«Ներկա դրությամբ մեր ուժերը և միջոցները բավարար են հակառակորդին  զսպելու համար». ռազմագետ

168.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանի հետ

– ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հայտարարել է, որ 1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակահատվածում: Սրան ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը հիշեցրել է ավելի վաղ ձեռք բերված  «Իսկանդերի», «Սմերչների» և այլ զինտեխնիկայի մասին: Ըստ այդմ՝ ի՞նչ ավելի հզոր զենքի կամ քանակի մասին կարող է խոսք գնալ: Դուք՝ որպես ռազմական փորձագետ, կարո՞ղ եք նշել 1.5 տարվա ընթացքում արձանագրված սպառազինական լուրջ ձեռքբերում:

– Նոր սպառազինության ձեռքբերման մասին պաշտոնական հրապարակումների համաձայն՝ մենք մինչև 2020 թվականի սկիզբ ունենալու ենք Սու-30 ՍՄ ինքնաթիռների առաջին նախնական խմբաքանակը՝ թվով 4, որը միտում ունի դառնալու 8-12: Սա մեր համար հակառակորդին ավելի մեծ զսպող ուժ է դառնալու, քան ձեր հարցում նշված զինատեսակները` «Իսկանդեր», «Սմերչներ»:

– Ի դեպ, Սու-30-ների գնման փաստը որոշ փորձագետներ միանշանակ չընդունեցին: Օրինակ՝ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը նշել է, որ «այն խնդիրները, որոնք կարող է լուծել բազմաֆունկցիոնալ ավիացիան,  կարևոր են, բայց անհասկանալի է այն պնդումը, որ դա մեզ հացի  ու ջրի պես անհրաժեշտ է` օդում գերակայություն ապահովելու համար»։ Ըստ նրա՝  դրա համար ծախսվող գումարները, նույն գերակայությունը ստեղծելու համար, կարելի է առավել արդյունավետ ծախսել։ 

– Շատ իզուր: Մենք պետք է հասկանանք՝ ի՞նչ է մեզ անհրաժեշտ` իրավիճակայի՞ն լուծում, թե՞ հեռանկարային։ Սու-30-ը հեռանկարային լուծում է: Այս մասով ամենալավ  հիմնավորումը կատարել է Արծրուն Հովհաննիսյանը, և ես համակարծիք եմ նրա հետ:

Այստեղ նա, մասնավորապես, նշում է, որ բազմաֆունկցիոնալ կործանիչը դա միաժամանակ և՛ «Իսկանդեր» ու «Ս-300» է, և՛ ՌԷՊ-ի միջոց: Սրանից ելնելով՝ Արծրուն Հովհաննիսյանը հիմնավորում է, որ ««Իսկանդերի» և նման այլ միջոցների մարտական վիճակի բերման ժամանակը զգալիորեն ավելի մեծ է, դրանց արձակման վայրի փոփոխությունը հնարավոր չէ արագ կյանքի կոչել, քանի որ կախված է բազում այլ հանգամանքներից, իսկ կործանիչը դա անում է անհամեմատ ավելի արագ, ընդ որում՝ դրա  թևերի տակ եղած «իսկանդերանման» միջոցները հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի բարդ է հայտնաբերելը»:

– Ազգային ժողովում 2020թ. բյուջեի նախագիծը ներկայացնելիս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր, որ  2020 թ. բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են շուրջ 122 տոկոսով՝ հասնելով շուրջ 6,3 միլիարդ դրամի: Ըստ Ձեզ՝ ռազմարդյունաբերական ոլորտում շեշտը հատկապես ո՞ր ուղղության վրա պիտի դրվի՝ բարձր տեխնոլոգիաների և գիտակահետազոտական մտքի գործադրմամբ ու կիրառմամբ:

– Ըստ իս՝ ռազմարդյունաբերական ոլորտում շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների` ՀՀ ԶՈՒ-ին անհրաժեշտ ծրագրային ապահովումների, կառավարման համակարգի արդիականացման, հետախուզահարվածային համալիրների ստեղծման, ԱԹՍ-ների` հետախուզական, հարվածային, ռազմական տարբեր ոլորտների համար ռոբոտաշինության և, ինչո՞ւ չէ, առկա զինատեսակների արդիականացման վրա: IT ոլորտում լավ մասնագետներ շատ ունենք: Շեշտը պիտի դրվի՝ սկսած  մեր Զինված ուժերի համար անհրաժեշտ ծրագրային ապահովումներից՝ վերջացրած անօդաչու թռչող սարքերով, որոնք, նշեցի՝ կլինեն ինչպես հետախուզական, այնպես էլ՝ հարվածային, ինչպես նաև՝ նոր մշակումներ, այն է՝ հետախուզաարվածային համալիրներ: Ողջունելի է բյուջեի մեծացումը, որ տարբեր ուղղություններով հնարավոր է շեշտադրումներ անել:

– Այս շրջանակում պե՞տք են պետական կոնստրուկտորական բյուրոներ՝ նախագծելու գերակայություն ապահովող սպառազինություն:

– Ես կողմ եմ բաց մրցակցությանը: Ամբողջ աշխարհում ապացուցված է, որ բաց մրցակցությունը, այսինքն՝ անհատներն ավելի լավ են կարողանում մրցունակություն ապահովել, ինչից պետությունն է շահում: Բնականաբար, պիտի ստուգվի մրցույթի մասնակից ընկերությունների ով լինելը, եթե կհամապատասխանեն ներկայացված չափորոշիչներին, միանշանակ ավելի լավ է՝ մասնավորը դա կատարի: Պետք է պահանջվի համապատասխան տեխնիկական բնութագիր և գումար:

– Տարբեր մասնագետների կողմից շատ է նշվում ռազմական ծախսերի չավելացման մասին: Վարչապետը հայտարարեց, որ ռազմական ծախսերը չպետք է գերազանցեն ՀՆԱ-ի 4 տոկոսը: Սրան ինչպե՞ս եք վերաբերվում, երբ հակառակորդն անընդհատ պաշտպանական ծախսերն ավելացնում է:

– Իմ կարծիքով՝ ռազմարդյունաբերական ծախսերի ավելացմամբ փորձում են կոմպենսացնել այս պահը, այսինքն՝ մեկը մեկով փորձում են կոմպենսացնել:

 – Թեմայից մի փոքր շեղվենք և անցնենք ադրբեջանական և հայկական կողմի հենակետերի ամրացման և պաշտպանման մեթոդներին: Օրինակ, Ադրբեջանը որոշ տեղերում բետոնե կոնստրուկցիաներ է կիրառում՝ ելնելով տեղանքից, ենթակառուցվածքներից: Մենք ինժեներաշինարարական ի՞նչ մեթոդներ ենք կիրառում:

– Ինժեներաշինարարականի մասով որևէ բան չեմ կարող ասել, բայց  անվտանգության մասով կարող եմ նշել տեսադիտարկման համակարգերի զարգացումը, և դա կապելով հարվածային համակարգերի հետ, որ կարողանանք շուտ արձագանքել յուրաքանչյուր շարժի, ժամանակի կորուստ չունենանք:

– Իսկ դիրքային առավելության և ուժերի հավասարության մասով ի՞նչ կասեք, ի՞նչ մակարդակում ենք:

– Մենք պիտի մի բան միշտ իմանանք. երբ հակառակորդը զգաց, որ իր ուժերը բավարար են, ինքը կգնա ինչ-որ գործողությունների: Այսինքն՝ ներկա դրությամբ մեր ուժերը և միջոցները բավարար են նրանց զսպելու համար:

Մարիամ Պետրոսյան

 

Տեսանյութեր

Լրահոս