Խնամքի կենտրոնի 82 սան կարող է սոված մնալ, եթե բարերարներ չհայտնվեն, իսկ մատակարարներն էլ դադարեցնեն «նիսյայով» սնունդ հասցնելը
Գյումրու «Թռչունյան» խնամքի կենտրոնի 82 սան սպասում է բարերարների օգնությանը, որ կարողանա սոված չմնալ, կրթվել, իսկ ձմեռն էլ անցկացնել տաք սենյակներում։ Արդեն 5 ամիս է՝ այս խնամքի կենտրոնը զրկվել է տարեկան 72 միլիոն դրամի ֆինանսավորումից, որը կենտրոնին հատկացնում էր բարերարների մի խումբ։
«Բարերարների խումբ կար, որն ուներ հիմնադրամ, և նրանց կողմից ամեն տարի մեզ հատկացվում էր 72 միլիոն դրամ, և այսպես՝ 16 տարի։ Այդ հիմնադրամի միջոցները ուղղվել են մեր խնամքի կենտրոնում ապրող երեխաների կրթությանը, դաստիարակությանը, նրանց ապրուստին, իսկ հիմա, երբ այդ ֆինանսավորումը դադարեցված է՝ այլևս ոչ մի միջոց չունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Սոնա Սիմոնյանը։
Վերջինիս խոսքով՝ իրենք հայտնվել են անելանելի վիճակում, որն է՛լ ավելի կսրվի ձմռանը, երբ առաջանա նաև կենտրոնը ջեռուցելու խնդիրը։
«Որպեսզի երեխաները սոված չմնան, մեզ աջակցում են մեր մատակարարները. արդեն մի քանի ամիս է՝ նրանք երեխաներին սնունդ են հասցնում՝ առանց մեր կողմից անհրաժեշտ վճարումների. նրանց երախտապարտ եմ այդ օգության համար։ Բայց այսպես ինչքա՞ն կարող է շարունակվել, չէ՞ որ նրանք էլ իրենց խնդիրներն ունեն։ Հիմա էլ ձմեռն է մոտենում. ինչպե՞ս ենք ջեռուցելու կենտրոնը, հարցական է»,- ասաց տնօրենը՝ նշելով, որ հույսեր է կապում Մայր Աթոռի հետ, որը մշտապես կենտրոնի կողքին է։
«Մայր Աթոռն ամեն ինչ անում է, փորձում է գտնել բարերարներ, որ կարողանանք մեր երեխաներին այս վիճակից հանել։ Իսկ կառավարության ղեկավարի մոտ խնդիրը չենք բարձրացնի, որովհետև տեսնում ենք, որ գիշերօթիկները լուծարում են, երեխաներին ուղարկում ընտանիքներ։ Այո՛, երեխայի համար իդեալականն ընտանիքի մոդելն է, բայց այստեղ կա մի մեծ և չլուծված հարց. կան երեխաներ, որոնք տեղ չունեն գնալու, քնելու տեղ անգամ չեն ունենա, եթե այդ կենտրոններից դուրս գան, հետևաբար՝ նախ պետք է հզորացնեին ընտանիքները, լուծեին իրենց սոցիալական խնդիրները, որից հետո երեխաները կգնան այնտեղ. կարծում եմ՝ պետությունը շտապել է»,- ասաց Սիմոնյանը։
Գյումրու լքված թաղամասում տեղակայված և երեխաների համար կրթություն ստանալու միակ վայրը հանդիսացող այս կենտրոնը կենսական նշանակություն ունի նաև տարածքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։
«Մեզ մոտ կան տարբեր խմբակներ, որտեղ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները կարողանում են բան սովորել, կրթվել և զարգանալ»,- ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Մայր Աթոռից բացի, իրենց կենտրոնի սաների համար հոգ է տանում նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
«Միակ մարդ, որը օգնեց այս վատ վիճակում, մեր քաղաքապետն է՝ պարոն Բալասանյանը։ Հենց լսեց, որ երեխաները մրսում են, իսկ վաղն էլ կարող են մնալ սոված, կենտրոնի հաշվին գումար փոխանցեց, որն էլ մենք փոխանցեցինք այն խանութներին, որտեղ կուտակել էինք պարտքեր։ Իհարկե, ամբողջ պարտքը չփակեցինք, բայց մի մասը վճարելով՝ հնարավորություն ունեցանք նորից ուտելիք հասցնել երեխաներին»,- ասաց Սոնա Սիմոնյանը՝ նշելով, որ Մայր Աթոռի նման՝ Սամվել Բալասանյանը ևս փնտրում է բարերարներ, որոնք կստանձնեն կենտրոնի ֆինանսավորումը։
ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ