ազգային ժողովի աշխատակազմը 10 ամսվա ընթացքում ստացել է միայն պարգևավճարների տեսքով։ Ու եթե այդ գումարները չվճարվեին` կարելի էր Հայաստանում վերացնել ծայրահեղ աղքատությունը։

Բայց այն այսօր էլ կա։ Ու հավանաբար առաջիկայում դեռ շարունակելու է լինել։ Կառավարությունն իր առջև խնդիր է դրել ծայրահեղ աղքատությունը երկրում վերացնել 5 տարվա ընթացքում։ Թեև դեռ հարց է, թե դա որքանո՞վ կհաջողվի։

Աղքատության հաղթահարման համար ոչ միայն փող է պետք, այլև այնպես անել, որպեսզի այդ փողը հասնի ճիշտ հասցեատիրոջը։ Իսկ դա միշտ չէ, որ հաջողվում է։ Բայց դա կառավարության խնդիրն է։ Կառավարությունը պարտավոր է ստեղծել արդյունավետ մեխանիզմներ, որպեսզի գումարները ծառայեն իրենց նպատակին։

Աղքատության կամ  ծայրահեղ աղքատության թուլացման ակնկալիքով անցած տարի որոշվեց բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։ Արդյունքում՝ այն դարձավ 25.500 դրամ։ Հաջորդ տարի էլ կավելանա, բայց ընդամենը հազար դրամով, և կդառնա 26.500։

Բայց մի՞թե դրանով լուծվեց խնդիրը։ Այդ ինչպե՞ս է, որ կառավարության անդամներն ու ժողովրդի ընտրյալները չեն կարողանում ապրել 600-700.000 դրամով, իսկ մյուսները պիտի ապրեն 25.000-ով կամ 26.000-ով։

Ու այսպես մի օր էլ հայտարարվելու է, որ Հայաստանում ծայրահեղ աղքատություն չկա։ Ոչինչ, որ այդ ժամանակ էլ մարդիկ ավելի լավ չեն ապրելու, քան ապրում էին մինչ այդ։ 25.000-ը, որը համարվում է ծայրահեղ աղքատության շեմը, այն գումար չէ, որ պետք է հերիքի մարդկանց նվազագույն կարիքները բավարարելու համար։

Էլ չասենք, որ շուրջ 285.000 մարդ, ով համարվում է չափավոր աղքատ, ստանում է ամսական 35.000 դրամ։ 385.000 աղքատների եկամուտներն էլ չեն անցնում 43.000-ից։

Ու այս պայմաններում` իշխանության վերնախավը չի ուզում աշխատել 600.000-700.000 հազար դրամ չոր աշխատավարձով։ Բա ի՞նչ անեն նրանք, ովքեր ապրում են հազիվ 25-30 կամ նույնիսկ 40.000 դրամով։

Այսօրվա իշխանավորները ժամանակին խոսում էին սոցիալական բևեռացվածության մասին։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ դրա վառ օրինակը, մի դեպքում՝ մարդկանց եկամուտներն ավելացնում ենք հազար կամ 2000-ով, մյուս դեպքում՝ հարյուր հազարներով։

Եթե կառավարությունն այնքան հնարավորություններ չունի, որպեսզի պետական բյուջեի հաշվին լուծի հասարակության աղքատ հատվածի խնդիրները, ապա պետք է բարի լինի պայմաններ ստեղծել նրանց աշխատանքով ապահովելու համար։ Ի վերջո, աղքատության հաղթահարման լավագույն տարբերակն աշխատանքն է և արժանապատիվ վարձատրությունը։ Բայց թե՛ մեկը, և թե՛ մյուսը Հայաստանում չկան։

Պաշտոնական տվյալներով՝ երկրում այսօր հաշվվում է ավելի քան 235.000 գործազուրկ։ Եվ դա է առաջին հերթին աղքատության այն բարձր մակարդակի պատճառը, որ կա երկրում։ Մարդիկ աշխատանք չունեն։

Անիմաստ են այն բոլոր խոսակցությունները, որ աշխատատեղ կա, բայց աշխատելու ցանկություն չկա։ Թափուր աշխատատեղեր միշտ էլ եղել են։ Բայց դրանք հիմնականում խիստ մասնագիտական են, կարճաժամկետ և ցածր վարձատրվող։

Թեև իշխանափոխությունից հետո Հայաստանում արձանագրվել է գործազրկության մակարդակի կրճատում, այնուհանդերձ դա ամենևին չի նշանակում, թե նոր աշխատատեղեր են բացվել։ Այդ աշխատատեղերն իրականում եղել են նաև նախկինում, բայց տարբեր պատճառներով չեն հայտարարագրվել։

Թաքնված աշխատատեղերի բացահայտումը, անշուշտ, փոխում է գործազրկության պատկերը։ Բայց դրանից իրական զբաղվածությունը չի ավելանում։ Մի բան, ինչն անհրաժեշտ է աղքատության խնդիրները լուծելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս