Արմեն Պապիկյանն արձագանքել է պաշտոնական Բաքվի շրջանառության մեջ դրած ԼՂ հակամարտության ոչ կառուցողական դիրքորոշմանը

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն արձագանքել է ԶԼՄ-ներում տարածված Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-ում հրապարակված փաստաթղթին, ըստ որի՝ որ Ադրբեջանի Հանրապետությունը նախկինի պես հանձնառու է կոնֆլիկտը լուծել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Ադրբեջանական կողմը նշում է, որ կողմ է կոնֆլիկտի լուծման փուլային ճանապարհին, որը հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի, մասնավորապես՝ 1994թ. Բուդապեշտի գագաթաժողովի որոշման վրա: Առաջին քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի մնացած այլ զավթած տարածքներից հայկական զինված ուժերի լիակատար ու անվերապահ դուրսբերումը: Դրան պետք է հետևի ադրբեջանական բռնի տեղահանված ազգաբնակչության վերադարձն անվտանգության բոլոր միջոցառումների կիրառմամբ, ինչպես նաև տարածաշրջանում կոմունիկացիաների բացումը:

Արմեն Պապիկյանը մասնավորապես նշել է. «Սա Ադրբեջանի ներկայացուցչության ոչ առաջին, ոչ վերջին նմանօրինակ հայտարարությունն է: Այս հայտարարության միակ տարբերությունը թերևս այն է, որ այն կատարվում է Ադրբեջանում ներկայումս տեղի ունեցող շարունակական ներքաղաքական վերադասավորումների ֆոնին, ինչը փաստում, որ այս փուլում Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական ներգրավման: Բանակցություններից առապելապաշտ դիրքորոշումներով խուսանավումը թուլության նշան է»:

Հավելենք, որ տարածված փաստաթղթում ասվում է, որ հաջորդ փուլում Ադրբեջանը տեսնում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի Սահմանադրության ու օրենսդրության համապատասխանությամբ:

Այդպիսի կարգավիճակը պետք է ապահովի տարածաշրջանի հայ և ադրբեջանցի համայնքների խաղաղ համակեցությունը, պետք է երաշխավորի մարդու իրավունքների ու ազատությունների լրիվ իրացումը հավասար ու ոչ խտրական հիմքերի վրա:

«Կարգավիճակի հստակեցումը պետք է տեղի ունենա խաղաղ պայմաններում, օրինական գործընթացի շրջանակներում, Ադրբեջանի Ղարաբաղյան ռեգիոնի ազգաբնակչության մասնակցությամբ, այն է՝ հայ և ադրբեջանցի համայնքների՝ բացառապես օրինական ու ժողովրդավարական գործընթացի շրջանակներում Ադրբեջանի կառավարության հետ փոխգործակցության արդյունքում»,- նշված է հռչակագրում:

Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս:

Տեսանյութեր

Լրահոս