«Նման հայտարարություններն անպատասխան թողնելը հանցագործություն է, պաշտոնական Երևանը պարտավոր է դատապարտել». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Մի շարք աղբյուրներից հայտնի դարձավ, որ պաշտոնական Բաքուն հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Բրատիսլավայում մեկնարկող ԵԱՀԿ Նախարարական խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ: Ի դեպ, սա տեղի է ունենում Բրատիսլավայում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ: Ավստրիայում, Սլովակիայում ու Սլովենիայում ադրբեջանական դեսպանատան Twitter-յան էջում հրապարակված փաստաթղթի մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես նախկինում, հանձնառու է հակամարտությունը կարգավորել քաղաքական ճանապարհով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Շրջանառության մեջ հայտնված փաստաթուղթն ադրբեջանական մաքսիմալիստական ցանկությունների շարադրանք է՝ հետևյալ եզրակացությամբ. «Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծումը վերը գծագրված սահմաններից դուրս»: Այս կապակցությամբ «168 Ժամը» փորձեց մեկնաբանություն ստանալ այս ժամերին Բրատիսլավայում գտնվող ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից, ով, սակայն, հրաժարվեց արձագանքել: Նշենք նաև, որ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 4-ին, մեր ժամանակով՝ ուշ երեկոյան, իսկ հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրությունները, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն դեկտեմբերի 5-ին: «168 Ժամը» թեմայի շուրջ զրուցել է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:

 – Պարոն Մելիք-Շահնազարյան, Բրատիսլավայում ժամեր անց տեղի ունենալիք նախարարական հանդիպմանն ընդառաջ՝ ադրբեջանական կողմը դեսպանատների թվիթերյան էջերով դիրքորոշում է հրապարակել, որն արդեն տարածվում է հայկական ԶԼՄ-ներով: Ինչպե՞ս եք գնահատում այս փուլում նման դիրքորոշման հրապարակումը, և ինչո՞ւ է դա արվում:

– Ադրբեջանական կողմի այդ քայլն առավելապես վերաբերում է ոչ թե Մնացականյան-Մամեդյարով սպասվող հանդիպմանը, այլ այն հանգամանքին, որ Բրատիսլավայում այսօր մեկնարկել է ԵԱՀԿ Նախարարների խորհրդի հերթական նիստը։ Հենց այս կառույցի՝ պրոադրբեջանական դիրքորոշման ձևավորմանն են ուղղված պաշտոնական Բաքվի ջանքերը։ ԵԱՀԿ-ն է միջազգային այն հարթակը, որի շրջանակներում է գործում արցախյան հարցի կարգավորման միակ լեգիտիմ ինստիտուտը՝ Մինսկի խումբը։ Այդ է պատճառը, որ ադրբեջանական կողմը հետևողականորեն աշխատում է ոչ միայն Մինսկի խմբում համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների հետ, այլև ԵԱՀԿ անդամ այլ երկրների հետ՝ փորձելով այդկերպ դիվանագիտական ճնշման լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել թե՛ Մինսկի խմբի, և թե՛ հայկական կողմի վրա։ Այլ կերպ ասած՝ Ալիևի վարչակազմը ձևավորում է հակամարտության միջազգային ընկալման այն ֆոնը, որի առկայության պարագայում առաջարկվող լուծումները կարող են միայն ադրբեջանամետ լինել։

Ինչ վերաբերում է Մամեդյարով-Մնացականյան սպասվող հանդիպմանը, ապա պարզից էլ պարզ է, որ այսպիսի միակողմանի և կտրուկ հայտարարություն տարածելով՝ Ադրբեջանը պարզապես ցույց է տալիս, որ հայկական կողմի հետ քննարկելու շատ բան չունի և հանդիպման է գալիս բացառապես սեփական պահանջները կրկին պնդելու համար։ Սա կարող է վկայել միայն այն մասին, որ Բրատիսլավայից առաջ ադրբեջանական դիվանագիտությունը ստացել է ազդակներ, որոնք թույլ են տվել նրանց ենթադրել, որ հիմա նման խնդիրներ դնելու բարեհաջող ժամանակաշրջան է։

– Նման դիրքորոշման հրապարակման ֆոնին՝ ՀՀ ԱԳՆ-ն ինչպե՞ս պետք է դիրքավորվի: Կարիք կա՞ նման քայլին արձագանքել, թե՞ ոչ:

– Նման հայտարարություններն անպատասխան թողնելը պարզապես հանցագործություն է։ Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է դատապարտել Ադրբեջանի մաքսիմալիստական մոտեցումները ու պահանջել ԵԱՀԿ Նախարարների խորհրդից համապատասխան գնահատական տալ Բաքվի, ըստ էության, խիստ ագրեսիվ դիրքորոշմանը։ Բայց ես, ցավոք, վստահ չեմ, որ հայկական կողմից նման քայլ կարվի։ Ճիշտ հակառակը՝ քիչ առաջ լսում էի, թե ինչպես է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրում՝ մուղամ լսելու։ Բացի այդ, եթե անկեղծ լինենք, Փաշինյանի նախկին, մեղմ ասած, չմտածված հայտարարությունները կտրել են մեր իսկ դիվանագիտության լեզուն։ Մեր արտաքին գերատեսչությունն անգամ Լավրովի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հայտարարություններին չարձագանքեց։ Ոչ էլ Լավրովի՝ կրկին, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություններին։ Չգիտես՝ ինչու, Զոհրաբ Մնացականյանը որոշել է, որ ամեն ինչ ինքն իրեն կհարթվի։ Բայց փաստն այն է, որ բանակցային գործընթացին վերաբերող խնդիրները հայկական կողմի համար օր օրի ավելանում և առավել վտանգավոր են դառնում։

– Այս ֆոնին՝ ի՞նչ դիրքորոշմամբ պետք է գնա հանդիպման հայկական կողմը:

Հետաքրքիր հարց է։ Այն իմաստով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները մերժել են նաև այն դիրքորոշումը, որը տարիներ շարունակ խնդիրներ էր առաջացնում Ադրբեջանի համար՝ անգամ ստիպելով Ալիևին խոստովանել, որ իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ նոր քաղաքականություն Փաշինյանն ու նրա կառավարությունն Արցախի հարցում դեռևս չեն ձևավորել։ Եվ դա լուրջ խնդիր է, որի պատճառով ՀՀ վարչապետն ու արտգործնախարարն անընդհատ հանդես են գալիս իրարամերժ հայտարարություններով։ Ուստի իսկապես դժվար է ենթադրել, թե ինչ օրակարգով է Մնացականյանն այսօր հանդիպելու Մամեդյարովին։ Ամենամեծ մտահոգություններս վերաբերում են նրան, որ սեղանին դրվի ոչ թե Երևանում, այլ Բաքվում կամ այլ մայրաքաղաքներում մշակված օրակարգ։ Վերջին օրերի զարգացումները, տարբեր պաշտոնյաների մեկնաբանություններն ու ակնարկները հուշում են, որ այդ վտանգը չափազանց իրական է։ Հետևաբար՝ նվազագույն խնդիրը, որ պարտավոր է այսօր լուծել Մնացականյանը, այդ օրակարգի մերժումը պիտի լինի։

– Որպես եզրափակում՝ փաստվում է, որ Ադրբեջանը չի տեսնում կոնֆլիկտի քաղաքական լուծում իրենց իսկ կողմից գծագրված սահմաններից դուրս: Սա վերջնագիր չէ՞ հայկական կողմին: Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում վերոնշյալ փաստաթղթի բուն բովանդակությունը:

– Իհարկե վերջնագիր է։ Եվ սա միանշանակ է։ Խնդիրը պարզապես նրանում է, որ իբրև նման մոտեցման «արդարացում»՝ ադրբեջանական կողմը հիմա արդեն հղվում է նաև Փաշինյանի խոսքերին։ Իբրև թե, եթե այդ է հայկական կողմի մոտեցումը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ուրեմն մենք էլ կասենք. «Արցախը Ադրբեջան է, և վերջ»։ Մի առիթով այս հարցի առնչությամբ կեսկատակ մեկնաբանություն արեցի՝ ասելով, թե կողմերի դիրքորոշումները բավական մոտ են իրար, ընդամենը մեկ բառի տարբերություն։ Բայց եթե ավելի լուրջ խոսենք, ապա պետք է փաստել, որ նախկինում մենք կարող էինք սաստել Ադրբեջանին իր ծայրահեղ մոտեցումների համար, իսկ հիմա՝ ոչ։ Նախկինում պաշտոնական Երևանն ու միջնորդները խոսում էին մեկ լեզվով, իսկ հիմա՝ ոչ։ Չեմ հասկանում, թե ինչպես կարողացավ Փաշինյանը մեր ուժեղ դիվանագիտական դիրքը փոխարինել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հավաքված մարդկանց մոտ մեկ րոպեանոց ծափահարություններով։ Դա աբսուրդ է։ Պարզապես աներևակայելի մի երևույթ, որը հնարավոր չէ նկարագրել ոչ մի նորմալ բառով։

Տեսանյութեր

Լրահոս