Ստամբուլյան կոնվենցիայից՝ մինչև Հայոց եկեղեցու պատմություն

Ստամբուլյան կոնվենցիան չպե՛տք է վավերացվի, այն հակասում է և՛  մեր Սահմանադրությանը, և՛ մեր ազգային ինքնությանն ու ավանդություններին»,- 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսօր ասաց Տեր Մարկոս քահանան։

Այսօր մինչ Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Վերոնիկա Բելկովան և Գրևիոյի նախագահ Մարսելին Նաուդին փակ ընթացակարգով հանդիպում էր ԱԺ մշտական հանձնաժողովների անդամների հետ, Ազգային ժողովի մոտ տեղի էր ունենում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ակցիան:

Տեր Մարկոս քահանայի խոսքով. «Եթե եկել են տաբուներ և կարծրատիպեր կոտրելու, ստացվում է՝ դրսի ժողովուրդն է դրանց կրողը, իսկ այդ դեպքում թող հրավիրեն ներս ու նրանց լսեն։ Ես սատարում եմ այն, ինչը կատարվում է դրսում, մարդիկ դեմ են Ստամբուլյան կոնվենցիային, և սկսած մեր կառավարությունից՝ վերջացրած դրսից ժամանած հյուրերով, պետք է լսեն այդ մարդկանց»։

Հարցին, թե՝ ըստ մամուլի հրապարակումների՝ մեր Կառավարության ղեկավարը դեռևս սեպտեմբերի 13-ին հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ և՛ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու, տեր Մարկոսն ասաց.

«Եթե այդպիսի խոսք իսկապես եղել է. ուրեմն թող բոլորն էլ պատրաստ լինեն հակառակ կողմից գործողությունների՝ խաղաղ բողոքի առ այն, որ մենք դեմ ենք և չենք ընդունի։ Բայց եթե մի օր վավերացվի, ինչպես որ վավերացնեն, այնպես էլ հակառակ գործընթացով ետ կկանչեն. չէ՞ որ ամեն ինչ կախված է ժողովրդի կամքից»:

Տեր Մարկոսն անդրադարձավ նաև վերջին օրերին քննարկվող թեմաներից մեկին՝ դպրոցներում դասավանդվող Հայոց եկեղեցու պատմություն առարկայի հետագա ճակատագրին:

«Առարկայի վերաբերյալ Արևիկ Անափիոսյանի կարծիքն ինձ համար զարմանալի է և տարօրինակ։ Վստահ եմ, որ նա տեղյակ է, որ 2002 թվականից սկսած Մայր Աթոռի և Կառավարության միջև կա կնքված համաձայնագիր, ըստ որի՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան պետք է ընդգրկվեր 4-10-րդ դասարանների ուսումնական պլանի մեջ, և այդպես էլ արվեց, իսկ այդ համաձայնագրի մեջ նշված է, որ բոլոր հարցերը քննարկվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի հետ, որի հետ որևէ քննարկում՝ առարկան հանելու կամ այլ առարկայի մեջ բաշխելու մասին, չի եղել»,- ասաց տեր Մարկոսը։

Քահանայի խոսքով՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկան անկարելի է ներառել Հայոց պատմություն առարկայի մեջ, ուստի այդ քայլն անելու դեպքում մենք կունենանք մատուցվող նյութի և դրա ընկալման հարցում որակական կորուստ։

«Իսկ եթե մեր ընդդիմախոսներն ասում են, որ կրոնական քարոզչություն է իրականացնում, ապա պետք է նրանց հիշեցնեմ, որ եկեղեցու ամբողջ հիմքը Քրիստոսն ու Սուրբ Գիրքն է, անկարելի է խոսել Հայոց եկեղեցու պատմության մասին և չասել, որ Աստված պատգամ է տվել, որ մարդիկ սիրեն իրար, հարգեն իշխանություններին, չխաբեն, հարկեր վճարեն»,- ասաց քահանան՝ ընդգծելով, որ, եթե անգամ դժգոհողներ կան, միևնույն է, նրանք փոքրամասնություն են կազմում։

«Ստամբուլյան կոնվենցիայից սկսած՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայով վերջացրած՝ տենդե՞նց է փոքրամասնության շահերը պաշտպանելը, իսկ մեծամասնության շահե՞րն ով է պաշտպանելու»,- հարց հնչեցրեց հոգևորականը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս