«Սահմանադրական դատարանի միակ ճգնաժամը Վահե Գրիգորյանն է». Գևորգ Պետրոսյան

«Այս նախագծի ճակատագրի որոշողն Ազգային ժողովն է, եթե ձայների մեծամասնությունն այդ նախագիծն ընդունեց, ապա այն կյանքի կկոչվի։ Չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց նման աբսուրդ ու անտրամաբանական մոտեցում չի կարող լինել։ Ասում են՝ Սահմանադրական դատարանի դատավորները վստահություն չեն ներշնչում, հիմա դրա համար պետք է խրախուսեն և ուղարկեն անհոգ կյանքի՞։ Եթե կոնկրետ զանցանք են թույլ տվել, թող դատեն կամ ենթարկեն կարգապահական պատասխանատվության»,- այս մասին 168.аm-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության հավանությանն անրժանացած ՍԴ դատավորներին կամավոր հիմունքներով վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծին։

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելով, աղճատելու են կենսաթոշակի ինստիտուտը, ուստի հարց է առաջանում, թե ինչ իրավունքով են աշխատող քաղաքացու հարկերի հաշվին գումար տալիս չաշխատող դատավորին։

«Մենք բազմաթիվ նախագծեր ենք ներկայացնում, որոնք կարող են կյանքի կոչվել, եթե Հայաստանում դատավորների թիվն ավելացվի, ասում են՝ բյուջեում փող չկա։ Բա որ բյուջեում փող չկա, տրամաբանակա՞ն է՝ չաշխատող դատավորին գումար տալ։ Այստեղ նպատակը մեկն է՝ ՍԴ-ն ազատել ոմանց համար անցանկալի մարդկանցից, «Իմ քայլի» պատգամավորն էլ ասաց՝ մաքրեն, չեմ կարծում, որ նա վիրավորեց, բայց ըստ էության անկեղծ եղավ։ Ասում են՝ հարգանք ունեն դատավորների նկատմամբ, բա որ հարգում էին, երբ նրանց անվանեցին «վնգստացողներ» ինչո՞ւ տեղներից չշարժվեցին։ ՍԴ-ում կա դատավոր, որը մատը մատին չի տալիս, հայտարարում է, թե ՍԴ  գոյություն չունի, որ ինքը նիստերին մասնակցի, որևէ մեկն այս մարդկանցից ձայն չի հանում, թե այդ դատավորին ինչու են աշխատավարձ տալիս։ Գնացեք այդ անձնավորությունից հարցրեք՝ Սահմանադրական դատարանի միակ «ճգնաժամից», որ չի աշխատում, ինչպես է աշխատավարձ ստանում,  էլ ուր մնաց բարեխղճության սկզբունքը»,- շեշտեց պատգամավորը։

Նրա բնորոշմամբ՝ երկակի ստանդարտների ծայրահեղ ռեժիմում են այսօր բոլորն ապրում և քանի դեռ այդ ռեժիմից դուրս չեն եկել, քանի դեռ կան «լավեր ու վատեր», «սևեր ու սպիտակներ», Հայաստանում որևէ բան չի փոխվի, չեն լինելու ներդրումներ, դրա վառ ապացույցը Համահայկական հիմնադրամի վերջին հանգանակությունն էր, ինչն ապացուցում է, որ սփյուռքը նախկին վստահությունը չունի ներկայիս իշխանությունների հանդեպ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս