«ՍԴ-ում ճգնաժամ չկա. քաղաքական գործիչներն այլ կարծիքի են, իրավաբաններս՝ այլ». Արա Ղազարյան
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը չի կիսում այն կարծիքը, թե Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա։ Որպես պրակտիկ իրավաբան՝ նա առնչվում է ՍԴ-ի հետ և չի կարող ասել, թե այնտեղ ճգնաժամ կա զուտ նրա համար, որ քաղաքական գործիչները նման կարծիք ունեն։
«Օրեր առաջ իմ կալանավորի հարցով ՍԴ որոշումը խնդրեցի, որ կիրառի Վերաքննիչ քրեական դատարանը, որի արդյունքում կալանավորն ազատ արձակվեց։ Հիմա ինչպե՞ս կարող եմ համարել, որ կա ճգնաժամ, քաղաքական գործիչներն այլ կարծիքի են, իսկ իրավաբաններս՝ այլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելով՝ իշխանությունը կկարողանա՞ լուծել ՍԴ-ում ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովը ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու Կառավարության աջաջարկին արձագանքել է, որ այդտեղ չկա պարտադրանք, և մարդիկ իրենք պետք է որոշեն, բայց այստեղ կան մտավախություններ։
«Ինքս շատ եմ զբաղվել դատավորների թոշակների հարցով, մեր պետությունը սովորություն ունի, երբ սոցիալական որևէ փաթեթ նոր օրենքի ուժով կիրառում է հետադարձ ուժով։ Առնվազն 2007 թվականից հետո մի քանի անգամ դատավորների սոցիալական փաթեթը փոխվել է, որից հետո պետությունն ասում է, որ խաղի կանոնները փոխում է, որի արդյունքում անձը կարող է հայտնվել գույքային ծանր բեռի տակ։ Հիմա չի բացառվում, որ մեր պետությունը 1 կամ 5 տարի հետո որոշի, որ ՍԴ դատավորներին տրվող արտոնությունները հետ պետք է վերցնի։ Այն մարդիկ, որոնք կորոշեն օգտվել այդ արտոնությունից, պետք է ուսումնասիրեն պրակտիկան և մի փոքր աչալուրջ լինեն»,- եզրափակեց Արա Ղազարյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան