Դիլետնատ որոշման հետքերով
Հայ ազգի ծագումնաբանությանը և ողջ գենետիկ էությանը ծանոթանալուց հետո գիտակից մարդը գալիս է մի կարևոր եզրահանգման․ անկախ նրանից, թե պետության ներսում ինչ պետական կարգ է կամ ինչ պետական համակարգ է իշխում (նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական) հայ ազգի կողմից ամենակատարյալ կառույցը և հիերարխիկ կառուցվածքը, որը ստեղծվել է՝ Հայ առաքելական եկեղեցին է, և, համապատասխանաբար, եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերն ու կառավարման սխեմաները։
Տրամաբանական է նաև, որ այդ հաստատության 1700-ից ավելի տարիներն ապացուցում են, թե ինչքան հստակ սխեմաներ են աշխատում այնտեղ։
Վերջին շրջանում շատ է խոսվում պետության ու ազգային արժեհամակարգերի մասին, նշվում, թե ինչն է առաջնային ու գերկարևոր ազգի ինքնության ու սեփական ինքնագիտակցության պահպանման հարցում։ Տարիներ շարունակ կրոնի ու եկեղեցու դերը ոչ միայն նվազեցվեց այլ ամբողջովին մղվեց հետին պլան, և հանրությունը մի տեսակ կտրվեց իր արմատներից ու հավատամքից։
Վերջին տարիներին, երբ որոշում ընդունվեց հանրակրթական դպրոցներում մտցնել Հայ եկեղեցու պատմություն առարկան՝ որոշակի հույս հայտնվեց, որ դա ժեստ է՝ հանրության շրջանում կրոնական ճիշտ դաստիարակություն և ազգային հավատի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու հարցում: Սակայն այն քաղաքական կուրսը, որ որդեգրել է գործող քաղաքական իշխանությունը՝ ամբողջովին ի դերև արեց բոլորիս սպասումները։
Տեղի ունեցածից կարող ենք փաստել հետևյալը․ ՀՀ գործող իշխանությունները բացահայտ հարձակում են գործում Հայ եկեղեցու պատմություն առարկայի հանդեպ, այդ հարձակման առաջին փորձը կատարվել էր դեռևս 2014-ին, երբ միջազգային կառույցներից բերվել էր զեկույց, ըստ որի՝ պետք է դպրոցական ծրագրերից հանվեին Եկեղեցու պատմություն և նախնական զինվորական պատրաստակամություն առարկաները։
Այդ ժամանակ այդ գրոհը կասեցվեց, ավելին՝ հիշյալ առարկաների ժամաքանակները դպրոցներում ավելացվեցին։
Եվ դա պատահական չէ, քանի որ յուրաքանչյուր երեխա դեռևս դպրոցից պետք է ունենա իր ազգային կլեյմոն, որպեսզի հետագայում կարողանա պահպանել իր ազգային դիմագիծն ու էությունը։
Հայ եկեղեցու պատմության առարկան դպրոցական երեխային քրիստոնեական բարոյագիտության ճիշտ դաստիրակման կարևորագույն բաղադրիչներից է։ Այս փաստը չի կարող այսպես՝ «ոտքի վրա», հնթացս ընդունվել և գնալ առաջ, սա պետք է հանրյանին լայն քննարկման առարկա դարձնել և հանգամանլից հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն ու հետևանքները։
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանն իր պարզաբանման մեջ նշում է, որ «առարկայի հարցը կամ պետք է վերանայել՝ համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին կամ ինտեգրել հայոց պատմությանը»: Այստեղից հետևություն՝ եթե համապատասխանեցնենք միջազգային ստանդարտներին, ապա դա նշանակում է՝ կրոնական քարոզչություն չպետք է լինի, հոգեորսություն և այլատյացություն այլ կրոնների հանդեպ։ Ստացվում է ի՞նչ, այսօրվա կրթության պատասխանատուն ասում է, որ այսօր դասավանդվող առարկան փաստորեն խախտում է այս երեք սկզբունքները, սա կատարյալ դատարկաբանությունից բացի, այլ բան չի կարելի որակել, սա հակազգային ու հակապետական մտածելակերպ է, որը չի կարող ընկալվել գիտակից հայի կողմից։
Այսինքն՝ ստացվում է, որ դպրոցներում դասավանդելով Հայոց պատմություն, մենք այլատյացությո՞ւն ենք քարոզում կամ՝ դպրոցում կրոնական քարոզչությո՞ւն է կատարվում։ Սա աբսուրդ է։
Ինչքան էլ իշխանությունների սատելիտ «վերլուծաբաններն» ու «փորձագետները», ինչպես նաև ֆեյքերի բանակը փորձեն հեգնել ու սարկազմի դաշտում «քննարկեն» այս թեման, միևնույնն է՝ հարցն իրականում իրենից լուրջ պրոբլեմ է ներկայացնում։ Այստեղ հարցը ոչ թե եկեղեցուն պաշտպանելն է, այլ ազգային դաստիրակչության գերկարևոր լինելը։
Ի դեպ՝ այս ֆոնին հետաքրքիր է փաստել նաև այն, որ երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի մասնակիցների հետ:
Այցի ընթացքին հետևելով՝ պարզ դարձավ, որ ոչ մի հոդաբաշխ ու ադեկվատ մեկնաբանություն չհնչեց, ընդամենը դեկլարատիվ ու պաթետիկ հայտարարություններ։ Փաշինյանը նշել է, որ իր համար հոգևոր արժեքները, հոգևոր կյանքը, հոգևոր բովանդակությունը չափազանց կարևոր են, և դա համարում է իր քաղաքական գործունեության և կյանքի անբաժանելի մասը:
«Ես ընդհանրապես համարում եմ, որ քաղաքական գործունեությունն ինձ համար իմաստ չէր ունենա, եթե այդ շատ կարևոր կոմպոնենտը տեղ չզբաղեցներ այդ գործունեության մեջ»,- ասել է նա:
Եվ սա ասում է մի գործիչ, ում իշխանության օրոք եկեղեցու նկատմամբ մի ամբողջ գրոհների շքերթ սկսվեց, ընդհուպ այն աստիճանի, որ տարբեր անձինք հարձակվել էին Վեհարանի վրա, ապա շրջափակել Ամենայն հայոց հայրապետի ավտոմեքենան։ Եթե շարժվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, ապա իր «հեղափոխությունը» պետք է հասնի նաև հոգևոր աշխարհ և այնտեղ նույնպես ստեղծի «թավշյա եկեղեցի», որը կլինի ավելի հանդուրժող աղանդների ու Ստամբուլյան կոնվենցիայի հանդեպ, այլ ոչ թե հանդես գա հայտարարություններով՝ դառնալով գործող իշխանությունների աչքի փուշը։
Արմեն Հովասափյան