Բաժիններ՝

«Մենք ոչ լուծում տվողն ենք, ոչ էլ գումարը». Համայնքի ղեկավարը՝ բուժքրոջը 4 տարի աշխատավարձ չտալու մասին

«Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում որպես բուժքույր աշխատող Կարինե Հարությունյանը շարունակում է պահանջել իրեն հասանելիք մոտ 428.220 դրամը, բայց այն վճարողը դեռևս չի գտնվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պետք է հարցը համայնքապետարանն ու ամբուլատորիայի տնօրենը լուծեն, համայնքապետարանն ասում է՝ դա մեր իրավասությունների ներքո չէ, տնօրենն էլ հայտնում է, որ վիճելի հարց է:

Բուժքույրն ասում է՝ չորս տարի անընդմեջ կանանց գինեկոլոգիական բժշկական սպասարկման դիմաց՝ իր փոխարեն, տնօրենի իմացությամբ, վարձատրվել է մեկ այլ բուժքույր:

««Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ում աշխատում եմ՝ որպես ընտանեկան բուժքույր: Երեք բուժքույր կա, հավասարապես սպասարկել ենք բնակչությանը: Ես ունեմ բողոք տնօրեն Նարինե Գրիգորյանի դեմ, ով իմ ու ևս մեկ բուժքրոջ գումարը չի վճարել, տվել է երրորդին: Խոսքը կանանց սպասարկման գումարի մասին է: Ամեն ամիս 10.000 դրամ է մեզ հատկացվում, իմ գրոշները կերել է:

Երբ տնօրենին ասացի, որ բողոքելու եմ, պատասխանեց՝ որտեղ ուզում ես, գնա այնտեղ էլ բողոքի, ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Այդքան դուխով է, հա՞: Ապրիլին դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին, նրանք էլ գրավոր դիմեցին Առողջապահության նախարարություն՝ նշելով, որ ես իմ հասանելիք գումարը չեմ ստացել:

ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունից եկան մշտադիտարկման, ստուգումներ արեցին, խախտումը գրեցին, համաձայն որի՝ ինձ պետք է ՀՈԱԿ-ի կողմից փոխհատուցվի շուրջ 428.220 դրամ: Գործակալության պետն ասաց՝ տար, սա համայնքապետին ցույց տուր, մարզպետարան ներկայացրու, որ գումարդ վճարի: Տնօրենն ասում է՝ ով որ գրել է, նա էլ թող քեզ վճարի, ես քեզ գումար չունեմ տալու:

Իր կողմից թույլ տված սխալը չի ուզում ընդունել: Առողջապահության նախարարությունից երկրորդ թուղթն են ուղարկել՝ ամեն ամիսը նշելով ու ասելով, որ այսքան ժամանակ չեն վճարել: Փոխանակ գյուղապետն էլ դրդի, որ վճարում կատարի տնօրենը, ասում է՝ կարող եք դատարան դիմել: Եթե նախարարությունից եկել ու ասել են, որ հարցը պետք է լուծեն, ի՞նչ դատարան, բա համայնքապետարանն էլ ինչի՞ համար է»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր Կարինե Հարությունյանը:

Զրուցել էինք նաև «Փարաքարի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրեն Նարինե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյո՞ք բուժքույրն իր հասանելիք գումարը ստացել է, թե՞ ոչ, և եթե չի ստացել, ապա ո՞րն է պատճառը:

«Գումարը դեռ չի ստացել: Ինքը գրավոր դիմել է, կպատասխանեն, այսքանը կարող եմ ասել: Վիճելի հարց է, աշխատանքային հարաբերություններ են: Սա դեռ դատարանում չի վիճարկվել»,- եղավ պատասխանը:

Քանի որ անցած ամիս Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել, ու կա նոր համայնքի ղեկավար և աշխատակազմ, փորձեցինք նրանցից պարզել, թե այս հարցը ե՞րբ է լուծվելու:

Համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն ասաց, որ դեռ քննարկում են:

«Մենք ոչ լուծում տվողն ենք, ոչ էլ գումարը: Մանրամասները կարող է հայտնել իմ տեղակալ Գոռ Սարիբեկյանը, ով հանդիպել է երկու կողմին»,- նշեց նա:

Կապ հաստատեցինք նաև համայնքի ղեկավարի տեղակալի հետ, ով հայտնեց, որ լսել են բոլոր կողմերին, և իրենց կարծիքով՝ այստեղ զուտ աշխատանքային վեճ է:

«Հրավիրել եմ ամբուլատորիայի տնօրենին, ով բացատրություն է տվել: Նրա խոսքով՝ ինքը խախտում թույլ չի տվել, այսինքն, վեճն առաջացել է այն ժամանակ, երբ ղեկավարությունը որոշել է պարտականությունը բաշխել բոլոր բուժքույրերին: Այսինքն, այն ժամանակ մեկն է կատարել աշխատանքը, հետո բաժանել են բոլորի վրա, որ հավասար ստանան: Դրանից հետո տիկին Կարինեի մոտ հարց է առաջացել, թե ինչո՞ւ նախկինում չի բաժանվել: Ամբողջ խնդիրը դա է, բայց օրենքով ոչ մի պարտավորություն դրված չէ տնօրենի վրա, որ բոլորը հավասար պետք է ունենան այդ իրավունքները:

Օրենքը հնարավորություն չի տալիս, որ ամբուլատորիայի տնօրենին պարտադրես, ասես, որ՝ պարտադիր պետք է բաշխես բոլորի վրա, կամ նախկինում ինչո՞ւ ինձ չեք տվել, հիմա պետք է վճարեք: Դա մեր լիազորություններից ու տիկին Կարինեի իրավունքներից մի քիչ դուրս է գալիս:

Առողջապահության նախարարությունից ասել են, որ սա աշխատանքային վեճ է, եկել-նայել են, որ, այո, կարող էր բոլորի միջև բաշխվել, բայց ամբուլատորիայի տնօրենն էլ ասում է՝ մի փաստաթուղթ ցույց տվեք, որը ինձ պարտադրում է, որ պետք է բոլորի միջև բաշխեմ: Նախկինում մանկաբարձ-գինեկոլոգն է ստացել այդ վճարները, ում դուրս գալուց հետո պարտականությունները դրել եմ բուժքույրերից մեկի վրա, ու միայն նա է այդ գործողությունները կատարել: Չկա որևէ իրավական ակտ: Դա իրավական բաց էլ է, կարգավորված չէ»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս