«Տեխզննումը հանում եք, որ ի՞նչ անեք: Ծուռ նստենք՝ դուզ խոսենք. քանի՞ մեքենա կմնա շահագործման ենթակա, եթե նորմալ տեխզննում իրականացվի»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ են ներկայացրել։ Նախագծի հեղինակներն են Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը: Արթուր Դալլաքյանի խոսքով՝ հիմնական կետն այն է, որ տեխնիկական զննումը ՀՀ-ում դադարեցվի: Նախագծում փոփոխություն է արվել դրույքաչափերի մասով:
Առաջարկում ենք, որ ամեն տրանսպորտային միջոց ըստ իր զանգվածի՝ վճարի ճանապարհային հարկ, որը կկոչվի ճանապարհային օգտագործման հարկ:
«Իսկ գործող բնապահպանական հարկն իջեցրել ենք, բերել ենք նոր ձևաչափ, որը կհամարվի ըստ շարժիչի վառելիքի վճարման տուրքի ձև: Բենզինն ու գազն այլ վճար կունենան, դիզելային շարժիչը՝ այլ:
Շատերը կասեն, որ տեխնիկական զննումը շատ կարևոր է, բայց մեր քաղաքացիները 15 տարի շարունակ վճարել են մեկ բանի համար և դրա դիմաց ծառայություն չեն ստացել: Մարդիկ վճարել են գումար՝ օդում թողնելով ամեն ինչ: Քաղաքացին պետք է հասկանա, թե ինչի՞ համար է վճարում կատարում: 15 տարի շարունակ տեխզննում անցնելու և մեկ թղթի համար քաղաքացին իր գրպանից վճարում է կատարել՝ չստանալով որևէ ծառայություն: Երկրորդ խնդիրն այն է, որ ՀՀ-ում տրանսպորտային միջոցների 50 տոկոսից ավելին մեքենայում «կատալիզատոր» չունի: Շատ երկրներում տեխզննումը կոպիտ անուն է ստացել, կոչվում է «կոմպրոմիսային մշակույթ», ու ոմանք հրաժարվել են դրանից, քանի որ ամբողջությամբ կոռումպացված ոլորտ է ինքն իրենից ներկայացնում: Մեր նախագիծը կարևոր մեկ սկզբունք է ներկայացնում, որն է՝ քաղաքացին այսուհետ հասկանալու է, թե ինչի համար է վճարում: Պետք է ամեն տարի ճանապարհների վերանորոգման վերաբերյալ Կառավարությունից հստակ տեղեկատվություն ստանա: Պետք է իմանա, թե ինչի՞ համար է վճարել, ու այդ գումարը որտե՞ղ է ծախսվել»,- ավելի վաղ լրագրողներին հայտնել էր Արթուր Դալլաքյանը:
168.am-ն Արտյոմ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ չեն առաջարկում խստացնել տեխզննումը, և միանգամից կտրուկ քայլ կատարելու առաջարկ են անում, պատգամավորը պատասխանեց.
«Պետք է հասկանալ, թե քանի՞ կայան պետք է ավելանա, և հետո արդյոք դա մեզ անհրաժե՞շտ է, թե՞ չէ: Տարբեր տարիներին տրանսպորտի ոլորտը համակարգող նախարարներն այդ միտքը հնչեցրել են, որ՝ այո՛, տեխնիկական զննման կտրոններից պետք է ձերբազատվենք, բայց դա դեռևս խոսակցության մակարդակում եմ տեսնում: Առաջ նույն ԱՊՊԱ կտրոնը պարտադիր պետք է փակցվեր ապակուն, անիմաստ է: Հիմա 2500 դրամ այդ թղթի կտորի համար մարդ ինչո՞ւ վճարի»:
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանի կարծիքով՝ նախագիծը ներառում է հիմնականում այն հարցերը, որոնք նախկինում մշտապես բարձրաձայնվել են:
«Մի քանի ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ զրուցելու առիթ ունեցա։ Իրականում կառավարությունում աշխատում են այդ հարցերի շուրջ: Նրանք քննարկում են տեխզննման գործընթացներն ապահովագրական գործակալություններին տալու մոտեցումը, որովհետև ապահովագրական գործակալությունն է ապահովագրում մեքենան, և, բնականաբար, նա պետք է առաջինը ծանոթ լինի մեքենայի հնարավորություններին, թերություններին, տեխնիկական վիճակին։ Հիմա ոչ թե կոռուպցիոն գործընթացներ կան, այլ տեխզննում չի կատարվում: Օնլայն կարող ես պատվիրել, և տեխզննման կտրոնը կգա, քեզ կհասնի»,- նշեց Սերգեյ Ղահրամանյանը:
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» հ/կ ղեկավարն ասաց, որ կիսում է բնապահպանական հարկի և գույքահարկի հետ կապված մոտեցումները: «Ճանապարհային հարկի մասով էլ՝ կարծում եմ, որ դեռևս մի փոքր շուտ է, որովհետև քաղաքացիները տալիս են հարկեր, գույքահարկ, բնապահպանական հարկ: Նրանք վճարում են ԱԱՀ և շատ այլ հարկեր, որոնք գնում են պետբյուջե: Կարելի է այս մասն առանձնացնել՝ ուղղելով ոչ միայն ճանապարհներն ասֆալտելուն, այլև, ընդհանրապես, ճանապարհների անվտանգության բարձրացմանը, որը մեզ մոտ, ցավոք, շատ ցածր մակարդակ վրա է կամ գոյություն չունի: Եթե այս նախագիծը գնա Կառավարություն՝ կարծում եմ՝ կմերժվի, քանի որ կառավարությունում ևս աշխատում են այդ ուղղությամբ, խորհուրդ կտամ, որ աշխատեն կառավարության հետ: Հնարավոր է՝ նրանց առաջ քաշած կետերի մի մասը զետեղվի Կառավարության նախագծում:
Այո՛, տարբեր կարծիքներ կան, բայց քաղաքացիների մեծ մասը կողմ է, որ տեխզննումը մնա ու լինի որակյալ: Կառավարությունը կողմ է այն ավելի լավը դարձնելուն: Ընդունում են, որ կան խնդիրներ, որոնք պետք է կարգավորել, այլ ոչ թե վերացնել: Ինչ վերաբերում է տեխզննման կայաններին, ապա ընդհանուր առմամբ տարբեր երկրների տեխզննման կայանների հարցը տարբեր մոտեցումներով են լուծել: Տեխզննումն ինչ-որ տեղ նաև բիզնեսի մի տեսակ է դառնում, իսկ կայաններ մեզ մոտ կան, որոնք միգուցե չեն վերահսկվում և ոչ պատշաճ ծառայություն են մատուցում:
Ընդամենը պետք է բերվի մեկ ընդհանուր դաշտ, իրականացվի արդյունավետ կառավարում, իսկ շահագրգիռ կողմը պետք է լինեն ԱՊՊԱ գործակալությունները»,- եզրափակեց Սերգեյ Ղահրամանյանը:
Հավելենք, որ քաղաքացիներն ակտիվ քննարկում են այս նախագիծը, հանդես են գալիս առաջարկներով.
«LexusRX 300 1999թ. գնել եմ 2008թ. 19.000 դոլարով, գույքահարկը 62500 դրամ, հիմա իմ մեքենան արժե 4.500 դոլար, բայց գույքահարկը նույնն է: Ես առաջարկում եմ գույքահարկը հաշվարկել՝ ըստ շուկայական արժեքի։ Փոխանակ պարտադիր տեխնիկական զննման պրոցեսի մեջ ընդգրկվեն ավտոմեքենայի անվտանգ շահագործման հետ կապված բոլոր հնարավոր ստուգումները, տեխզննումը հանում եք, որ ի՞նչ անեք: Ծուռ նստենք՝ դուզ խոսենք. քանի՞ մեքենա կմնա շահագործման ենթակա, եթե նորմալ տեխզննում իրականացվի»:
Անի Կարապետյան