Լիլիթ Մակունցը՝ Էդգար Շաթիրյանի հրաժարականի մասին
Երեկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ նպատակահարմար չի գտնում իր գործունեությունը շարունակել հանձնաժողովում.
«Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Է. Շաթիրյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Շաթիրյանը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով Էդգար Շաթիրյանի հրաժարականին՝ նշեց, որ վերջինս իր հրաժարականի մասին իրենց չի տեղեկացրել, դրա մասին տեղեկացել են պոստֆակտում:
«Իհարկե, ցավում եմ, որ պարոն Շաթիրյանին եղել են կաշկանդող հանգամանքներ՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում իր մասնագիտական որակներն իրացնելու և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելու համար: Կարծում եմ՝ խորհրդարանի կողմից այն մանդատը, որով նա ներկայացել էր հանձնաժողով, պետք է որ բավարար վստահություն և անկաշկանդվածություն հաղորդեր պարոն Շաթիրյանին աշխատելու համար»,- նշեց Լիլիթ Մակունցը:
Նրա խոսքով՝ իրենք դեռևս Շաթիրյանի հետ հրաժարականի պատճառների մասին չեն խոսել, պարզապես նրա գրառումից արձանագրել են, որ եղել են կաշկանդող հանգամանքներ, ինչը, Մակունցի կարծիքով՝ չպետք է լիներ:
«Կարծում եմ՝ պարոն Շաթիրյանն այլ պատճառների դեպքում կապ կհաստատեր մեզ հետ»,- եզրափակեց Լ. Մակունցը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան