Ծեծկռտուքի մասնակիցները մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ազգականներն են եղել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Կոտայք ՋՕԸ-ում` ջրօգտագործողների միությունում միջադեպ էր տեղի ունեցել։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր թեկնածուին է ցանկացել նշանակել ՋՕԸ պետի պաշտոնակատար, սակայն գյուղացիները դիմադրել են, ծեծկռտուք է սկսվել։ Մեզ մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեպքի հետ կապված, մասնավորապես՝ ՋՕԸ-ի նոր պետը՝ Գուգո Օսիպյանը, Ռոմանոս Պետրոսյանի մորաքրոջ տղան է, այդ պաշտոնում նրա նշանակմանը օգնել է Պետրոսյանի մեկ այլ բարեկամ Պավել Ցուգունյանը՝ մականունը՝ Պաշ։ Նա նախկինում նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, այժմ նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն, նա մարզպետի կնոջ ազգականն է։ Գուգոն նույնպես վարորդ է եղել, տաքսի է վարել։
Մեզ հասած տեղեկություններով՝ Նոր Գեղի համայնքի բնակիչները ցանկացել են զրուցել Գուգո Օսիպյանի հետ, սակայն վերջինս չի ուզեցել լսել նրանց, վիճաբանություն է սկսվել և գյուղացիները Օսիպյաին ծեծի են ենթարկել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Միջադեպին խառնվել են ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, որոնց, ըստ որոշ տեղեկությունների, հենց մարզպետն է հրավիրել։
Կոտայքի մեր աղբյուրը նաև հայտնեց, որ Ռոմանոս Պետրոսյանը դեպքի առնչությամբ իր շտաբում ժողով է հրավիրել, որպեսզի կողմերին հորդորի՝ հերքեն իր հետ այդ անձանց ազգակցական կապերը։ Հետագայում նաև մենք ստացանք նշված ժողովից կադրեր։
Թեմայի առնչությամբ փորձեցինք կապվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։ Նույն կերպ մեր զանգերին չպատասխանեց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը։ Փորձեցինք դեպքի վերաբերյալ մանրամասներ ստանալ ոստիկանությունից, սակայն մեզ ասացին, որ ավելին, քան հրապարակել են իրենց հայտարարության մեջ, ասել չեն կարող։
Իսկ հայտարարության մեջ ասվում է հետևյալը․ «նոյեմբերի 12-ին կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև։ Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել և օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում։ Հոդվածում հիշատակված դանակահարության վերաբերյալ ոստիկանություն տեղեկություն չի փոխանցվել ո’չ որևէ բուժհաստատությունից, ո’չ հաղորդում տված անձից, ինչպես և դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: