«Պայթուցիկի հզորությունից կախված՝ ամեն տարի 10-15 երեխա մնում է առանց մատների». Վիրաբույժ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում դեկտեմբերի երկուսին նկար էր հրապարակել՝ ցավով հայտնելով, որ արձանագրվել են պայթուցիկների պայթելու հետևանքով առաջացած՝ երեխաների մատների և ձեռքերի վնասման և անդամահատման դեպքեր:

«Ցավոք սրտի, ամանորյա տոները, ուրախություն բերելուց զատ, նաև երբեմն դժբախտություն են բերում մեր որոշ ընտանիքներին՝ երեխաների կողմից պայթուցիկ սարքերի օգտագործման հետևանքով:

Քիչ առաջ ահազանգ ստացա իմ մանկական վիրաբույժ գործընկերներից, որ նորից սկսել են արձանագրվել երեխաների մատների և ձեռքերի ջնջխման և անդամահատման դեպքեր փոքրիկների ձեռքերի մեջ պայթուցիկների պայթելու պատճառով:

Տարեկան 10-15 երեխա մնում է առանց մատների հենց միայն դրանց պատճառով:

Մինչև մենք օրենսդրական մակարդակով կկանոնակարգենք կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը, կոչ եմ անում և խնդրում եմ բոլոր ծնողներին պարզապես ՉԳՆԵԼ որևէ պայթուցիկ սարք իրենց երեխաների համար, ինչպես նաև խոսել իրենց երեխաների հետ դրանց վտանգների մասին: Նույնը խնդրում եմ անել նաև դպրոցների մանկավարժական կոլեկտիվներին:

Վստահ եմ՝ Ամանորը ուրախ կանցնի նաև առանց մեր երեխաների կյանքի և առողջության համար վտանգավոր պայթուցիկների:

Հ.Գ. Նկարում երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է: Իրական նկարը չեմ տեղադրում, քանի որ շատ ահասարսուռ է»,- գրել է նախարարը:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նման դեպքեր շատ են գրանցվում դեկտեմբեր-հունվար ամիսներին՝ 6-15 տարեկանների շրջանում: Մեծահասակների շրջանում էլ է բավականին տարածված, պարզապես նրանց դեպքում վնասվածքի հետևանքները մի փոքր ավելի թեթև են, քանի որ ձեռքը զարգացած է:

«Երեխաների մոտ, ցավոք, դեպքերը հիմնականում ավարտվում են մատների անդամահատմամբ: Պայթուցիկի հզորությունից կախված՝ դեպքեր ենք ունեցել, որ անդամահատել ենք ամբողջ դաստակը: Ամեն տարի 10-15 երեխա մնում է առանց մատների, վերջույթի: Այս տարվա դեկտեմբերի 2-ին առաջին դեպքը գրանցվեց: 10 տարեկան երեխան, ծնողի խոսքով, բուլկիի 200 դրամով պայթուցիկ է գնել ու ստացել է վնասվածք՝ աջ դաստակի առաջին, երկրորդ մատները անդամահատվել են, երրորդ մատը մի կերպ պահպանել ստացվեց»,- նշեց Արթուր Հարությունյանը:

Վիրաբույժի փոխանցմամբ՝ դեպքերը գրանցվում են թե՛ մարզերում, թե՛ Երևանում, բայց ամենաշատը մայրաքաղաքում է: «Այսօր բակային խաղերը հիմնականում պայթուցիկներով են»,- հավելեց նա:

Արթուր Հարությունյանը շեշտեց նաև. «Ցավոք, ծնողները, մտածելով, որ երեխան չվնասվի, իրենք են բռնում երկար «սալյուտները», երեխային էլ կանչում են, որ ներքևի հատվածից բռնի: Ստացվում է՝ ընտանիքով են վնասվում: Դրանք ձեռքով ընդհանրապես չի կարելի բռնել, կապում են ինչ-որ բանի կամ հողի մեջ են դնում, նոր կիրառում են»:

Բժիշկը նաև անթույլատրելի համարեց այդ պայթուցիկ սարքերը երեխաներին վաճառելը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ հայտնեց, որ այս խնդրով զբաղվում են, բայց դեռ առաջընթաց չկա:

«Ամեն վտանգավոր ապրանքի վրա նշան է դրվում՝ 15+, այսինքն՝ տարիքային բաժանում կա, բայց եթե փաթեթավորումը նորմալ չէ՝ դա հանցագործություն է: Եթե հայերեն մակնշում չկա, դա արդեն խնդիր է»,- ընդգծեց Արմեն Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս