Բաժիններ՝

Դավիթ Սանասարյանի գործը կասեցնելու որոշումը դատարանը կհրապարակի ժամը 15:30-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում էր Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Տարոն Ավետիսյանի և Գևորգ Խաչատրյանի գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստում Դավիթ Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործը կասեցնելու ու այն Սահմանադրական դատարան ուղարկելու մասին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի սահմանադրականության հարցին պատասխան ստանալու համար:

Այսօր միջնորդության վերաբերյալ տեսակետ հայտնեց դատախազությունը: Դատախազ Գևորգ Սարգսյանի խոսքով՝ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Գործով ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի փաստաբան Հրանտ Անանյանը  միջնորդության մասին տեսակետ հայտնելիս ասաց, որ գործը ՍԴ ուղարկելու հարցին որևէ առնչություն չունի, բայց կարծում է, որ գործը չպետք է կասեցվի:

«Հիմնավորված չէ գործի վարույթը կասեցնելը, դա արդարացված չէ»,- ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ հավելելով, որ դա կխախտի մյուս ամբաստանյալների ողջամիտ ժամկետում գործի քննություն ապահովելու իրավունքը:

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 15:30-ին:

Հիշեցնենք, որ, ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էին՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ են արձակվել:

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս