90-ականների վերջին իշխանությունները դիմագրավում էին Հայոց պատմության դեմ արշավը, Փաշինյանն աջակցում է

Այս օրերին երկրի քաղաքական և սոցիալական հարթակներում թնդացող թիվ 1 թեման, պարզվում է` ունի 20 տարվա ակունք: Հայոց պատմությունը դպրոցների առարկայական ցանկից հանելու այսօրվա իշխանության ձգտումը 1998-ին նույն սցենարով, փաստորեն, մխրճվել էր այն ժամանակվա կառավարության օրակարգ: ՅՈՒՆԵՍԿO-ն ՀՀ կառավարությանն առաջարկել է համատեղ ստեղծել նոր դասագիրք:

Մասնավորաբար՝ շրջանառությունից հանել  Հայոց պատմություն առարկայի դասագիրքը՝ փոխարենը հանրակրթական դպրոցների դասացանկում ներառել հարավ-կովկասյան ժողովուրդների պատմության նոր դասագիրք, որն իբրև ՀՀ կառավարության հետ համատեղ ծրագիր՝ պիտի մշակվեր հենց իրենց ֆինանսավորմամբ: Եվ այս առաջարկը միջազգային կազմակերպությունն անհեռատես հաշվարկով արել էր մի նախարարի, որը ոչ միայն պահպանողական ՀՅԴ կուսակցության կազմից էր, այլ նաև ուներ թիրախավորված առարկայից գիտական աստիճան՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ էր:

Կրթական ոլորտը համակարգող նախարարության հնաբնակները, որոնք ճակատագրի հեգնանքով՝ նույն վայրում այսօր աշխատում են  Արայիկ Հարությունյանի ենթակայությամբ, լավ են հիշում, թե ինչ պրոտոկոլային ճնշումների էր ենթարկվում այն ժամանակ իրենց նախարարը, կառավարությունն առհասարակ, բայց առանձնակի մեծ հպարտությամբ են հիշում կառավարության դիրքորոշումը, երբ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտնեց մի մեծ կոնֆերանսի ժամանակ և, ըստ էության, դրանով վերջ դրվեց Հայոց պատմության դեմ դրսից եկող արշավին:

1998-ի աշնանը թեմայի շուրջ Ծաղկաձորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավիրած մեծ կոնֆերանսի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր՝ «անհնար է բազմադարյա պատմություն ունեցող հայերի պատմությունը նույն դասագրքում մեկտեղել նորաստեղծ ադրբեջանական պետության կարճ հիշողության  ու հարևան Վրաստանի պատմության հետ»:

Եվ հետաքրքիր է, որ այն ժամանակ հանրային ճնշման կարիք չի եղել, այն ժամանակ իշխանությունը խնդրի հետ առերսվելիս, չի համակերպվել, ինչպես այսօրվա «թավշյա» հեղափոխականները, որոնց մեծ մասը հենց Հայոց պատմության դեմ արշավ նախաձեռնած արտաքին ուժին են հարում:

Ասում են՝ 90-ականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ շուրջ մեկ տարի տևած պայքարը ձախողվել է հենց կառավարական շենքերի կուլիսներում՝ առանց ավելորդ աղմուկի:

Հիշեցնենք, այն ժամանակ երկրի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, վարչապետը՝ Արմեն Դարբինյանը, իսկ կրթական ոլորտը համակարգում էր ՀՅԴ-ական նախարար Լևոն Մկրտչյանը, այսինքն՝ այն նույն Դաշնակցությունը, որն այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն է պահանջում, իսկ վարչապետ Փաշինյանը նրանց հորդորել է չխոսել ընդհանրապես՝ կրթական ոլորտը հենց Դաշնակցությունն է ապականել:

Մի ուշագրավ փաստ ևս. 20 տարի առաջ Հայոց պատմություն առարկայի դեմ արշավին կոշտ արձագանքել է ակադեմիական կորպուսը, և  ԿԳՆ-ի դիմագրավումը մեծապես իր վրա է վերցրել նախարարության Բարձրագույն կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանը, որը ներկայիս ԿԳՄՍ սորոսական փոխնախարար Արևիկ Անափիոսյանի մորեղբայրն է: Հիշեցնենք, Արևիկ Անափիոսյանն այսօր իշխանության ձեռնարկած նույն հակահայ գործընթացում ունի առանցքային դերակատարում և, հավանաբար, չձախողելու երդում:

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս