«Կասկած ունեմ ներկայիս իշխանությունների կոմպետենտության վերաբերյալ». Լիլիթ Թումանյան

«Ադեկվադ» միաբանությունն այսօր Արցախի թեմայով ասուլիս էր հրավիրել և հերթական անգամ հանդես եկավ իշխանություններին քննադատողի դիրքերից: 168 TV«Ռեվյու» հաղորդման ժամանակ «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ են պայմանավորված իրենց կոշտ գնահատականները, եթե հաշվի առնենք, որ Զոհրաբ Մնացականյանի երեկվա ելույթում հնչած Արցախի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը նախկինից գրեթե չի տարբերվում:

«Այդ հայտարարությունը եղավ այն ժամանակ, երբ 1.5 տարուց ավելի մենք չենք լսում իշխանությունների կողմից արցախյան հարցի լուծման հստակ դիրքորոշում և կարգավորման ուղիներ: Մենք լսում ենք տարատեսակ հայտարարություններ՝ բավականին իրարամերժ, որոնք վկայում են ամեն ինչի մասին, բացի հստակ դիրքորոշումից՝ ի տարբերություն նախորդ իշխանությունների, երբ հստակ էր, թե ինչ է ուզում Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա՝ հստակեցնելով, թե նախկինում ինչ էր ուզում ՀՀ իշխանությունը:

«ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը և այն գաղափարի ջատագովն է, որ Արցախն իրավունք ունի իրացնել իր ինքնորոշման իրավունքը, և դա հարցականի տակ չի դրվում: Եվ նոր միայն դրանից հետո կարելի է խոսել բանակցային հաջորդ փուլերի մասին: Հիմա Ադրբեջանն ամեն կերպ մեզ դրդում է դեպի առարկայական բանակցություններ, որոնց մասին մինչ այդ խոսք լինել չէր կարող»,- ընդգծեց նա:

Լիլիթ Թումանյանի գնահատմամբ՝ Զոհրաբ Մնացականյանի հայտարարության մեջ կային բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք անվանում ենք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի. «Իհարկե, ներառում է նաև խաղաղության պատրաստելու թեզերը: Այսինքն՝ յուրատեսակ միքս է նախորդ բոլոր դիրքորոշումներն ու խաղաղության պատրաստման թեզերը միքսված են և փորձում են ստանալ մի ընդհանուր պատկեր, որտեղ կարող է կիրառվել նաև Նիկոլ Փաշինյանի վերջին տարիների իրականացրած ռազմավարությունը»:

Նա նաև հավելեց. «Նախորդ բոլոր իշխանությունների օրոք մենք ունեինք վստահություն կամ գոնե դրա պատկերացումը, որ այստեղ չկա որևէ սպառնալիք, որը կարող է վտանգի տակ դնել Արցախի ինքնորոշման իրավունքը»:

«Ադեկվադ» միաբանության անդամը որևէ կասկած չունի Զոհրաբ Մնացականյանի դիվանագիտական հմտությունների վրա, բայց կասկած ունի ներկայիս իշխանությունների կոմպետենտության վերաբերյալ. «Զոհրաբ Մնացականյանը չէ հանրապետության ղեկավարը, և ինքը չէ կանխորոշում մեր քաղաքական ռազմավարությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս