«Գյումրին պետք է ազատվի տնակներից, բայց դա չի նշանակում, որ տնակներում բոլոր ապրողների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն». ՀՀ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ հանդես եկավ ամփոփիչ ելույթով և կրկին շեշտեց՝ այո՛, բյուջեն հեղափոխական է։
Այնուհետև անդրադառնալով դեկտեմբերի 7-ի խորհրդին՝ երկրաշարժի տարելիցին, վարչապետն ասաց, որ աղետի գոտու առումով էլ 2020 թվականի բյուջեն հեղափոխական է։
«Աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել նաև աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ, իսկ տեսանելի ժամանակահատվածում երբեք այս ծավալների, նույնիսկ դրան մոտ գումար չի տրամադրվել։ Մենք 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների նկատմամբ մեր ունեցած պարտավորությունները, որոնք դե յուրե արձանագրված են, իսկ սա նշանակում է, որ աղետի գոտու վերականգնման պրոցեսում նոր փուլ է սկսվում»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ այդ նոր փուլը կայանում է նրանում, որ պետք է սոցիալական արտակարգ իրավիճակի տրամաբանությունը զարգացման տրամաբանությամբ փոխարինել։
Ըստ վարչապետի՝ այսուհետ պետք է խոսել աղետի գոտու զարգացման մասին, և այդ համատեքստում հրամայական է հետևյալը.
«Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից և, ընդ որում, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, բայց սա չի նշանակում նաև, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող ունենալ պարտավորություն»։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր տնակի պատմությունն արդեն ձևավորված է, առկա է յուրաքանչյուր տնակի պատմությունը, ինչը զարգացող քաղաքի պոտենցիալը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է։