Մարդկային ռեսուրսի հանդեպ անտարբեր ենք
Անցած շաբաթ դպրոցներում արձակուրդ էր։ Սովորաբար արձակուրդի ընթացքում ուսուցիչների համար իրականացվում են տարբեր սեմինարներ, վերապատրաստման ծրագրեր։ Այդ ամենը լավ հնարավորություն է՝ հանդիպելու ուսուցիչների հետ, քննարկելու մասնագիտական հարցեր, հասկանալու ուսուցիչների խնդիրները։ Մի քանի ծրագրերի շրջանակներում ուսուցիչների հետ հանդիպումներից հետո հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստանում ունենք շատ լավ ուսուցիչներ, որոնք շարունակում են մնալ աննկատ։ Հայաստանը շարունակում է մնալ թաքնված տաղանդների երկիր։ Եվ դրա համար կան մի քանի պատճառներ։ Պատճառներից մեկն այն է, որ լավագույն մասնագետները չեն սիրում իրենց գովել, «մեջ գցել», ի ցույց դնել իրենց իմացածը։ Այդ մարդիկ պարզապես սիրում են իրենց գործը, սիրված են իրենց աշակերտների կողմից, և այդ ամենը նրանց որոշակի ներքին բավարարվածություն է պարգևում։ Մարդը մի տեսակ չի ձգտում ավելիին։
Հիմա Հայաստանում հարմար պահ է լավ մասնագետներին բացահայտելու և նրանց դրսևորվելու մեծ հնարավորություններ տալու համար։ Եթե այս խնդիրը չլուծենք, առանձնապես մեծ առաջընթաց չենք կարող ունենալ։ Բայց հարց է առաջանում, թե ո՞վ պետք է անի այս գործը։ Ուսուցիչների հետ ակտիվ աշխատող հաստատություններ չունենք։ Ոչ մարզպետարանները, ոչ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն (ԿԳՄՍ) ու իր ենթակայությամբ գործող հիմնարկներն ուսուցիչների հետ մոտիկից չեն աշխատում։ Այս խնդիրը կարող էր լուծել «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթը։ Բայց նախարարությունը պատշաճ ջանք ու ժամանակ չներդրեց այս մրցույթը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Այն դիտվեց՝ որպես հերթական միջոցառում, ոչ թե՝ շնորհալի ուսուցիչներ բացահայտելու և նրանց ներուժը խելամիտ օգտագործելու միջոց։ Դրա փոխարեն՝ դպրոցներին հիմնականում ստուգում են ու հաշվետվություններ պահանջում։ Թուղթն է կարևոր, ոչ թե մարդը։ Իսկ երբ ինչ-որ մի առիթով, ինչ-որ մի ծրագրի մասնակցելու համար զանգում են դպրոցներ և խնդրում ինչ-որ մեկի թեկնածությունն առաջարկել, ոչ մի երաշխիք չկա, որ լավագույնների անուններն են տալիս։
Ու հիմա Հայաստանում մի թեզ է շրջանառվում, որ կրթության ոլորտում լավ մասնագետներ չկան, կամ դրանց թիվը շատ քիչ է։ Գուցե։ Բայց ի՞նչ ենք մենք արել այդ մասնագետներին բացահայտելու, աջակցելու և համախմբելու ուղղությամբ։ Նմանատիպ ոչ մի նախաձեռնություն չի եղել։ Որոշ ուսուցիչների պարգևատրել են, ոմանց՝ ուղարկել արտերկիր, մյուսների մասին՝ ֆիլմ նկարահանել։ Բայց սրանք անցողիկ բաներ են և ոչ մի ձևով չեն նպաստում համակարգի զարգացմանը։
Վերջին մեկ շաբաթում առիթ ունեցա շփվելու ուսուցիչների երեք խմբի հետ։ Կարող եմ ասել, որ շատ բան սովորեցի նրանցից։ Բայց երբ այդ ուսուցիչներին հարցնում էի, թե երբևէ պարգևատրվե՞լ են, կամ նկատվե՞լ է նրանց աշխատանքը, պատասխանը հիմնականում ժխտական էր։
Օրինակ՝ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի դպրոցի փոխտնօրեն, Հասարակագիտություն առարկայի ուսուցիչ Մելանյա Մելքոնյանը գարնանը պատրաստվում է գնալ կենսաթոշակի։ Լսում էի տիկին Մելքոնյանի ելույթը։ Ասում է, որ իր աշակերտներին քիչ է սովորեցնում, որպեսզի նրանք կարողանան սովորել։ Բայց սովորեցնում է կարևոր բաների մասին, քանի որ հասկացել է, որ խնդիրը շատ սովորեցնելը չէ, այլ՝ կարևորը սովորեցնելը։ Ոսկեվազում աշխատող ուսուցիչը տեղում իրականացնում է այն մոտեցումը, որը Սինգապուրի կրթական համակարգին հաջողություն բերեց։ Հայտնի է, որ Սինգապուրի կրթության համակարգի կարգախոսն է՝ «Ինչքան քիչ սովորեցնես, այնքան շատ կսովորեն»։ Աշակերտներին հաճախակի հարցեր է տալիս։ Բայց աշակերտները ոչ թե ձեռք բարձրացնելով են պատասխանում, այլ ուսուցիչն ինքն է որոշում, թե ով որ հարցին պատասխանի։ «Իմ բոլոր աշակերտները պետք է ներգրավվեն դասին։ Եթե ձեռք բարձրացնելով լինի, քչերը կմասնակցեն։ Ես գիտեմ, թե որ աշակերտին ինչ բարդության հարց տամ»,- ասում է տիկին Մելքոնյանը։ Փաստորեն, մեր ուսուցիչն անում է մի բան, որի մասին գրում է աշխարհի լավագույն մանկավարժներից մեկը՝ Դուգ Լեմովը։ Սա մանկավարժության ամենահետաքրքիր բաներից մեկն է։ Մարդիկ կարող են հսկայական գումարներ ծախսել ինչ-որ բաներ սովորեցնելու վրա։ Ու մեկ էլ տեսնում ես, որ քո երկրի գյուղական ուսուցիչն այդ ամենն անում է։ Ու ոչ ոք չգիտի այդ մասին։
Մյուս ուսուցիչը Սևանի ավագ դպրոցի ուսուցիչ տիկին Վարդգեսյանն է։ Հաճախ մարդիկ բողոքում են, որ դպրոցում իրենց սովորեցնում են տեսական բաներ, որոնք անհնար է կիրառել կյանքում։ Օրինակ՝ Մաթեմատիկայի մասին հաճախ հեգնական տոնով ասում են, որ, թեև դպրոցում սովորել են Sin, Cos-ի մասին, բայց կյանքում չեն կիրառել այդ գիտելիքը։ Եվ այստեղից սխալ եզրահանգում է արվում, որ մեզ տեսական բաներ պետք չեն, և պետք է սովորենք կիրառական բաներ։ Տիկին Վարդգեսյանը գտել է այս հարցի պատասխանը և այդ մասին ասում է իր աշակերտներին։ Նա ասում է, որ պարտադիր չէ՝ սովորածդ ամեն բանը կյանքում կիրառես։ Կան բաներ, որոնք պետք է սովորես, քանի որ դրանք մարզում են քո ուղեղը, զարգացնում են քո մտածողությունը։ Ու եթե ուղեղդ զարգացած է, ապա դա արդեն լավ է։ Բացի այդ, երբեք չգիտես, թե ինչը պետք կգա քեզ կյանքում։ Այս իմաստով հիշեցի հայտնի գործարար Սթիվ Ջոբսի պատմություններից մեկը։ Համալսարանում սովորելու ընթացքում նրան ուղարկում են ամառային լրացուցիչ դասընթացների։ Դասընթացներից մեկը Գեղագրությունն է լինում։ Այդ պահին Ջոբսը մտածում է, որ այդ դասընթացն իրեն երբևէ պետք չի գա։ Բայց տարիներ անց նա խոստովանում է, որ Գեղագրության դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները մեծ դեր խաղացին Apple ընկերության դիզայներական լուծումներում։
Ահա այսպիսի հետաքրքիր ուսուցիչներ ունենք մեր երկրում, ովքեր փոքր աշխատավարձ են ստանում, բայց մեծ մասշտաբով են մտածում։ Այսպիսի մարդկային ռեսուրս ունենք երկրում, որի հանդեպ անտարբեր ենք, որը չենք նկատում։ Կրթության ոլորտի կառավարիչները պետք է հանքափորի աշխատանք անեն։ Շատ դեպքերում ասպարեզում երևացող մարդիկ չեն լավագույն մասնագետները։ Պետք է գնաս մարզեր, գյուղեր, դպրոցներ, պետք է ժամանակ անցկացնես այնտեղ։ Միայն այդ դեպքում կգտնես քո երկրի իրական մարդկային ներուժը։ Այդ մարդկանց հրավերներով, հայտարարություններով ու զանգերով չես կարող գտնել։