Բաժիններ՝

«Մեր երկրում մսի, կենդանական ծագման հումքի և մթերքի վաճառքը չի վերահսկվում». Գրիգոր Գրիգորյան

Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկին անասնաբուժական կեղծ վկայականներով միս է մատակարարվել, հարուցվել է քրեական գործ:  Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:

Որպես մսի անվտանգությունը հավաստող փաստաթուղթ՝ «Ա» ընկերությունը ներկայացրել է 2019թ. ապրիլ, մարտ և օգոստոս ամիսներին «Բ» ՍՊԸ-ին  տրամադրված անասնաբուժական վկայականների պատճենները, ըստ որոնց՝ միսն արտադրվել է անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձին պատկանող սպանդանոցում: Դատախազությունից հայտնում են՝ առկա են տվյալներ, որ նշված Ա/Ձ-ն «Բ» ՍՊԸ-ին ծառայություններ է մատուցել մինչև 2017թ. նոյեմբեր, իսկ այս ընկերությունն իր գործունեությունը դադարեցրել է 2019թ. ապրիլից: Պարզվել է նաև, որ վերոնշյալ անասնաբուժական վկայականներից երկուսի բնօրինակները գտնվում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնում, ևս մեկը եղել է խոտանված, հետևաբար՝ չէին կարող դրվել շրջանառության մեջ: ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը վստահեցնում է՝ վկայականներ կեղծելը դժվար է, դրանք միայն ՍԱՊԾ-ի ձեռքում են:

«Դա մեծ վտանգ է պարունակում, նշանակում է՝ կա ճանապարհ, որով այդ սերտիֆիկատները դուրս են գալիս և կեղծվում: Դեռ 2011թ., երբ ես ՍԱՊԾ պետ էի, ԱՊՀ-ում աշխատանք էր տարվում սերտիֆիկատի վրա հատուկ գծեր ավելացնելու, որ կեղծել հնարավոր չլինի, բարդացրին սերտիֆիկատի կառուցվածքը:

Սա նշանակում է, որ երկրում մսի, կենդանական ծագման հումքի և մթերքի վաճառքը չի վերահսկվում: Այդ մեկն է հայտնաբերվել, շատ հնարավոր է՝ կեղծ սերտիֆիկատով մեծ քանակով միս, մսամթերք է իրացվել, կամ որտեղի՞ց մեզ երաշխիք, որ այդ նույն սերտիֆիկատով այլ մարդիկ կամ խանութներ չեն աշխատում»:

Գրիգոր Գրիգորյանը վստահեցնում է՝ եթե երկրի ներսում բավականաչափ վերահսկում չկա, նշանակում է, որ մենք կարող ենք խնդիրներ ունենալ միս արտահանելու հետ: ՍԱՊԾ նախկին պետն ասում է՝ սերտիֆիկատ կեղծելու այս սխեման կարող է աշխատել նաև սպանդանոցների պարագայում:

«Ամպագոռգոռ հայտարարում են սպանդանոցների մասին, բայց ինչպե՞ս պետք է ապացուցվի, որ այդ միսը սպանդանոցային է, սերտիֆիկատով, մսի վրա եղած կնիքով: Սա նշանակում է, որ տղերքը կենտրոնացրել են այդ գումարն իրենց ձեռքում, մարդիկ գնալու են գումար վճարեն, սերտիֆիկատ վերցնեն, իրենց մորթած միսը սպանդանոցայինի անվան տակ վաճառեն: Սպառողը չի կարողանալու ճշտել՝ դա սպանդանոցայի՞ն է, թե՞ ոչ, ոչ մի երաշխիք չկա»:

ՍԱՊԾ նախկին պետն ասում է՝ սերտիֆիկատները համարակալված են, հնարավոր չէ, որ դրանց թվերը կրկնվեն, հետաքննական մարմիններին հեշտ կլինի պարզել դեպքի հանգամանքները:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն կատարում է նախաքննություն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս