«Առաջին հերթին հարցեր պիտի տանք Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին»
«Ապրիլյան պատերազմի հետ կապված շահարկումներ անողներն այն մարդիկ են, որոնք ընդհանրապես բանակից չեն հասկանում: …Ովքե՞ր են ապրիլյան գործողությունները հետաքննող հանձնաժողովի անդամները. մարդիկ են, որոնք նույնիսկ բանակում չեն ծառայել, գաղափար չունեն, թե զենքը որքան է կշռում, զենքի տեսակները չգիտեն, և իրենք պիտի այդ հարցը քննարկեն և չգիտեմ ինչ որոշումներ կայացնեն: Եթե այսօր ուզում ենք հարցեր տալ, ապա առաջին հերթին հարցեր պիտի տանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի զինվորական գծով խորհրդական Արշակ Կարապետյանին, որը եղել է հետախուզության վարչության պետը և առաջին մարդն է, որը պատասխանատվության պիտի ենթարկվեր: …Ես այսպես կարող եմ ասել՝ մեր զինվորը հաղթեց և՛ Ադրբեջանին, և՛ Ռուսաստանին: Իմ կարծիքով՝ բլից-կրիգը նախապատրաստված էր, թե ով որքան կարող է այդ 3-4 օրում մի բան անի և թեման փակի վերջնականապես, բայց արդյունքում 18 տարեկան զինվորը խափանեց բոլորի պլանները:
Կհիշեք, դեռ 2014-ին ասել եմ՝ հայի, հայ զինվորի գենի դեմ հնարավոր չէ, ամենաթույլ զինվորն էլ վայրկենապես կարող է առյուծ դառնալ և մեծ խնդիրներ կատարել: …Եթե պատերազմ լինի՝ ովքեր մտահոգված են այս երկրի համար՝ գնալու են: Բնականաբար, այս կառավարությունը չի գնացել, չի էլ գնալու»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության նախագահ, պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանը: Նա Պռոշյանի ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին, այնուհետև շարունակել ծառայությունն Արցախի ու Հայաստանի մի շարք սահմանապահ զորամասերում: «Մինչև ապրիլյան մարտական գործողություններն ադրբեջանական դիվերսիոն խումբը մեկ-երկու օր առաջ մտած է եղել Թալիշի տարածք՝ անտառներում են մնացել, հետո, երբ գործողությունները սկսել են, իրենք թիկունքից մտել են գյուղ: Գյուղում որ սկսել են խաղաղ բնակչությանը կոտորել, հենց դա է եղել, այնպես չի, որ սահմանը ճեղքել և հասել են գյուղ ու կոտորել»,- պատմել է զինվորականը:
Հիշեցնենք, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը պաշտոնից հեռացրեց ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին, ում անվան հետ էին կապվում Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները։ Ա. Կարապետյանը, սակայն, 2018թ., ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական։
Գրիգոր Գրիգորյանը նաև անդրադարձել է Ապրիլյան պատերազմից հետո շահարկվող «800 հա կորցնելու» մասին շրջանառվող արտահայտությանը. «Մեկն առանց հասկանալու՝ ինչ-որ արտահայտություն է արել, և մինչև հիմա շարունակվում է, թե՝ 800 հա ենք կորցրել: Այո, դիրք կորցրել ենք, բայց ո՞վ է ասում, որ դա 800 հա է եղել: Յուրաքանչյուր տեղանքում պիտի նպաստավոր դիրք ընտրես, երբ հետ ես քաշվում: Արցախյան գոյամարտի ժամանակ այդքան հող ազատագրեցինք, բայց ոչ մեկը չի խոսում դրա մասին: Ոչ մեկը չի խոսում նաև այն մասին, որ 2018-ին Փաշինյանի վարչապետության օրոք հազարավոր հեկտարներով հող ենք կորցրել Վայոց ձորում՝ նախիջևանյան թևում: Եվ սա՝ առանց կռվի: Բա ինչի՞ չենք խոսում դրա մասին: Ո՞նց եղավ, որ Արենի գյուղը հայտնվեց հակառակորդի թիրախի ներքո, երբ թուրքի դիրքերը եսիմ որտեղ էին…»։
Գ. Գրիգորյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պատրաստվում է մարտական գործողությունների. «Իմ կարծիքով՝ մոտակա երեք-չորս ամսվա ընթացքում ադրբեջանական կողմից գործողություններ կարող են լինել, և մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու: Եվ սա ես երկու բանով եմ պայմանավորում. առաջին՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն՝ ՀՀ-ի կործանման խնդիր է դրված, և չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան: Եվ իզուր չէ, որ Ռուսաստանն այսօր փորձում է վերազինել Գյումրիի ռազմաբազան, իսկ հիմար մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ դա պետք չէ: Եթե ռուսական զորքը հանեն Հայաստանից, 2 ժամում թուրքական բանակը Երևանի կենտրոն կհասնի»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: