«ԼՂ հակամարտության կարգավորման համար շուտափույթ լուծումներ չեն ուրվագծվում». վերլուծաբան

«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ հակամարտող կողմերից հնչող մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են դեկտեմբերի 5-6-ը` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք համաժողովի շրջանակում: Օրերս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել էր, որ ընդհանուր առմամբ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն այն ավելի շատ խոսքերի մակարդակում է: «Կողմերը պայմանավորվածություն ունեն կոնկրետ բանակցություններ անցնելու մասին: Հույս ունեմ, որ դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում (Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը.- Ա.Մ.) մենք կհստակեցնենք այդ հարցը: Այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ պատրա՞ստ է Հայաստանն ըստ էության բանակցել, թե՞ ոչ: Քանզի փաստաթղթերն արդեն սեղանին են»,- ասել էր Մամեդյարովը:

Սակայն հայկական կողմը հստակեցրել էր, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլում կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթղթի շուրջ: «Չէի ցանկանա մեկնաբանել Ադրբեջանի արտգործնախարարի ոգևորությունը, հիասթափությունը կամ օպտիմիզմը խաղաղ գործընթացի վերաբերյալ: Կարող եմ ասել միայն, որ խաղաղ գործընթացն ընթանում է առանց վայրիվերումների: Ցանկանում եմ վերահաստատել, որ այս պահին կողմերը չեն բանակցում որևէ կոնկրետ փաստաթուղթ»,- պատասխանել էր Նաղդալյանը:

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ բանակցային գործընթացը՝ անկախ հնչող պաշտոնական հայտարարություններից բովանդակային բանակցությունների կամ դրանց բացակայության մասին, դոփում է իր տեղում և որևէ առաջընթաց չի գրանցում: Ըստ նրա՝ հակամարտության կարգավորման գործընթացում այլևս նոր գաղափարներ, բնականաբար, ի հայտ չեն գալու:

Մաքֆարլեյնի խոսքով՝ այն հիմքը, որի շուրջ կողմերը պետք է համաձայնության գան, վաղուց հայտնի է, կարող են տարաձայնություններ լինել միայն դրանց դետալային հարցերի շուրջ, եթե մեծ հարցերը կարգավորված լինեն:

«Անկախ նրանից, թե կողմերն ինչ բանաձևեր կներկայացնեն այսօր, ինչ նոր գաղափարներից կխոսեն, կարգավորման հիմքն արդեն իսկ կա, դա Մադրիդյան սկզբունքներն են, և դրա երկու սկզբունքների շուրջ կան լուրջ տարաձայնություններ՝ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Երբ կողմերն ընդունեն բոլոր սկզբունքները, կարելի է համարել, որ հակամարտությունը մոտ է կարգավորմանը: Իսկ երբ դրանք խեղաթյուրվում են, ներկայացվում կիսատ, չեն ընդունվում, նշանակում է, որ հակամարտությունը չի կարգավորվելու, շարունակելու է պահպանվել ստատուս-քվոն, քանի որ խոսքն էական երկու սկզբունքների մասին է, առանց որոնց, այլ սկզբունքի հիման վրա նման հակամարտությունը չի կարող կարգավորվել: Հակամարտության վերջնական կարգավորման բանալին թաքնված է այս երկու սկզբունքների ետևում»,- ասաց բրիտանացի վերլուծաբանը՝ ավելացնելով, որ բանակցությունները դեռ այս փուլին չեն հասել:

Ավելին, ըստ նրա, հայկական կողմը շարունակում է բարձրաձայնել Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության մասին, ինչն Ադրբեջանը մերժում է, և որը նշանակում է, որ բովանդակային բանակցությունների մեկնարկն անընդհատ երկարաձգվելու է:

«Այս մասով հայկական կողմի փաստարկներն ընդունելի են, այլ հարց է, որ ես չեմ կարծում, թե այդ պահանջն այսօր կիրագործվի: Սակայն այստեղ էլ խնդիր կա: Եթե Ստեփանակերտը մասնակցի, նոր խնդիր է ի հայտ գալու՝ Մադրիդյան սկզբունքներն են անընդունելի Արցախյան կողմի համար: Կարծում եմ՝ շուտափույթ լուծումներ այս հակամարտության կարգավորման համար չկան և չեն ուրվագծվում ներկայումս: Սովորաբար նման հակամարտությունները բարդ է լուծել երկու-երեք տասնամյակի ընթացքում, հաշվի առնելով այն վախերը, վտանգները, որոնք առաջանում են նման իրավիճակներում»,- ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

Անդրադառնալով հումանիտար պրոյեկտներին, որոնք ներկայումս նախաձեռնվել են, վերլուծաբանն ասաց, որ դրանք կարող են իրականացվել: Սակայն, ըստ նրա՝ դրանք որևէ առաջընթացի մասին չեն խոսում կամ առաջընթաց չեն ենթադրում, եթե չկա արդյունավետ քաղաքական բանակցային գործընթաց:

«Մենք հիշում ենք, որ նման նախաձեռնություններ ժամանակ առ ժամանակ եղել են և դադարեցվել են քաղաքական պրոցեսի անարդյունավետության պատճառով»,-ասաց նա:

Խոսելով նախարարական առաջիկա հանդիպումից՝ Նեյլ Մաքֆարլեյնը կարծիք հայտնեց, որ հանդիպումները պետք է շարունակվեն. «Անկախ արդյունքներից, հանդիպումներ պետք է տեղի ունենան, հակամարտող կողմերի միջև կապը պետք է պահպանվի և լինի շարունակական»:

Տեսանյութեր

Լրահոս