ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքի նախագիծը ոչ լեգիտիմ է. սահմանադրագետ

Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը քննարկման առարկա է դարձրել առանց Սահմանադրական դատարանի աշխատակազմին կարծիքի ուղարկելու, թեև դա պահանջվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով: 168.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նշենք, որ այս ընթացքում ո՛չ Արդարադատության նախարարությունը և ո՛չ էլ կառավարությունը որևէ պարզաբանում չեն ներկայացնել, թե ինչու են օրենքի նախագիծը շրջանառության մեջ դրել՝ առանց ՍԴ դատավորների կարծիքը լսելու:
Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը 168.am-ի հետ զրույցում ՍԴ դատավորների կարծիքը հաշվի չառնելու հանգամանքը լուրջ բացթողում որակեց: Իրավաբանի գնահատմամբ՝ դատավորների կարծիքը լսելու դեպքում հնարավոր կլիներ շտկելու մի շարք հակասահմանադրական դրույթներ և պարզապես անհեթեթություններ, որոնք առկա են նախագծում:

«ՍԴ դատավորների վաղաժամ կենսաթոշակի անցնելու նախագիծը Սահմանադրական դատարանին կարծիք ստանալու նպատակով չուղարկելը՝ ցայտուն դրսևորում է այն ենթագիտակցական համոզմունքը, որ այս նախագիծը հարված է դրա հեղինակների մասնագիտական վարկանիշին, իսկ դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր նկատառումներն առավել ևս ի ցույց կդրնեին նախագիծը շրջանառողների ոչ կոմպետենտությունը»,- նշեց նա՝ ուշագրավ համարելով այն փաստը, որ օրենսդրական գործընթացի տարրական սկզբունքը խախտելը դեռևս որևէ հակազդեցություն չի առաջացրել Ազգային ժողովում, որտեղ այդ հարցը քննարկվում է:

Գոհար Մելոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թեև մի շարք այլ իրավաբաններ և անգամ այնպիսի կարևոր միջազգային ատյան, ինչպիսին Վենետիկի հանձնաժողովն է, միանշանակ պնդել են Սահմանադրական դատարանի դատավորների և անդամների միջև կարգավիճակային տարբերության իսպառ բացակայությունը, այդուհանդերձ, օրինագծի հեղինակները ուղղակիորեն խախտել են օրենքի առջև ընդհանուր հավասարության սահմանադրական սկզբունքը՝ վաղաժամկետ կենսաթոշակի իրավունքն ամրագրելով բացառապես Սահմանադրական դատարանի անդամների համար, որոնք շարունակում են պաշտոնավարել որպես դատավորներ:

«Հաջորդ խնդիրն այն է, որ Կառավարությունն ուղղակիորեն փորձում է ներազդել դատավորների պաշտոնավարման հաջորդայնությունն ամրագրող Սահմանադրության անցումային դրույթի գործողության վրա՝ դրա տեխնիկական արտացոլումը դարձած սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներում առաջարկելով փոփոխություններ: Սա աբսուրդի ժանրից է, քանի որ Սահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ կյանքի է կոչվել, և դրանով իրեն սպառել, ինչպես և դրա տեխնիկական վերաշարադրում հանդիսացող սահմանադրական օրենքի համապատասխան դրույթները»,-ասաց նա:

Իրավաբանի խոսքով՝ կառավարությունն անտեսել է անգամ հանրաքվեի արդյունքում պաշտոնական տեսք ստացած՝ Սահմանադրության փոփոխությունների 16-րդ գլխի հիմնավորումներն առ այն, որ Սահմանադրության «անցումային դրույթներն ունեն ժամանակավոր կարգավորիչ բնույթ և իրացումից հետո կորցնում են իրենց կարգավորիչ նշանակությունը»:

«Կարգավորիչ նշանակություն այլևս չունեցող դրույթներում փոփոխություններ կատարելը կարող էր անցնել միայն կամակատարների կամ ոչ մասնագետների մտքով: Միայն այս հանգամանքն արդեն ամբողջովին ապալեգիտիմացնում է այդ օրինագիծը, եթե անգամ մոռանանք օրենքի առջև ընդհանուր հավասարության խախտման և օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրական չարամիտ դիտավորության մասին, որը քողարկվում է բացառապես կամավոր հիմունքներով կենսաթոշակի անցնելու կեղծ նպատակի ազդարարմամբ:

Վերոնշյալ չարակամ դիտավորության դրսևորում է նախագծի համատեքստում ՍԴ դատավորներին ուղղված բարոյահոգեբանական ուղերձը՝ «պատվով հեռանալու», ՍԴ-ում «ճգնաժամի» հանգուցալուծման և այլ՝ իրավական տեսանկյունից որևէ կարևորություն չունեցող հանգամանքների մասին. ինչը վկայող ամենապարզ ապացույցը նաև վաղակետ կենսաթոշակի անցնելու համար շատ նեղ ժամանակագրական շրջանակի՝ երկամսյա ժամկետի սահմանումն է:

Սա ոչ այլ ինչ է, քան կեղծ բարեպաշտությամբ սքողված հոգեբանական սպառնալիք՝ ուղղված դատավորներին, առ այն, որ «ոսկյա պատուհանը» փակվելու է երկու ամսից, և որ հետո այլևս կամավոր-վաղակետ կենսաթոշակի «շանս» չի լինելու, անկախ այն հանգամանքից, դատավորներն օգտվելու են այդ հնարավորությունից, թե ոչ»,- ասաց նա:

Իրավաբանը նշեց, որ եթե նպատակը իրապես կամավորության հիմքով դատավորների վաղաժամկետ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումն է, ապա, նախ՝ դա չպետք է զուգորդվի որևէ, հատկապես՝ նման կարճ ժամկետով, որը նման է պարտադրանքի, ինչը նաև ուղղակիորեն վկայում է այս փոփոխության ոչ ինստիտուցիոնալ բնույթի մասին։ Բացի այդ, այն պետք է տարածվի Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա, և, առնվազն, պետք է քննարկվի նաև այլ դատավորների համար նման հնարավորության սահմանման հարցը, քանի որ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելը չի կարող լինել բացառապես Սահմանադրական դատարանի՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը պաշտոնավարած այն դատավորների մենաշնորհը, որոնք ներկայումս շարունակում են պաշտոնավարել:

«Այսպիսով, պարզ է դառնում, որ Կառավարությունը չի իմպլեմենտացրել նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ արված առաջարկությունները: Իմ գնահատմամբ՝ այդ նախագիծը ոչ լեգիտիմ է և չունի կյանքի իրավունք»,- եզրափակեց Մելոյանը:

Տեսանյութեր

Լրահոս