«Արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ». Ռևազյան
Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և արտոնություններ տալ որոշ ավիաընկերությունների։
Նախագծի զեկուցող, Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի խոսքով՝ առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ:
«Գաղափարը կայանում է նրանում, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամսվա ընթացքում։ Այս պայմանը դրել ենք նրա համար, որ այսօրվա գործող ավիաընկերություններն իրենց՝ արդեն գործող ավիաուղղությունները չփակեն ժամանակավոր և չդիմեն այս արտոությունը ստանալու համար։ Պահանջում ենք ավիաընկերություններից, որ արտոնություն ստանալուց հետո իրենց չվերթերն իրականացնեն ամբողջ տարվա ընթացքում. այն ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել ամառվա սեզոնին և փակվել ձմռանը, այս արտոնությունը չեն ստանա»,- առաջարկվող կարգավորման բնույթը ներկայացրեց Քաղավիացիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:
«Այսինքն՝ եթե ավիաընկերությունը որոշի սպասարկել, օրինակ, Ամստերդամ ուղղությունը, որը չսպասարկված է այսօրվա դրությամբ, այդ ընկերությունը կարող է օգտվել այս արտոնությունից, իսկ եթե 6 ամիս հետո այլ ընկերություն որոշի դեպի Ամստերդամ չվերթ իրականացնել, այդ ընկերությունը կստանա արտոնություն, բայց արդեն 2.5 տարվա ընթացքում։ Այս մոտեցումով մենք վերացնում ենք այն ռիսկը, որ ավիաընկերությունը մուտք գործի շուկա, բացի 10 նոր ուղղություններ և դառնա միակ ավիաընկերությունը, որը տվյալ ուղղություններով կստանա արտոնություն»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Վերջինս նաև նկատեց, որ առաջարկվող փոփոխություններն արվում են ավիացիոն շուկան զարգացնելու համար և, ըստ արդեն հաստատված բանակցությունների՝ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կավելանա 300 հազար ուղևորով։
«Մեր հաշվարկներով՝ 3 տարվա ընթացքում միայն տուրիզմի զարգացումը կնպաստի հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը, միլիոնավոր դոլարներ կվճարվեն պետական բյուջե, ենթակառուցվածքները կզարգանան, ներդրումային միջավայրը կբարելավվի»,- ասաց Ռևազյանը։
Նա նաև նշեց, որ շուտով հնարավոր է՝ շուկա մուտք գործի հայկական նոր ավիաընկերություն, որն արդեն Քաղավիացիայի կոմիտե է ներկայացրել հայտ՝ գրանցվելու նպատակով։
«Ավիաընկերությունների ներկայացուցիչները տեղեկացրել են, որ պատրաստվում են ամռանն իրականացնել 13 ուղղություններով չվերթեր՝ շաբաթը 41 չվերթ, իսկ տարվա ընթացքում ունենալու են 388 000 նստատեղ։ Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ առաջիկա ամիսների ընթացքում կբացի ավելի քան 200 աշխատատեղ»,- ասաց Ռևազյանը։
Մանրամասները՝ տեսանյութում